«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության համաժողովում ամփոփվեց կուսակցության նախորդ տարվա կատարած աշխատանքը, ընդունվեց քաղաքական նոր մանիֆեստ, որը սահմանում է ՀԱՍԱԿ-ի ծրագրային դրույթները առաջիկայի համար:
Մանիֆեստում նշվում է, որ կուսակցությունը չի ցանկանում վերադառնալ հին Հայաստան, բայց նաեւ չի ընդունում ներկայիս իշխանությունների պոպուլիզմն ու իմիտացիոն հեղափոխական հռետորաբանությունը։ Հետևապես, առաջարկվում է երրորդ ճանապարհը:
Սոցիալ-տնտեսական ոլորտում առաջնահերթ է համարվում թոշակների ամենամյա ինդեքսավորումը, «շքեղության հարկի» սահմանումը, թափանցիկ կերպով կապիտալի համաներումը, մարզերում բժշկական և կրթական հաստատությունների ֆինանսավորման ավելացումը, տաղանդավոր երիտասարդությանն աջակցելու համար հիմնադրամի ստեղծումը:
Ներքին քաղաքականությունում կուսակցությունը որպես առաջնահերթություն ամրագրել է, որ Հայաստանը հարկավոր է դարձնել հիրավի խորհրդարանական հանրապետություն, որտեղ պետական առանցքային պաշտոններում նշանակումներ կատարելիս կներդրվի պրոֆեսիոնալիզմի սկզբունքը, նվազագույնի կհասցվի քաղաքական ազդեցությունը ուժային կառույցների վրա, իսկ վտանգավոր «անցումային արդարադատությունից» ու «վեթինգից» պետք է հրաժարվել:
Կարդացեք նաև
Արտաքին քաղաքականության ոլորտում կուսակցությունն առաջարկում է ձեռնպահ մնալ Արցախյան հիմնախնդրի նկատմամբ պոպուլիստական հռետորաբանությունից և համադրել խելամիտ դիվանագիտության ու ռազմական զսպման սկզբունքները, հետեւողական և կանխատեսելի քաղաքականություն վարելով՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում վերականգնել վստահության մթնոլորտը, զարգացնել տնտեսական եւ հումանիտար կապերը ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ՝ ոչ մի վնաս չհասցնելով հայ հասարակության ավանդական արժեքներին եւ մեր երկրի ֆինանսական անկախությանը:
Կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը նշեց, որ 2016-ին հիմնադրված կուսակցությունը որոշակի ճանապարհ է անցել՝ մշտապես կառուցողական ձևով իշխանությունների և հասարակության ուշադրությունը հրավիրելով երկրում առկա հրատապ խնդիրներին: Այդ փորձը թույլ է տալիս սահմանել նոր, ավելի հավակնոտ առաջնահերթություններ:
«Այն ցավալի իրավիճակը, որը ձևավորվել է երկրում կորոնավիրուսի համաճարակի արդյունքում, ինչպես նաև կառավարության կողմից ձեռնարկված հակաճգնաժամային միջոցառումների անարդյունավետության պատճառով, մեզ ստիպում է ավելի ակտիվ մասնակցություն ունենալ երկրի քաղաքական կյանքում: Միևնույն ժամանակ, Հայաստանն այսօր համաճարակի դեմ պայքարում ազգային միասնության կարիք ունի, քանի որ չարիքը դեռ չի պատրաստվում նահանջել», – ասաց նա:
Ըստ Ղուկասյանի, այսօր մենք ականատեսն ենք դառնում, որ ազգային միասնությանն աջակցելու և հասարակության ու պետության հիմնախնդիրները լուծելու փոխարեն, իշխանությունները գերադասում են լուծել իրենց նեղ անձնական խնդիրները` կառավարման համակարգն առավել կենտրոնացնելու համար:
Կուսակցության անդամները անդրադարձան երկրի առջեւ ծառացած այլ մարտահրավերներին, նշեցին դրանց դեմ պայքարելու ուղիները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ