Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարծում եմ՝ աշնանը կվերաբացվեն թատրոնները» 

Հուլիս 25,2020 13:00

Հարցազրույց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի հետ

– Պարոն Ղազանչյան, ձեր որոշ գործընկերների հետ «Առավոտի» զրույցներից մի բան ակնհայտ է. թատրոնների վերաբացման հարցում, համավարակով պայմանավորված, նրանք միակարծիք են, որ առայժմ ելքը բացօթյա ներկայացումներն են։ Բայց նկատենք, որ, օրինակ, երեւանյան ոչ բոլոր թատրոններն ունեն դրա հնարավորությունը։ Նման հնարավորություն ունեն ընդամենը տիկնիկային, ռուսական եւ Սունդուկյանի անվան թատրոնները։ Նախ կուզեինք այդ կապակցությամբ լսել ձեր՝ միության նախագահի տեսակետը։

– Եթե բացօթյա տարածքները վերահսկելի են եւ թատրոնի ղեկավարությունը հանգել է նման կարծիքի, դա նրանց իրավունքն է։ Բայց տարածքներն էլ պետք է լինեն խիստ վերահսկելի։ Միայն բեմ եւ, ասենք, ամֆիթատրոն ունենալը դեռ քիչ է։ Պատկերացնո՞ւմ եք քանի հսկիչ, ինչու ոչ՝ ոստիկան է հարկավոր, որ, ասենք, պահպանվի թեկուզ անվտանգ տարածությունը հանդիսատեսի միջեւ, զերծ մնանք մանր-մունր կոնֆլիկտներից եւ այլն։ Օրերս կայացած մեր միության նախագահության ընդլայնված նիստը առաջարկեց ավելի ընդունելի տարբերակ, այն է՝ թատրոնների մուտքից սկսած մինչեւ հանդիսասրահ մեզ վրա վերցնենք պատասխանատվությունը՝ ապահովելով անվտանգությունը, դրանով վերահսկելի ու կառավարելի դարձնենք հանդիսատեսի շարժը։ Այս գաղափարը մանրամասն շարադրելով դիմում-նամակով խնդրել ենք ԿԳՄՍ նախարարին՝ միջնորդություն ներկայացնել պարետատուն։

– Դեռեւս մայիսի վերջին վերաբացվել է եվրոպական թատրոնների մեծ մասը՝ պայմանով, որ հանդիսատեսների միջեւ տարածությունը պահպանվի։ Բայց նկատենք, որ օրինակ, 2000 հանդիսատեսի համար նախատեսված սրահում լինելու է շուրջ 200 հոգի։

– Մեր ներկայացրած նամակում նշել ենք, որ օգտագործվելու է սրահի աթոռների քանակի 25-30 տոկոսը։ Այս դեպքում, համոզված եմ, որ պարետատան պահանջները ավելի վերահսկելի ու կառավարելի կլինեն։ Վերջին հաշվով մեզ համար մի փոքր վիրավորական է, երբ տեսնում ենք, որ աշխատում են սրճարանները կամ գործում են զբոսաշրջային ընկերությունները եւ այլն, իսկ մշակութային օջախները դեռ փակ են։ Եվ եթե թվարկածս ոլորտները կարելի է հսկել, ուրեմն վերահսկողություն կարելի է իրականացնել նաեւ մշակութային օջախներում։ Հավաստիացնում եմ, որ թատրոնների դեպքում հակավարակային միջոցառումներն ավելի վերահսկելի ու կառավարելի են։

– Իսկ երեւանյան եւ մարզային թատրոնները ի վիճակի՞ են ապահովել այդ միջոցառումները, հենց թեկուզ ֆինանսապես։

– Եվ Երեւանում, եւ մարզերում կան թատրոններ, որ, այո, ֆինանսական հնարավորություն չունեն ապահովելու պարետատան պահանջները։

– Կարելի է ենթադրել, որ այդ հարցն էլ է բարձրացվել միության նախագահության ընդլայնված նիստում։ Գուցե պատասխանն է՞լ է տրվել։

– Ընդամենը մեկ օրինակ բերեմ. կոմեդիայի թատրոնը պատրաստ է սիմվոլիկ գումարով, ասենք՝ շուրջ 15 հազար դրամով տրամադրել իր բեմը այն թատրոններին, որոնք ֆինանսական դժվարություններ ունեն։ Գիտե՞ք, կարեւորը սկսելն է։ Ի վերջո, թատրոննե՛րն էլ պետք է զբաղվեն իրենց գործով։

– Դուք բեմադրություններ եք իրականացրել Ռուսաստանում, Վրաստանում, հատկապես Մոսկվայում եւ Թբիլիսիում, այնտեղ ունեք բազմաթիվ գործընկերներ, այդ թվում՝ թատրոնների ղեկավարներ։ Հետաքրքիր է՝ նրանք ի՞նչ ելք են գտել։ Ռուսաստանյան ԶԼՄ-ներից հայտնի է, օրինակ, որ թատրոնները կվերաբացվեն աշնանը…

– Ռուսաստանյան թատրոններում արդեն սկսվել են փորձերը, ընդ որում, առանց դերասանների քանակի սահմանափակումների։ Իսկ Վրաստանում, իհարկե, այս պահին չեն խաղում, բայց բանակցություններ են ընթանում աշնանը թատրոնները վերաբացելու համար։

– Հասարակական կազմակերպության կարգավիճակ ունեցող հայաստանյան հինգ ստեղծագործական միություններ՝ կոմպոզիտորների, կինոգործիչների, նկարիչների, գրողների եւ թատերական գործիչների, դեռեւս մայիսին դիմել են Ազգային ժողով՝ նախկին կարգավիճակը մասամբ վերականգնելու առաջարկով, ինչն ակնկալում է պետության կողմից ամենամյա որոշակի ֆինանսական հատկացում։ Բայց արդարության դեմ չմեղանչելու համար փաստենք, որ ինչ-ինչ ծրագրեր իրագործելու նպատակով պետությունը աջակցում է, թեպետ պետական մտածողության մեջ պետք է դոմինանտի միությունների դերը, որոնք ըստ էության մշակույթ ստեղծողներն են։

– Ժամանակին (շուրջ 20 տարի առաջ) Ազգային ժողովում շրջանառվում էր «Թատրոնի մասին» օրենքի նախագիծը, որը հավանաբար մեկի դարակում ընկած է, գուցե կորել է կամ զմռսվել… Անխոս, մշակույթին անհրաժեշտ է մեկենասության եւ հովանավորչության մասին օրենք, ինչը, չեմ կարծում, որ մոտ ժամանակներում կունենանք, որովհետեւ այդ օրենքը վերադասի համար կպարունակի բավականին ռիսկային պահեր։ Թեպետ քաղաքակիրթ երկրներում վաղուց գործում է ու հիանալի աշխատում նման օրենք։

Ես կարծում եմ, որ հենց աշնանից պարտադիր է ունենալ նաեւ թատերահամերգային կազմակերպությունների մասին օրենք։ Ի դեպ, մի բան էլ ասեմ. շուրջ մեկ տարի առաջ, երբ դեռ ունեինք առանձին գործող մշակույթի գերատեսչություն, քննարկվում էր թատրոնի մասին օրենք ունենալու անհրաժեշտություն եւ հանձնաժողովը որոշեց, որ պետք է լինի ոչ միայն թատրոնի, այլ թատերահամերգային կազմակերպությունների մասին օրենք։

– Շեշտեցիք՝ առանձին մշակույթի նախարարություն։ Օրերս ձեր գործընկերը՝ Ռուբեն Բաբայանը, մեզ հետ զրույցում ասաց, թե առանձին մշակույթի նախարարություն ունենալը անհրաժեշտություն է…

– Ես դա մշտապես եմ ասել։ Օրինակ, Վրաստանում լուրջ քայլեր են ձեռնարկվում մինչեւ տարեվերջ առանձին մշակութային գերատեսչություն ունենալու համար։ Իհարկե, անհրաժեշտություն է առանձին գործող մշակույթի նախարարությունը։

– Անդրադառնանք կոմեդիայի թատրոնում ձեր՝ որպես գլխավոր ռեժիսորի գործունեությանը։ Մեր տեղեկություններով՝ արդեն պատրաստ է առաջնախաղի Ռոդոլֆո Սանտանայի «Հարդասենյակ կանանց համար» կատակերգությունը…

– Այս պահին ընթանում են փորձերը երեք լայնամասշտաբ ներկայացումների եւ մոնոներկայացման։ Նշեմ, որ թատրոնն ունի մի քանի փորձասենյակ, որտեղ անցկացվում են փորձերը՝ պահպանելով համավարակի դեմ պայքարի բոլոր կանոնները եւ փորձերին մասնակից դերասանների սահմանված քանակը՝ մինչեւ 10 արտիստ։ Ներկայացնեմ այդ աշխատանքների ցանկը. Ջոն Չեպմենի եւ Դեյվ Ֆրիմենի «Բանալի երկուսի համար» կատակերգությունը (ռեժիսոր՝ Անուշ Սարգսյան), Մարո Մադոյան-Ալաջաջյանի «Չինացին էլ կարող է հայ լինել» կոմեդիան եւ Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար» մյուզիքլը Մարտին Վարդազարյանի երաժշտությամբ (երկու բեմադրություններն իրականացնում է Հակոբ Ղազանչյանը)։ Ինչ վերաբերում է մոնոներկայացումներին, դրանք Իսահակյանի պոեզիայով «Զրույց սիրո մասին» եւ Ժան Կոկտոյի «Անտարբեր սրտակերը» ստեղծագործություններն են։

– Զրույցի ավարտին խնդրում ենք մեկ բառով ասեք՝ ե՞րբ կվերաբացվեն թատրոնները։

– Մեկ բառով՝ ոչ, բայց կարծում եմ աշնանը կվերաբացվեն:

Զրուցեց

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
24.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031