Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Միքայել Զոլյան․ Ադրբեջանական կողմը փորձում է ուրիշ ոլորտներում, այսպես ասած, հաղթանակ ունենալ․ «Հայկական ժամանակ»

Հուլիս 25,2020 11:00

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ֆոնին Ռուսաստանում եւ այլ երկրներում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ բախումները ծայրահեղ բնույթ են ստանում:

Թեմայի շուրջ զրուցել ենք «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Միքայել Զոլյանի հետ.

– Պարոն Զոլյան, արտասահամանում ապրող հայերի եւ ադրբեջանցիների միջեւ բախումները ստանում են ծայրահեղ բնույթ: Ադրբեջանցիները սկսել են հարձակվել նույնիսկ պատահական անցորդների վրա, ջարդել հայկական համարներով մեքենաներ, վնասել խանութներ: Ի՞նչ կարծիք ունեք այս ամենի մասին, ինչպե՞ս է հնարավոր կանխել սա:

– Տեսեք ինչ տեղի ունեցավ, սահմանային բոլոր սադրանքները ադրբեջանցիների համար շատ վատ ավարտվեցին: Նրանք պարտություն կրեցին ոչ միայն ռազմական, այլեւ դիվանագիտական ոլորտում. եթե հիշենք, թե ինչ տեղի ունեցավ Մեծամորի ատոմակայանին հարվածելու նրանց սպառնալիքից հետո, ապա վստահ կարելի է ասել, որ դա եւս պարտություն էր: Հիմա մի բան պետք է անեն, որպեսզի կարողանան զեկուցել, որ գոնե մի ճակատում հաղթանակ են տանում: Դրա համար այսպես ասած ադրբեջանական սփյուռքի ուժերով կազմակերպում են նման սադրանքներ: Իհարկե դրսում ապրող ադրբեջանցիների մեջ շատ կան մարդիկ, ովքեր ադրբեջանական վարչակարգի քարոզչության տակ հակահայկական հայացքներ են ձեւավորել եւ պատրաստ են այդ սադրանքներին մասնակցել, բայց այնուամենայնիվ, այս ամենը կազմակերպված քաղաքականություն է՝ Ադրբեջանի կողմից:

Դրա մասին են վկայում բազմաթիվ փաստեր: Մենք հետեւում ենք ադրբեջանական մամուլին, տեսնում ենք ինչ են ասում ադրբեջանցի տարբեր վերլուծաբաններ, հայտնի մարդիկ: Այդ ամենը վկայում է, որ այս սադրանքները քաջալերվում են Բաքվից: Եվ պատահական չի, որ նախկինում նման երեւույթներ քիչ են եղել: Նախկինում ռազմական ճակատում գործողությունները ադրբեջանական քարոզչությունը փորձել է ներկայացնել իբրեւ հաղթանակ եւ իրենց հասարակությունը դա ինչ-որ չափով կուլ է տվել: Հիմա արդեն այնպիսի անհաջողություն են կրել, որ որեւէ ձեւով նույնիսկ իրենց ունեցած քարոզչական հնարավորություններով դա հնարավոր չէ հաղթանակ ներկայացնել: Դրա համար փորձում են ուրիշ ոլորտներում այսպես ասած հաղթանակ ունենալ: Ինչ վերաբերում է մեր հայրենակիցներին՝ այս պայմաններում իհարկե շատ զգոն պետք է լինեն եւ չտրվեն սադրանքների:

– Հաշվի առնելով մեր ազգին բնորոշ տաքարյունությունը՝ դա որոշ դեպքերում փաստորեն չի ստացվում: Այս դեպքում ի՞նչ պետք է անել՝ հետագա ավելի վատ դեպքերը կանխելու համար:

– Յուրաքանչյուր երկրում առաջին հերթին հենց այդ երկրի կառավարությունն է պատասխանատվություն կրում միջադեպերը կանխելու համար: Մենք տեսանք կադրերը, թե ինչպես են ադրբեջանցիները Մոսկվայում հարձակվել հայերի վրա, դա պարզապես հանցագործություն է: Ըստ տեղեկությունների՝ արդեն ձերբակալություններ են եղել: Ուրիշ երկրներում եւս մենք տեսանք, որ ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում: Շատ կարեւոր է, որ մեր Սփյուռքի կազմակերպությունները ղեկավարեն եւ կազմակերպչական ֆունկցիաներ կատարեն, որովհետեւ ինչպես դուք ասացիք՝ կան առանձին մեր հայրենակիցներ, որոնք ցավոք սրտի տրվում են այդ սադրանքներին: Պետք է նրանց եւս կոչ անել սադրանքների չտրվել: Իհարկե եթե հարձակման են ենթարկվում, ինքնապաշտպանությունը նրանց սրբազան իրավունքն է, բայց պետք է հարձակումներ չձեռնարկեն կամ նման տեսանյութեր չտարածեն, որովհետեւ այդ ամեն ինչը աշխատում է հենց ալիեւյան վարչակազամի քարոզչության օգտին եւ մեր շահերից որեւէ ձեւով չի բխում: Փոխարենը խաղաղ, ոչ բռնի ակցիաները, որոնք եւս մեր հայրենակիցները իրականացնում են, շատ լավ է ստացվում: Մենք տեսանք Մոսկվայում ծիրանի հետ կապված ամբողջ պատմությունը: Ամեն ինչ պետք է անել, որպեսզի հայկական կողմից ագրեսիա չլինի:

 

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031