Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպան․ Եթե Սեւանն այսօր լիներ իր բնական քանակությամբ ջրով եւ բարձրության վրա, այս խնդիրներն այսքան սուր չէին լինի․ «Հայկական ժամանակ»

Հուլիս 25,2020 10:40

Սեւանա լիճը մենք նայում ենք որպես լողալու տեղ, ձուկ բռնելու աղբյուր, հանգստանալու տեղ, ոռոգման ջրի աղբյուր, էլեկտրաէներգիա ստանալու աղբյուր, բայց դրանք երկրորդական եւ երրորդական հարցեր են։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց բնապահպան Լեւոն Գալստյանը՝ անդրադառնալով Սեւանա լճի կապտականաչ ջրիմուռների խնդրին։

Նշենք, որ օրեր առաջ շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ Սեւանա լճում դարձյալ կապտականաչ ջրիմուռների ակտիվություն է նկատվում։ Նախարարության տեղեկացմամբ՝ կապտականաչ ջրիմուռների ինտենսիվ աճի եւ ջրի որակի անկման հիմնական պատճառները դեռ ձմռանից սկսած լճի ջրի բարձր ջերմաստիճանն է ու լճում ֆոսֆորի բարձր տոկոսը:

Թեմայի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Լեւոն Գալստյանի հետ։

– Պարո՛ն Գալստյան, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ արդեն 3-րդ տարին է` Սեւանը մեծ մասշտաբներով կանաչում է։ Ի վերջո, ո՞րն է այս կանաչելու հիմնական պատճառը։

– Դրա գլխավոր պատճառն այն է, որ 80-90 տարի առաջ որոշ կարճամիտներ մտածեցին, թե կարելի է Սեւանի մակարդակն իջեցնել՝ տնտեսական հարցեր լուծելու համար։ Մնացած պատճառներն արդեն երկրորդական են։ Եթե Սեւանն այսօր լիներ իր բնական վիճակում, բնական քանակությամբ ջրով եւ բարձրության վրա, այս խնդիրներն այսքան սուր չէին լինի, ինչքան էլ, որ հիմա մնացած պատճառները բերվում են։ Իհարկե՛, մնացած պատճառներն էլ նշանակություն ունեն, բայց եթե Սեւանի մակարդակը հիմա 18 մետր ավելի լիներ՝ այսինքն ջրի քանակը մոտ 30-40 տոկոսով ավելի լիներ, քան հիմա, բնականաբար սառը շերտը վերացած չէր լինի եւ կապտականաչ ջրիմուռների մակարդակը այս չափերի չէր լինի։

Եկեք ֆիքսենք, որ գլխավոր պատճառը դա է, հետո փորձենք ածանցել մնացած խնդիրները, որոնք այս ընթացքում ազդում են այդ կապտականաչ ջրիմուռների աճին։

– Այս պահին ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել խնդիրը հնարավորինս մեղմելու համար։

– Ես մասնագիտությամբ աշխարհագրագետ եմ, բայց աշխարհագրագետ լինելով հասկանում եմ, որ երկրագնդի վրա ամեն ինչ համալիր է։ Բոլոր խնդիրներին, որոնք վերաբերում են բնությանը՝ պետք է համալիր նայել։ Բայց ցավոք սրտի մեզ մոտ նայում են միայն մի ուղղությամբ։ Կենսաբաններն ասում են ձկներ պիտի շատ լինեն, որպեսզի ուտեն օրգանական նյութերը, պիտի կոյուղաջրերը չլցվեն։ Երկրաբաններն այլ բան են ասում։ Բայց պետք է խնդրին համալիր նայել։ Եթե համալիր ենք նայում, հարց է առաջանում, արդյո՞ք փորձ արվել է վերլուծել, թե որն է քայլերի առաջնահերթությունը, որոնք պետք է անել այս խնդիրների լուծման համար։

Դա հասկանալու համար պետք է լինի լուրջ մասնագիտական լայնաշերտ խումբ, բայց ոչ 50 տարի առաջվա գիտելիքներ ունեցող գիտնականներով։ Հարգելով նրանց վաստակն ու գիտելիքները, իրենց էլ կարելի է ներգրավվել, բայց իրենք չպետք է որոշողի դերում լինեն։ Պետք է լինեն այնպիսի գիտնականներ, մասնագետներ, որոնք ունեն թարմ գիտելիքներ, ծանոթ են միջազգային գիտական գրականությանը։ Ոչ թե ակադեմիկոսներ, որոնք սովետական ժամանակներից հետո ոչ մի բան չեն կարդացել։ Կներեք, բայց մեծ մասն այդպիսին է։ Լուրջ մասնագիտական խումբը պետք է բոլոր հնարավոր տվյալները հավաքագրի, ինչ տվյալ չկա՝ ստանա, վերլուծություն կատարի եւ գտնի իրական պատճառները։ Այսինքն, թե որ պատճառն է ամենակարեւորը, որը պետք է վերացնել, որ այս խնդիրը մեղմանա։ Երբ առաջնահերթություններն ընդգծվի՝ որոշում կայացնելուց սխալվելու հավանականությունը կնվազի։ Իսկ հիմա մի քանի մարդ ինչ-որ գերատեսչություններում նստած իրենց մեջ որոշում են, թե ինչը ոնց պետք է լինի։ Դա սխալ մոտեցում է։

– Գեղարքունիքի մարզպետը նաեւ կարծիք է հայտնել, որ բանակաշինությունից հետո երկրորդ ուղղությունը, որտեղ պետք է մեծ ծախսեր իրականացվի՝ Սեւանա լիճն է։ Այսօր դա կատարվո՞ւմ է։ Եվ ի՞նչ եք կարծում, արդյո՞ք Սեւանա լիճն արդյունավետ է օգտագործվում։

– Ես երեւի համաձայնեմ մարզպետի հետ. չեմ համեմատի բանակի կամ այլ ոլորտի հետ, եթե ինձ հարցնեն՝ Սեւանն ինձ համար առաջինն է, որովհետեւ չկա Սեւան՝ չկա Հայաստան, դա միանշանակ է։ Ով ամեն ինչին համակարգային է նայում՝ դա հասկանում է։

Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031