Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-ադրբեջանական բախումներ Բրյուսելում․ ադրբեջանական կողմը ձվեր, լոլիկներ, քարեր է նետել հայկական կողմի վրա․ «Ազգ»

Հուլիս 25,2020 10:30

Այս օրերին Եվրոպայի տարբեր քաղաքներում հայ եւ ադրբեջանցի ցուցարարների միջեւ բախումներն օր-օրի նոր լիցք են ստանում: Խաղաղության նպատակով արվող հայերի կոչերն առավելաբար ուղեկցվում են բռնություններով ու վերածվում արյունալի բախումների: Հուլիսի 22-ին Բրյուսելում Բելգիայի հայերի կոմիտեն հանրահավաք էր կազմակերպել Ադրբեջանի դեսպանատան դիմաց` ի պաշտպանություն Հայաստանի եւ ընդդեմ Ադրբեջանի ռազմական ոտնձգությունների:

Մեծաթիվ հայեր զորակցելու էին շտապել ոչ միայն Բելգիայի տարբեր քաղաքներից, այլեւ Հոլանդիայից, ֆրանսիայից, Գերմանիայից: Հայկական եռագույնն ու վերջին օրերին Տավուշում զոհված մեր հերոսների նկարներն էին բարձրացվել Ադրբեջանի դեսպանատան դիմաց: Ըստ նախատեսվածի, մեր հայրենակիցները հակված էին խաղաղ հանրահավաքի միջոցով եվրոպական ատյաններին հասու դարձնել ադրբեջանական ոտնձգություններն ու լայնատարած պատերազմի վերսկսման վտանգի հետեւանքները: Սակայն ադրբեջանական կողմը, որը պատսպարվել էր երկաթյա արգելապատնեշներով ու գտնվում էր ոստիկանների եռաշերտ պաշտպանության ներքո, հանրահավաքը սկսվելուց ճիշտ տասը րոպե անց ձվեր, լոլիկներ, քարեր նետելով հայկական կողմի վրա՝ անընդմեջ բղավում էր «Արցախն Ադրբեջան է»…

Դրան փոխադարձ հետեւեց հայկական կողմի պատասխանը: Անմիջապես խուճապ, խառնաշփոթ սկսվեց, եւ ոստիկաններն արցունքաբեր գազով, ջրցան մեքենաներով հարձակում սկսեցին հայկական կողմի վրա՝ փորձելով ճնշել մեր հայրենակիցներին: Ոստիկաններն իրենց պատնեշ վահաններով հայերին հետ հրելով հեռացնում էին դեսպանատան տարածքից, սակայն հայերը չենթարկվելով ոստիկաններին՝ շարունակեցին պատասխան հարվածներով քարեր նետել եւ ամոթանքներ հասցնել ադրբեջանական կողմին:

Երեկ Արցախի հետ Բելգիայի ֆրանսախոս բարեկամության խումբը եւս հայտարարություն է տարածել, որում դատատապարտելով Ադրբեջանի ռազմական ագրեսիան, մասնավորապես շեշտել է, որ Ադրբեջանը պետք է ընդունի ԵԱՀԿ հրադադարի խախտումների հսկողության ու հետաքննության մեխանիզմը: Բաքուն պետք է վերադառնա բանակցային գործընթացին եւ վերջ տա պատերազմական հռետորաբանությանն ու ագրեսիային, ընդունի Մինսկի խմբի առաջարկները, այն է՝ դիպուկահարների դուրս բերում շփման գծից, հրադադարի խախտումների մեխանիզմի կիրառում եւ ԵԱՀԿ դիտորդների ընդլայնում: Ադրբեջանը պետք է հետեւի Հայաստանի օրինակին եւ կիրառի նշված նորմերը՝ հակամարտության խաղաղ կարգավորման համար:

Արաքս ՍԱՖԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031