Լրահոս
Օրվա լրահոսը

2021 թվականի հոկտեմբերի 14-ին կվիճարկվի ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ներման հրամանագիրը

Հուլիս 25,2020 15:00

2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանվեց 27-ամյա Կարեն Եսանյանը` Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն: 2018 թվականի մարտի 31-ին ներում շնորհվեց 14 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված Հարություն Սարգսյանին ու, ըստ էության, 4 ու կես տարի ժամկետով կրճատվեց նրա ազատազրկման ժամկետը։

Կարեն Եսայանի մայրը` Անահիտ Իսկանդարյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե տասնյակ նամակներ է ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով իր իրավասության շրջանակներում չեղյալ համարել Սերժ Սարգսյանի կողմից շնորհած ներումը, լրատվամիջոցներին, որոնք հրաժարվում են տպագրել որդեկորույս մոր խոսքը, իրեն ուղղված սպառնալիքների համար հաղորդում էր ուղարկել քրեական գործ հարուցելու համար, այն նույնպես մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով. «Նորմա՞լ է, որ ես նամակ եմ ուղարկում խմբագրություններ, չեն տպագրում իմ խոսքը, բայց փոխարենը նորմալ է համարվում մարդասպանին բաց թողնելը»:

Անահիտ Իսկանդարյանն ասում է. «Մինչ օրս ինձ համար պարզ չի, թե ինչո՞ւ սպանվեց որդիս: Ինչո՞ւ նրա անբասիր անունը կապվեց կլանային վենդետաների, հեղինակությունների միջեւ վրեժխնդրության հետ,  ումի՞ց իմանամ նրա զոհ դառնալու պատճառը։ Ես աշխարհ եմ կորցրել, եւ ով կարող է զգալ իմ սրտի տակ տանջող ցավը»:

Անահիտ Իսկանդարյանն ասում է, որ  հայցադիմում էր ներկայացրել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի դեմ, խնդրել է անվավեր ճանաչել 2018թ. մարտի 31-ի թիվ ՆՀ-201-Ա հրամանագիրը: Այն վարչական դատարանի դատավոր Միքայել Մելքումյանի որոշմամբ մերժվել էր: Ըստ դատարանի որոշման պատճառաբանական մասի, Հ. Սարգսյանի ներման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ նա նախկինում դատված չի եղել, արդեն կրել էր սահմանված պատժի մեկ երրորդից ավելին, դրական բնութագիր էր ստացել Երեւան-Կենտրոն ՔԿՀ պետի`  Վահե Պապոյանի կողմից:

Այս կապակցությամբ Անահիտ Իսկանդարյանն ասում է. «Տարիներ շարունակ կալանավայրերում տաղանդավոր մարդիկ են նստած, արվեստագետներ, գրողներ, նրանց համար ՔԿՀ պետերը դրական բնութագիր չեն տալիս, իսկ այս գործով տվել են որդուս կյանքը խլածին»:

Նշեմ, որ Երեւան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկի պետի կողմից դեռեւս 2018թ. հուլիսի 18-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացվել միջնորդություն` դատապարտյալ Հարություն Սարգսյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը քննարկելու վերաբերյալ, որն էլ ըստ հայցվոր կողմի, հիմք է հանդիսացել ներում շնորհելու հրամանագրով պատժաչափի կրճատման համար:

Տուժող Անահիտ Իսկանդարյանը դիմել էր ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին, ներման հրամանը, հրամանի հիմք-փաստաթղթերի պատճենները ստանալու համար, սակայն նրան ամբողջական փաթեթը չէր տրամադրվել: Նա 2018թ. սեպտեմբերի 26-ին դիմել էր ՀՀ ազգային արխիվ, նշյալ հրամանն իր կից փաստաթղթերով ստանալու համար, որն ի դեպ, տրամադրվել էր նշյալ տարվա  հոկտեմբերին:

Իսկ այս փաթեթը կարեւոր էր այն պարզ պատճառով, որ Անահիտ Իսկանդարյանը ճանաչվել է տուժողի իրավահաջորդ, քրեական դատավարության գործի շրջանակներում մասնակցել է դատավարությանը, ասել իր դիրքորոշումը, ներկայացրել պահանջը: Հայցվորի կարծիքով, հրամանագիրը պատճառաբանված չէ, այն չի ապահովել իրեն լսված լինելու իրավունքը, կամայական է, համաչափ չէ: Նախագահի հրամանագիրը ոչ իրավաչափ է, քանի որ կայացվել է`առանց ապահովելու տուժողի իրավահաջորդի`լսված լինելու իրավունքը: Պատասխանող նախագահի ներկայացուցիչը հայտնել էր, որ հրամանագիրն իրավաչափ է, եւ որ ՀՀ սահմանադրության համապատասխան հոդվածը եւ ներման մասին օրենքը ուժի մեջ են մտել երկու տարի առաջ`ապրիլի իննին` ՀՀ նախագահի կողմից իր լիազորությունների ստանձնման օրը:

«Չգիտեմ, ինչի հիման վրա են ներում շնորհել,  չգիտեմ, ինչպես է, որ նախկին նախագահի հատուկ վերաբերմունքը հազարավոր բանտարկյալներից կանգ առավ այս մեկի վրա, այլեւս ապացույցն է Գյումրու հայտնի հեղինակությունների հետ կրիմինալ-կոռուպցիոն շղթայի:

Սա՞ է նոր Հայաստանը, որտեղ 27 տարեկան տղային իր նշանադրության օրը սպանածը կարող է դուրս գալ ազատություն: Բազմիցս գրել եմ Փաշինյանին՝ բաց ու փակ նամակներ, անձամբ եմ հանդիպել 2019 թվականին իրեն դրսում, զրո արձագանք եղավ Փաշինյանից: Զարմանալի է, որ Քոչարյանին առանց դատարանի որոշման երկու անգամ բանտ տարան, Մանվելին խցկեցին բանտ առանց դատարանի որոշման, իսկ որդուս սպանողին`14 տարվա դատավճռից հետո, բանտից դուրս են թողնում»,-ասում է Ա. Իսկանդարյանը:

Նա հայտնում է, որ դիմել է Շիրակի մարզի դատախազությանը, ՀՀ գլխավոր դատախազին ու մնացած բոլոր իրավապահ ատյաններին, փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին: Այս ընթացքում իր ասելով սպառնացել են նաեւ համացանցով՝ մեկնաբանություններով, ֆեյսբուքյան այդ օգտատերերի անունները ներկայացրել է Շիրակի մարզի դատախազություն:

Վերաքննիչ բողոքի քննությունը նշանակվել է գալիք տարվա աշնանը:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 24.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031