Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու Ադրբեջանն ընտրեց հենց Տավուշի տարածաշրջանը…

Հուլիս 25,2020 12:30

Արդեն 10 օր է, ինչ ոխակալ Ադրբեջանի ոխակալ նախագահ Ալիեւի նենգ հրամանով անակնկալ ռազմական գործողություններ են սանձազերծվել Հայաստանի սահմանների՝ Տավուշի մարզի ուղղությամբ եւ ի պատիվ մեր ազգի առյուծ զինվորների ցուցաբերած հանդուգն խիզախության, թշնամին կրում է սարսափելի պարտություն՝ տալով տասնյակից ավելի մարդկային եւ զինտեխնիկայի կորուստ: Թվում է աշխարհն անհանգստացած է այս իրադարձություններով, սակայն այս 5-6 օրերին նրանց կողմից արվող հայտարարություններն ու կոնկրետ գործնական քայլերը կարծես այնքան էլ չեն համապատասխանում իրար:

Իսկ որոնք են պատճառները, որ նրանց կողմից միայն ցանկությունների մակարդակով հայտարարություններ են հնչում, սակայն իրավիճակին նպաստող պրակտիկ քայլեր չեն հետեւում: Սա մեկ նախադասությամբ պատասխան չի ենթադրում, քանի որ պատճառները շատ են ու տարաբնույթ: Դրանք եւ քաղաքական են, եւ որ չափազանց կարեւոր է, նաեւ տնտեսական: Ցավոք, քաղաքականությունը հնարավորինի եւ բազմապիսի նրբություններով լի արվեստ է եւ առնվազն շատ միամիտ է հնչում հայկական տարբեր շրջանակների այն հայտարարությունները, որ մեր ռազմավարական գործընկերները՝ հատկապես Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ն, ԵԱՀԿ-ն եւ այլ բարեկամ կառույցները կոնկրետ միջամտություններ չեն անում, այլեւ գործնականում ոչինչ չասող հայտարարություններ են անում, հավասարության նշան դնելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, կարծես ռազմական գործողությունները երկու կողմից վերսկսվել են միաժամանակ եւ եղել են երկկողմանի:

Մենք պետք է փորձենք համակերպվել այս իրողության հետ, քանզի մասնավորապես Ռուսաստանը մինչեւ այժմ եղած նմանատիպ իրավիճակներում առաջին անգամը չէ, որ ցուցաբերում է ոչինչ չասող կրավորական կեցվածք: Անկեղծ ասած, նույնը կարելի է ասել նաեւ որոշ բարեկամ այլ երկրների ու կառույցների մասին, քանզի կրկնում եմ, նրանց ասածը խոսքից այն կողմ չի անցնում: Բերենք բարձրաձայնենք, որ ասվածը խոսում է մի բանի մասին միայն, որ նվազագույնը նրանք անկեղծ չեն իրենց հայտարարություններում, քանզի իրականում դրա համար կան աշխարհա-քաղաքական որոշակի հանգամանքներ, որոնց արդյունքում նրանք լուրջ քաղաքական եւ տնտեսական շահեր են հետապնդում: Հիմնավորումները եւ օրինակները շատ են, սակայն ես ընդամենը կխոսեմ դրանցից որոշների մասին:

Մեջբերենք ընդամենը մեկ փաստ. պարզվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Մամեդյարովը  զանգել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին եւ ներկայացրել, որ «Հայաստանը տարածաշրջանում անվտանգությանը եւ խաղաղությանը սպառնացող հիմնական աղբյուրն է, մասնավորապես՝ նրա կողմից մեծ է նաեւ սպառնալիքի հավանականությունը տարածաշրջանում աշխարհառազմավարական նախագծերի եւ ծրագրերի նկատմամբ»։

Փաստորեն, Ադրբեջանը փորձում է Հայաստանին որպես ուղիղ սպառնալիք ներկայացնել վերը նշված եւ որոշակի այլ հաղորդակցություններին, որոնք մասնավորապես անցնում են Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի տարածքով եւ հասնում Եվրոպա։ Ճիշտ է, Ադրբեջանը դեռեւս չի սկսել Եվրոպային գազ մատակարարել, սակայն արդեն փորձում է ԵՄ-ի դեմ օգտագործել Ռուսաստանից փախցրած գազային վահանակը։

Ըստ նախնական պայմանավորվածության, ադրբեջանական գազի մատակարարումը Եվրոպա Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղով պետք է սկսվի հոկտեմբերից, սակայն հենց հիմիկվանից Ադրբեջանը փորձում է այդ գազամուղի փաստն օգտագործել Հայաստանին լիովին մեկուսացնելու  համար։ Փաստացի, Ադրբեջանը հենց այս պատճառով է որպես հարձակման թիրախ ընտրել Տավուշի տարածաշրջանը, քանզի ռազմական գործողությունների էպիկենտրոնը գազի խողովակաշարերի եւ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու անմիջական հարեւանությամբ է: Այդ քայլով Ադրբեջանը նախ փորձում է իր վերահսկողության տակ առնել այդ գերկարեւոր ստրատեգիական տարածքը եւ երկրորդ, հետագայում բացառել Հայաստանի կողմից երբեւէ դրանց հարվածելու հնարավորությունը: Այս քայլերով Ադրբեջանը նախ փորձում է ԵՄ-ի առաջ արդարանալ իր կողմից իրականացվող ռազմական գործողությունների համար, ի ցույց դնելով, որ իբր այդ ամենն առաջին հերթին անում է հենց Եվրոպայի համար, որպեսզի նրա կողմից ներդրված միլիարդավոր դոլարները հօդս չցնդեն, ինչպես նաեւ ապահովագրի «Հայկական սադրանքների» հետեւանքով սպառնալիքի տակ հայտնված Եվրամիության էներգետիկ ու այլ ենթակառուցվածքների անվտանգությունը: Հենց այս պատճառով էլ Ադրբեջանը ԵՄ-ին կոչ է անում «ավելի կոշտ ու համապատասխան դիրքորոշում ցուցաբերել Հայաստանի նկատմամբ»։

Իրականում, կույր աչքին անգամ տեսանելի է, որ առաջին հերթին Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքական շահն է պահանջում դիմելու նման ագրեսիայի ու որպեսզի աշխարհի, մասնավորապես Եվրոպայի առջեւ արդարացնեն իրենց քայլերը, որն էլ  առաջին հերթին ներկայացնում են որպես Եվրոպայի հետ տնտեսական համագործակցության կայունության ապահովագրման պարտադրական քայլ: Շատ հավանական ու տրամաբանական է նաեւ, իրականացվող ռազմական դիվերսիան կարող է անմիջականորեն կապված լինել Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ գազային կոնֆլիկտի հետ, որի հետեւանքով մոտ 40 տոկոսով պետք է նվազի ռուսական գազի ներկրումը Թուրքիայով՝ Եվրոպա եւ հենց նույն Թուրքիայի նախաձեռնությամբ համարյա ճիշտ նույն չափով էլ կավելանա վերը նշված գազամուղով Թուրքիա եւ Եվրոպա մատակարարվող ադրբեջանական գազի ծավալները։ Եթե նայենք Բաքու-Թբիլիսի-Էրզրում երկաթուղու աշխարհագրական հետագծին, ապա կտեսնենք, որ այն անցնում է Թովուզի շրջանով, որը փաստացի սահմանակից է Տաուշի մարզին եւ սա եւս մեկ անգամ հաստատում է, որ Տավուշի մարզը բնավ պատահական ընտրված չէ: Իսկ Ռուսաստանի պարագայում, որի հայտարարությունները եւս խոսքից այն կողմ չեն անցնում, պայմանավորված են զուտ այն հանգամանքով, որ նա Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ունի բազմակողմ աշխարհաքաղաքական շահեր, որը զսպում է նրան անմիջական եւ գործնական քայլեր անելու:

Մասնավորապես, նրանց ուղղակիորեն դեմ գնալով, Ռուսաստանից՝  Թուրքիայի եւ Եվրոպայի կողմից գնվող գազի ծավալները կարող են 40 տոկոսից շատ ավելի նվազել, որը Ռուսաստանի համար բացարձակ ձեռնտու չէ, եթե դա պետք է տեղի ունենա այն բանի հաշվին, ինչ է թե այս իրավիճակում Ռուսաստանը գնա վաբանկ եւ փորձի բացահայտ պաշտպանել դաշնակից Հայաստանին: Հավանաբար, Ռուսաստանը կարծում է, որ դա բավականին մեծ գին է, որը պետք է վճարի, եթե գործով սատար կանգնի Հայաստանին…

Հենց վերը նշված հանգամանքների պատճառով էլ հայտնի չէ, թե ինչ ընթացք կստանա սկսված ռազմական դիվերսիան, ինչ հույսեր են փափագում Էրդողանն ու Ալիեւը, ինչ պրակտիկ կեցվածք կնդունեն վերը նշված երկրներն ու միջազգային կառույցները եւ վերջապես, ինչպիսի մարտավարություն կկիրառի Հայաստանը …

Փառք մեր հերոս առյուծներին ու մեր ողջ ժողովրդին …

Աստված պահապան բոլորիս եւ թող Տիրոջ օրհնությամբ մեր բոլոր վիրավորները արագ կազդուրվեն, իսկ զոհերի հոգիները թեւածեն երկնքում եւ հսկեն մեզ…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Հայաստանի Ճարտարագիտական Ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
24.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031