Լրահոս
Օրվա լրահոսը

Որո՞նք են Հայաստանում առաջատար հարկատուների չփոխվելու պատճառները․ «Ժամանակ»

Հուլիս 25,2020 12:39

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հրապարակել է 2020-ի առաջին կիսամյակի (հունվար-հունիս) 1000 խոշոր հարկատուների ցանկը, համաձայն որի՝ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից, ընդհանուր առմամբ, առաջին կիսամյակում պետական բյուջե վճարվել է ավելի քան 492 մլրդ 668 մլն դրամ. սրանից հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 412 մլրդ 606 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 80 մլրդ 62 մլն դրամ:

Ըստ ՊԵԿ-ի հրապարակած տվյալների՝ հանրապետության խոշորագույն հարկատուն այսօրվա դրությամբ ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ Տոբակո» ընկերությունն է, որն այս տարվա առաջին կիսամյակում պետական բյուջե է վճարել 26.3 մլրդ դրամի հարկեր՝ նախորդ տարվա նույն կիսամյակի՝ մոտ 28.3 մլրդ դրամի դիմաց։ Այդպիսով, «Գրանդ Տոբակո»-ի հարկերը նվազել են մոտ 2 մլրդ դրամով կամ 6.9%-ով։

Երկրորդ խոշորագույն հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն է՝ մոտ 26 մլրդ դրամի հարկերով։ Ընկերության հարկերն ավելացել են 3.2 մլրդ դրամով կամ 13.9%-ով։

Խոշորագույն հարկատուների առաջին եռյակն այս տարվա առաջին կիսամյակում եզրափակում է հանքարդյունաբերությամբ զբաղվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն՝ 21.6 մլրդ դրամի հարկերով։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, ԶՊՄԿ-ի հարկերը կրճատվել են 7.9 մլրդ դրամով կամ 26.7%-ով։ Այս անկման պատճառով ԶՊՄԿ-ն նախորդ տարվա առաջատարի դիրքից նահանջել է երկու հորիզոնականով։

Թեմայի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցեց տնտեսագետ Արմեն Քթոյանի հետ:

– Պարոն Քթոյան, նախ կխնդրեմ անդրադառնաք վերոնշյալ ցուցակին` այն տեսանկյունից, թե մեր տնտեսության մեջ կառուցվածքային առումով սա ի՞նչ է նշանակում (գրեթե միշտ նույն կազմակերպություններն են առաջատարների դիրքերում՝ աննշան վայրիվերումներով), ի՞նչ հիմնավորում ունի սա:

– Դրանում արտառոց քիչ բան կա։ Հարկատուների ցանկը գլխավորում են իրենց ոլորտների առաջատարները։ Դրանք կա՛մ ենթակառուցվածքային ընկերություններ են, բնական մենաշնորհներ, որոնց ծառայություններից օգտվում է ողջ հանրապետությունը, կա՛մ խոշոր հանքահումքային ընկերություններ, կա՛մ էլ փոքր թվով խոշորագույն արտահանողներ, որոնք տիրապետում են հայաստանյան տնտեսության մասշտաբների համեմատությամբ լուրջ արտադրական հզորությունների և կարողանում են արտաքին շուկայում մրցունակ արտադրանք թողարկել։

Բնականաբար, ցանկալի է, որ առաջատարների ցանկում նոր անուններ հայտնվեն, ինչը կարտացոլի տնտեսվարող սուբյեկտների խոշորացման գործընթացի անընդհատությունը։ Դրա հիմքում, սակայն, տնտեսական մրցակցությունն է, նպաստավոր ներդրումային և գործարար միջավայրի, ինստիտուցիոնալ կայացած համակարգի առկայությունը։ Գաղտնիք չէ, որ երկար տարիներ ունեցել ենք ձևախեղված տնտեսական համակարգ, որտեղ առողջ մրցակցային հարաբերությունների մասին կարելի էր միայն երազել։ Այն պայմաններում, երբ տնտեսական գործունեությունը քվոտավորվում և կամայական կերպով կարգավորվում է ամենաբարձր քաղաքական մակարդակով, փոքր սուբյեկտների վերաճելը միջինի, իսկ միջիններից խոշորների առաջացումը խաթարվում է։ Արդյունքում տնտեսությունում կառուցվածքային կերպափոխությունների, ընկերությունների սերնդափոխության, հների հիմքի վրա նորերի առաջացման բնական գործընթացը միառժամանակ սառեցվում է։

– Պարոն Քթոյան, հիշենք, որ Ազգային ժողովը հավանության է արժանացրել շահութահարկի կանխավճարների փոփոխության վերաբերյալ կառավարության առաջարկը, որի արդյունքում հարկ վճարողները հնարավորություն ստացան չվճարելու 2020 թվականի 2-րդ եռամսյակի շահութահարկի կանխավճարները: ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանն այս մասով հայտարարել է, որ, եթե օրենսդրական այս փոփոխությունը չարվեր, ապա ակնկալում էին, որ շուրջ 30-32 մլրդ եկամուտ են ունենալու շահութահարկի կանխավճարի տեսքով: Ձեր գնահատմամբ՝ հիմա սա լա՞վ, թե՞ վատ փոփոխություն էր:

– Բիզնեսի տեսանկյունից լավ փոփոխություն էր, որովհետև շահութահարկը պետք է վճարվի շահույթի ձևավորումից հետո։ Ընկերությունը ստանում է շահույթ, որն էլ հարկվում է։ Իսկ կանխավճարի պրակտիկան ենթադրում էր, որ բիզնեսը պետք է հավելյալ ռեսուրսներ առանձնացնի, մինչև շահույթի ձևավորումը վճարի պետությանը։ Սա շրջանառու միջոցների խնդիր էր ստեղծում, սահմանափակում էր տնտեսվարող սուբյեկտների գործողության ազատությունը, նաև հակասում էր բուն շահույթի հարկման տնտեսագիտական տրամաբանությանը։

Մյուս կողմից՝ պետության տեսանկյունից այս փոփոխությունը, բնականաբար, ենթադրում է որոշ եկամուտներից հրաժարում կամ ավելի ճշգրիտ ձևակերպմամբ՝ ավելի ուշ ստացում։ Այնուհանդերձ, փոփոխությունը անհրաժեշտ էր, առողջ փոփոխություն է, կարևոր ազդակ է բիզնեսի համար։

– Ուշագրավ էր, որ հանրությանը հայտնի մի շարք խոշոր սեփականատերեր 1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակում չկային. օրինակ՝ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Հոլդինգը», բայց ցանկում կային նաև տրոհված բիզնեսներ: Սա հնարավոր ստվերի վերաբերյալ կասկածելու առիթներ տալի՞ս է:

– Հարկերից խուսափելու համար բիզնեսի տրոհման մասին կարելի է խոսել այն դեպքում, եթե տրոհման արդյունքում առաջացող սուբյեկտները գործում են հարկային այլ ռեժիմի պայմաններում, քան կլիներ միասին հանդես գալու պարագայում։ Կոնկրետ Սամվել Ալեքսանյանի օրինակով եթե խոսենք, ապա ցանկի վերին հորիզոնականներում կան իր կամ իր ընտանիքի անվան հետ կապված ընկերություններ (օրինակ՝ «Սիթի»-ն 16-րդն է՝ 4,0 մլրդ դրամ հարկի վճարմամբ, «ԱԼԵՔՍ ԷՆԴ ՀՈԼԴԻՆԳ»-ը՝ 22-րդը՝ 2,9 մլրդ դրամով, «ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ»-ը 27-րդն է՝ 2,5 մլրդ դրամով և այլն)։ Հետևաբար՝ ցանկը հարկերից խուսափելու համար բիզնեսի տրոհման մասով պնդումների համար հիմքեր չի տալիս։ Սակայն դա չի նշանակում, որ տնտեսվարող սուբյեկտները, հատկապես խոշորները, չեն կիրառում հարկերի օպտիմալացման սխեմաներ, կամ էլ դժվար է համարել, որ ստվերի դեմ պայքարն ավարտված է լիակատար հաղթանակով։ Ստվերի դեմ պայքարն անընդհատ, բարդ, որոշ առումներով՝ նուրբ աշխատանք է։ Իսկ ներկայի համար կարող ենք արձանագրել, որ նախկինի նման ստվերի ակնառու դրսևորումներ հիմա գրեթե չկան, ինչը բիզնեսից քաղաքական իշխանության տարանջատման կարևոր արդյունք է։

Դիանա ԴԱՎԹՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031