Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ԲԴԽ նախագահ. Նոր իշխանությունների համարձակությունը ներեց, նրանք բարձրաձայնեցին վեթինգի մասին․ «Հրապարակ»

Հուլիս 25,2020 13:23

Դատական համակարգում վերջին օրերին ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենում։ Բարձրագույն դատական խորհուրդն օրերս թույլ տվեց, որ քրեական հետապնդում իրականացվի սնանկության դատարանի 2 դատավորի՝ Արա Կուբանյանի եւ Գեւորգ Նարինյանի նկատմամբ։ Կուբանյանին կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժեց, իսկ Նարինյանին կալանավորեց։ Զրուցեցինք ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ։

– Դուք օրեր առաջ ասացիք՝ վեթինգը դատական համակարգում սկսվել է․ ի՞նչ ասել է վեթինգ։

– «Վեթինգն» օտարահունչ բառ է, որը թարգմանաբար հայերեն հնչելու է «զտում», իսկ եթե ավելի պարզ լեզվով ասենք, ապա վեթինգ նշանակում է մաքրել դատական համակարգը եւ ստեղծել այնպիսի դատարան, որը մեր երազանքների դատարանն է։ Ես վեթինգ ասելով՝ դա եմ հասկանում։

– Իսկ ո՞րն է մեր երազանքների դատարանը։

– Ազատ, անկախ, որը գործում է օրենքով եւ իրավունքի գերակայության սկզբունքով, եւ որը պատվեր կատարող դատարան չէ։ Իմ պատկերացմամբ՝ դա է մեր երազած դատարանը։

– Իսկ ինչո՞ւ հիմա չունենք ազատ, անկախ եւ պատվեր չկատարող դատարան։

– Ունենք, բայց միշտ դա բարելավելու կարիք ունի, եւ մենք ուզում ենք դա ավելի շատ ունենալ։ Ազատ, անկախ եւ պատվեր չկատարող դատարան ասելով՝ ես նկատի ունեմ նաեւ հանրային ճնշումներին դիմադրող եւ հրապարակում հնչեցված կարծիքներին չտրվող դատարան։ Այսօր մենք ունենք հետեւյալ պատկերը, որը շատ զավեշտալի եւ ծիծաղելի է․ մեկ քրեական գործով նախաքննական մարմինը անձին բերում է կալանքի, եւ այն դատավորը, որն այդ կալանքի միջնորդությունը լսելու է, արդեն հանրային դաշտում թիրախավորվում է։ Կեսը գրում են՝ քանի որ դատարանն իշխանությունների տակ է աշխատում, իշխանությունների կարծիքն է արտահայտում, ուրեմն կալանքը կտա, եւ հակառակ դաշտն ասում է՝ այ, դատարանը կատարում է նախկինների պահանջը, նրանց ցուցումով է աշխատում, հետեւաբար՝ կմերժի։ Դատավորը մի որոշում ունի կայացնելու՝ կա՛մ անձին կալանավորել, կա՛մ մերժել (կա՛մ գրավ կիրառել)։ Էս 2 որոշումներից մեկն ունի կիրառելու։ Եվ դատարանը, անկախ նրանից՝ ինչ որոշում էլ կայացնի, արդեն թիրախավորվելու է, եւ արդեն նշանակում է, որ դատարանը վատն է, դատավորը սխալ է, ազատ չէ, անկախ չէ եւ քաղաքական պատվեր է կատարում՝ կա՛մ նորերի, կա՛մ հների։

– Ինչո՞ւ հիմա առաջացավ վեթինգի անհրաժեշտություն՝ իշխանափոխությունից հետո, ինչո՞ւ նախորդ 10 կամ 20 տարիներին այդ մասին չէր խոսվում։

– Նոր իշխանությունն ընդամենը բարձրաձայնեց այդ ցանկությունը, դատական համակարգը զտելու, մաքրելու, ունենալու անաչառ ու անկախ դատարան։ Նման ցանկություն բոլոր իշխանություններն ունենում են, ե՛ւ նախկիններն են ունեցել, ե՛ւ ներկաներն ունեն։ Ուղղակի նոր իշխանությունների համարձակությունը ներեց, նրանք բարձրաձայնեցին, ու ավելի հնչեղ դարձավ այս հարցը։

– Վերջին օրերին աղմուկ բարձրացավ սնանկության դատարանի 2 դատավորի հետ կապված՝ ԲԴԽ-ն թույլ տվեց, որ նրանց նկատմամբ թե՛ քրեական հետապնդում իրականացվի, թե՛ կալանավորում։ Ինչո՞ւ է խորհուրդն այդպես հեշտությամբ «հանձնում» իր դատավորներին։

– Դա թյուր կարծիք է, որ ԲԴԽ-ն հեշտությամբ «հանձնում» է իր դատավորներին, բացարձակ համաձայն չեմ այդ ձեւակերպման հետ։ Երբ որ գլխավոր դատախազը ներկայացնում է միջնորդություն՝ դատավորին քրեական պատասխանատվության ենթարկելու, ԲԴԽ-ն նայում է դրա հիմնավորվածությանը կամ ոչ հիմնավոր լինելուն։ Ինչպե՞ս եք պատկերացնում, եթե նյութերով եւ ապացույցներով անձը, որը կասկածվում է հանցագործության մեջ, երեւում է, որ այդ կասկածը հիմնավոր է, ի՞նչ ասի, ասի՝ թույլ չեմ տալիս, քանի որ դատավո՞ր են։ Այսինքն՝ դատավորների համար ստեղծենք անպատժելիության մթնոլո՞րտ։ Դա՞ է մեր երազած դատարանը, որ դատավորն ինչ ուզենա, անի, եւ Բարձրագույն դատական խորհուրդն ասի՝ եթե դատավոր է, ուրեմն թույլ չեմ տալիս քրեական հետապնդում իրականացնել։ Մենք նայում ենք, եթե հիմնավոր է, թույլ ենք տալիս, եթե հիմնավոր չլինի, միանշանակ թույլ չենք տա։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031