«Այս ռազմավարությունը օդից չի ծնվել միանգամից»,- «Իրազեկ քաղաքացիների միավորման» կազմակերպած հանրային քննարկման ընթացքում, անդրադառնալով Ազգային անվտանգության ռազմավարությանը, ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Նրա խոսքերով՝ ռազմավարությունը արտահայտում է այն դիրքորոշումները և արժեքները, որոնք իրենք դրսևորել են վերջին երկու տարիներին։ Նա նկատեց, որ ռազմավարության հրապարակումից երկու օր անց հնարավորություն ունեցանք ռազմավարության մեջ արտահայտված մտքերի պրակտիկ կիրառումը տեսնել․ «Ռազմավարության մեջ կա անդրադարձ Թուրքիայի ապակառուցողական դերին, և Թուրքիայի վտանգին Հայաստանի համար։ Կա հստակ անդրադարձ Ադրբեջանի՝ համար մեկ սպառնալիքը լինելուն, և կա անդրադարձ մեր արժեքային կոմպոնենտներին, այսինքն՝ ինքնիշխանությանը, համահայկականությանը և միջազգային խաղաղությանը միտվածությանը։ Եվ հուլիսյան հաղթական մարտերի ժամանակ, ըստ էության, բոլոր այս վտանգները, շահերը և համատեքստերը արտահայտվեցին»։
Ռուբեն Ռուբինյանի կարծիքով՝ վերջին երկու տարիներին Հայաստանի իշխանության վարած քաղաքականությունը և այս ռազմավարության բովանդակությունը ցույց է տալիս, որ հնարավոր է և՛ կառուցել ժողովրդավարություն, և՛ հզորացնել բանակը, և՛ գիտակցել սեփական ինքնիշխանությունը, և՛ այդ ինքնիշխանությունը ներդնել մեր շահերը պաշտպանելու գործում․ «Հուլիսյան օրերը կրկին ցույց տվեցին, որ մենք ճիշտ ենք գնահատել միջազգային իրադարձությունը կամ ուժերի դասավորածությունը ներկա պահին և դրա միտումները։ Եվ Հայաստանը տարածաշրջանային և ավելի լավ՝ տարածաշրջանային քաղաքական առումով ունի նոր մակարդակի բարձրանալու հնարավորություն։ Եվ վերջին օրերին, կարծում եմ, դրա նախադրյալները առավել քան ակնհայտ էին»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ