Տավուշյան էսկալացիայի եւ իրավիճակի հետ կապված Ռուսաստանի արձագանքի մասին Aravot.am-ը զրուցել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ:
-Պարոն Սիմոնյան, նախ կխնդրեի դիտարկել Տավուշի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած ռազմական գործողությունների վերաբերյալ ՌԴ ԱԳՆ հուլիսի 13-ի հայտարարությունը, որում տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող հետագա էսկալացիան անթույլատրելի է որակվում: Ռուսաստանը հակամարտող կողմերին կոչ արեց խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը: ՀԱՊԿ-ն էլ նույն կոչն արեց՝ հիշեցնելով՝ ՀԱՊԿ արտգործնախարարների խորհուրդը կողմերին քանիցս կոչ է արել զերծ մնալ սադրիչ գործողություններից: Ձեր գնահատմամբ՝ ինչո՞ւ է այս հայտարարություններում բացակայում հասցեականությունը:
-Նման դեպքերում, երբ իրադարձություններն արդեն իսկ տեղի են ունենում և անհրաժեշտություն կա արագ լուծումներ տալու, հաճախ օգտագործվում են նման ձևակերպումներ, քանզի հիմնական խնդիրը ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելն է։ Ինչպես նաև չցանկանալով կառույցները կողմ դարձնել` հետագա գործընթացներում ավելի ճկուն լինելու համար։ Կարևոր է, որ այդ արձագանքները կան, բավականին լայնամասշտաբ են և իրականում համահունչ են մեր ուժի չկիրառման և լարվածությունը դադարեցնելու տեսակետին, իսկ հետագա գնահատականներն ամեն բան տեղն են գցում։
-Վարչապետ Փաշինյանը հուլիսի 23-ին ընդգծեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ հատկապես Մոսկվան մեծ դեր են ունեցել հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի վերականգնման հարցում, նաեւ շեշտեց Ադրբեջանին մահաբեր զենքի վաճառքի բացառման կարեւորությունը: Ձեր կարծիքով՝ այս հարցում ինչպիսի՞ ուղերձ պետք է հղի Հայաստանը Ռուսաստանին:
Կարդացեք նաև
-Ասեմ, որ այդ առումով կարծես բոլորն ամեն բան հասկացել են, և բոլոր ուղերձները քննարկված են, նաև դրա ապացույցն է այն ֆորմատների լայն շրջանակը, որն ակտիվորեն ներգրավվեց այս իրավիճակի հանգուցալուծման համար։ Դա նաև իր հատուկ տեղը գտավ վարչապետի ելույթում։ Այսօր, իրոք, պետք է արձանագրել, որ Ռուսաստանն ամենակառուցողական դերն ունեցավ թե՛ ԱԳՆ մակարդակով, թե՛ Գլխավոր շտաբի պետի մակարդակով, նաև նախագահի մակարդակով։
-«Ծիրանի պատմության» հետ կապված գնահատականներ հնչեցին, թե ԵՏՄ-ն գլխավորող Ռուսաստանը չպաշտպանեց իր ղեկավարած կառույցի անդամ երկրի տնտեսական շահը: Ձեր համոզմամբ՝ որքանո՞վ էր համարժեք ՌԴ իշխանության լռությունը՝ ադրբեջանցիներին պատկանող առեւտրային խոշոր կենտրոնում հայկական ծիրանի արգելքի իրավիճակին:
-Ես դրա հետ համաձայն չեմ, ասեմ ավելին` այն, ինչպես դրսևորեց այդ իրավիճակում մեր դաշնակից երկիրը, հաճելիորեն զարմացրեց, քանզի մինչ այժմ` իբր գովաբանված եղած հարաբերությունների ժամանակահատվածում, քաղաքային իշխանությունները, օրինակ, այդպես արագ չէին արձագանքի, պետական համար մեկ հեռուստալիքը նման խնդրին այդքան հնչեղություն չէր տա, որը, ի դեպ, ըստ որոշ կարծիքների` շատ միակողմանի հայամետ էր։ Այստեղ նաև ուզում եմ առիթից օգտվելով` շնորհակալություն հայտնել մեր ռուսաստանաբնակ հայրենակիցներին, ովքեր ամեն կերպ աջակցեցին մեր ներկրողներին։
-Հուլիսի 24-ին, ըստ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության, նախարար Լավրովը հանդիպել է ՌԴ-ի հայ եւ ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ, կարեւորել ՌԴ քաղաքացիների իրավունքների խախտման դեպքերի կանխարգելման ուղղությամբ համատեղ բացատրական աշխատանքը: Հաջորդիվ, սակայն, Մոսկվայում հայերի եւ ադրբեջանցիների մասնակցությամբ ծեծկռտուքն ավարտվել է ձերբակալություններով. գիշերն ադրբեջանցիները ջարդել են հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաներ, ծեծել մի տարեցի եւ պահանջել պատասխանել, թե ում է պատկանում Ղարաբաղը…Ի՞նչ եք կարծում, Ռուսաստանի իշխանությունն ինչպիսի՞ առարկայական քայլեր պետք է ձեռնարկի՝ իր տարածքում նման ոտնձգությունները կանխելու համար:
-Այսօր ինձ հայտնի դարձավ, որ հիսունից ավելի ձերբակալված ադրբեջանցի կա, ցավով պետք է նշեմ, որ անհանգստություն կա Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցների մոտ, որ նման դեպքերը կարող են կրկնվել, շատանալ, քանզի կարծես սահմանին տիրող իրավիճակի պատճառով անճարությունից ադրբեջանցիներն իրենց բնորոշ ոհմակային մարտավարությամբ փորձում են ինքահաստատվել նման քայլերով և հարձակումներ են գործում հայերի վրա, հայկական խանութների վրա։ Մենք պետք է չտրվենք սադրանքներին և ինքներս զերծ մնանք նման քայլերից։ Այսօր մեր Հայոց աշխարհի սահմաններին մենք նրանց բոլոր տեսակի պատասխանները տալիս ենք։
-Փորձագիտական շրջանակում կարծիքներ են հնչում, որ Տավուշյան էսկալացիան իրականում ձեռնտու է Ռուսաստանին, որը Թուրքիային ասելիք է հղում՝ եթե վերջինս որոշել է ռուսական գազը փոխարինել ադրբեջանանակով, ապա վտանգի տակ կհայտնվի Տավուշի սահմանից ոչ հեռու գտնվող գազատարը: Նկատենք, որ Թուրքիան կոշտ հայտարարություններ արեց Տավուշում իրավիճակի վերաբերյալ, եւ փորձագետների մի մասը դրանցում հենց Ռուսաստանին հասցեագրված ուղերձներ են տեսնում: Ձեր դիտարկմամբ՝ որքանո՞վ է հիմնավոր նման պնդումը:
-Գիտեք, մեծ աշխարհաքաղաքական հոսքերը երբեք չեն դադարում և չեն դադարի, դուք ասում եք Թուրքիա, Ռուսաստան, ես դրան ուզում եմ ավելացնել այսուհետեւ Հայաստանի շահեր և դիրքեր, և տավուշյան էսկալացիան ոչ այլ ինչ էր, քան տավուշյան բեկում։ Բեկում` շատ ու շատ նաև աշխարհաքաղաքական հարցերում։ Ռուսաստանը, որպես դաշնակից և որպես, առնվազն ինձ համար, ամենակարևոր խաղացող այս տարածաշրջանում, այդքան մակերեսային և թեթև ուժ չէ, որի մասին օրինակ կարելի էր շուտափույթ դատողություններ անել, ասենք մի լրագրողի կամ հայկական ազգանվամբ մեկի հրապարակման հիման վրա։
-Եւ, որպես հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ՝ խնդրում եմ տեղեկացնել, թե տավուշյան սրացման ֆոնին խորհրդանարական դիվանագիտության շրջանակում ինչպիսի՞ աշխատանք է իրականացվում Ռուսաստանի ձեր գործընկերների հետ:
-Առաջին իսկ օրվանից կապի մեջ եմ եղել իմ ՌԴ գործընկերների հետ, և ոչ միայն ես։ Քննարկվել են բոլոր ամենամանր հարցերը, րոպեների տարբերությամբ զանգեր և հարցերի արձագանքեր եմ ստացել և լուծումներ տեսել բարձրաձայնված հարցերին, եւ հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել իմ անմիջական գործընկեր Յու․Լ․ Վորոբյովին՝ մանրակրկիտ աշխատանքի համար։ Երկկողմանի մեծ աշխատանք է տարվել ու տարվում մեր ռուս գործընկերների հետ, որի արդյունքներն ակնհայտ են։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ