Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային շուկայում մրցունակ հայկական չիր վաճառելու գաղտնիքները

Հուլիս 25,2020 14:00

Խորհուրդներ միջազգային փորձագետ Անտոն Էրվեյից 

Հայաստանում չրագործության ավանդույթը մեզ է հասել դարերի խորքից։ Դեռևս Քրիստոսից առաջ 5-րդ դարում հույն պատմիչ Հերոդոտոսը հիշատակում է Հայաստանի՝ արևով համեմված չրերի մասին, որոնք հայ վաճառականները տեղափոխում էին գինիների և այլ մթերքի հետ միասին, իսկ Քսենոփոնի վկայություններում նշվում է, որ հայ գյուղացիները ձմռան համար պահեստավորում էին նաև չորացված մրգեր։ Չրարտադրության ավանդույթը հեռավոր Հարավաֆրիկյան Հանրապետությունում գուցե, երկար դարերի պատմություն չունի ինչպես Հայաստանում, սակայն այս երկիրն այժմ ոլորտի առաջատարներից է աշխարհում։ Հարավաֆրիկյան Հանրապետությունն այսօր արտահանում է մոտ 100 տեսակի չրային արտադրանք Անգլիաից մինչև Ավստրալիա։ Եվրոպական միության աջակցությամբ Առևտրի միջազգային կենտրոնի կողմից իրականացվող Արևելյան գործընկերություն, առևտրի համար պատրաստ. EU4Business-ի նախաձեռնության շրջանակում Հարավաֆրիկյան Հանրապետությունից միջազգային փորձագետ Անտոն Էրվեն երկու տարի շարունակ խորհրդատվություն է տրամադրել հայաստանյան չրարտադրողներին՝ օգնելով նրանց արտադրել առավել մրցունակ չիր և խթանել արտահանումը։ Անտոնը Հարավային Աֆրիկայում չրարտադրության ոլորտում առաջատար ընկերություններից մեկի՝ Source Handmade Foods (PTY) կազմակերպության գլխավոր գործառնական տնօրենն է։ Հարավային Աֆրիկա կատարած շրջայցի ընթացքում տեղացի արտադրողներն Անտոնի շնորհիվ հնարավորություն ունեցան ծանոթանալու այնտեղ կիրառվող ողջ արտադրական շղթային՝ այգիների մշակումից մինչև չրի վերամշակում, մատակարարում ու վաճառք։


 Aravot.am-ը զրուցել է Անտոն Էրվեյի  հետ տեղական արտադրանքի մրցակցային առավելությունների, արտադրության ու արտահանման ներուժի վերաբերյալ։

– Որո՞նք են Հայաստանի առանձնահատկությունները չրարտադրության ոլորտում։

– Հայաստանն առանձնահատուկ է մրգատեսակներով, որոնք այդքան էլ տարածված չեն, գրեթե չեն հանդիպում եվրոպական շուկայում։ Օրինակ, Վիկտորյա տեսակի սալորն այդ մրգատեսակներից է։ Հայաստանի մյուս առանձնահատկությունն այն է, որ չիր արտադրող տեղական ընկերությունները համեմատաբար ավելի փոքր են, ինչը նրանց թույլ է տալիս ուշադրություն դարձնել դետալներին։ Մշակման գործընթացն այստեղ եւս այլ է: Հայաստանում հիմնականում օգտագործվում են ապակեպատ մոդուլային արեւային չորանոցներ, որոնք առավել մաքուր են պահում միրգը՝ այն զերծ պահելով հնարավոր փոշուց։ Չորացման այս մեթոդը մեկ այլ մրցակցային առավելություն է տեղական արտադրողների համար։

– Որո՞նք են հայկական չրարտադրության ոլորտում առկա հիմնական մարտահրավերները, որոնք բացահայտեցիք խորհրդատվությունների ժամանակ։

– Առաջին բանը, որ կուզենայի ընդգծել եւ որը նշել եմ նաեւ Էկոնոմիկայի նախարարի տեղակալին Հայաստան կատարած այցի ժամանակ, ոլորտում պատշաճ կարգավորման եւ կառավարման համակարգի բացակայությունն է։ Կառավարության ու առաջնային արտադրողների միջեւ համակարգող մարմնի առկայությունը զգալիորեն կնպաստի ոլորտի զարգացմանը՝ խթանելով հայկական չրերի վաճառքն աշխարհով մեկ։ Խորհուրդ կտամ նաեւ չրարտադրության վերաբերյալ մասնագիտական կրթական ծրագիր մշակել։ Ուսումնասիրությունների ու կրթության առաջխաղացումը եւս կօգնի զարգացնել ոլորտը։

– Ինչպե՞ս կգնահատեիք տեղական արտադրանքի մրցունակությունն ու արտահանման ներուժը։

– Հայկական չիրը գերազանց որակի է եւ զարգացման մեծ ներուժ ունի ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, սակայն այս ներուժն ամբողջությամբ չի իրագործվում։ Տեղացի չրարտադրողներից շատերն արդեն ձեռք են բերել որակի միջազգային հավաստագրեր եւ միանգամայն պատրաստ են արտահանման։ Նրանք ամուր կապեր ու հաճախորդների բազա ունեն հետխորհրդային երկրներում, ինչպես նաեւ բավականաչափ ներուժ՝ նաեւ այլ շուկաներ մուտք գործելու համար, ինչի արդյունքում, հավանական է, որ ավելի բարձր շահույթ ստանան։ Ինչ վերաբերում է այն ընկերություններին, որոնք դեռ լիովին պատրաստ չեն արտահանման, նրանց խորհուրդ կտայի հաճախորդների բազա եւ որակի միջազգային հավաստագրեր ձեռք բերել, որից հետո կարող են քայլեր ձեռնարկել միջազգային շուկաներ դուրս գալու ուղղությամբ՝ ինչպես, օրինակ, ԱՄՆ կամ Եվրոպական միություն։ Առեւտրի միջազգային կենտրոնն աջակցում է այս ընկերություններին՝ օգնելով նրանց համապատասխանեցնել իրենց արտադրանքը միջազգային չափանիշներին եւ դուրս գալ արտաքին շուկաներ։

– Ի՞նչը պետք է լինի հայկական արտադրանքի մրցակցային առավելությունը միջազգային շուկայում։

– Չրարտադրության ավանդույթը Հայաստանում դարերի պատմություն ունի, եւ տեղական արտադրողները պետք է օգտվեն այս հանգամանքից իրենց արտադրանքն արտերկրում ներկայացնելիս։ Տեղական արտադրանքը Հայաստանի հարուստ պատմության, ավանդույթների, մշակույթի հետ կապելը նրանց էական մրցակցային առավելություն կբերի։ Օրինակ, հայկական կոնյակի արտադրությունը հրաշալի է, որովհետեւ այն գեղեցիկ կերպով ներկայացնում է Հայաստանի հարուստ պատմությունը։ Ինչու ոչ, հայկական չրերը եւս կարող են լինել նույնչափ հաջողակ, ինչպես հայկական կոնյակը։ Իհարկե, սա տարիների աշխատանք է պահանջում, բայց, ի վերջո, այդ ջանքերը անարդյունք չեն մնա։

– Ձեր խորհուրդը տեղական չրարտադրողներին, որոնք մտադիր են մուտք գործել միջազգային եւ հատկապես Եվրոպական միության շուկաներ։

– Խորհուրդ կտայի այցելել այն արտահանման շուկաները, որտեղ նրանք մտադիր են մուտք գործել։ Օրինակ, եթե դիտարկում են գերմանական շուկան, խորհուրդ կտայի գնալ այնտեղ, պայմանավորվածություն ձեռք բերել եւ վստահություն սերմանել հավանական հաճախորդների կամ մատակարարների շրջանում։ Մեր ընկերությունն իր գործունեության քսան տարիների ընթացքում չիր է մատակարարել Ավստրալիա, Միացյալ Թագավորություն եւ մայրցամաքային Եվրոպա։ Այդուհանդերձ, մենք չունեինք հաճախորդների բազա ԱՄՆ-ում, եւ մեզնից երեք տարի պահանջվեց ամերիկյան շուկա մուտք գործելու համար։ Եթե ցանկանում եք մասնակցել միջազգային ցուցահանդեսների, համոզված եղեք, որ 100%-ով պատրաստ եք դրանց. ցուցահանդեսին հաջորդող շաբաթների ընթացքում հնարավոր է նոր պատվերներ ունենաք, եւ եթե չկարողանաք կատարել այդ պատվերները, մեկընդմիշտ կկորցնեք ձեր նոր հաճախորդներին։ Պատրաստ եղեք փաթեթավորմամբ, արտադրանքի ծավալով, որակի հավաստագրերով։ Եթե պատրաստ եք, ապա նման ցուցահանդեսները հրաշալի հարթակ են նոր հաճախորդներ ձեռք բերելու համար։

Իրենց արտադրանքը տեղական եւ միջազգային շուկայում ներկայացնելու համար հայկական արտադրողները պետք է նաեւ դիտարկեն չրից բացի, այլ չրային արտադրանք ունենալու հավանականությունը՝ սպառողների ավելի լայն շրջանակի թիրախավորելու համար։ Հարավային Աֆրիկայում հաճախ ասում են՝ «Չիրը տարեց մարդկանց համար է»։ Երիտասարդների շրջանում եւս կարեւոր է չրի հանդեպ հետաքրքրություն առաջացնել՝ ներկայացնելով այն որպես գրավիչ ո ւառողջարար սնունդ։ Օրինակ, երիտասարդների եւ առողջ ապրելակերպ վարողների համար Հարավային ԱՖրիկայում արտադրվող չրային պրոդուկտներից են չրային կոնֆետները, չրային կաթնային ըմպելիքները եւ այլն։

– Ինչպիսի՞ փաթեթավորումն է համարվում առավել մրցունակ միջազգային շուկայում։

– Կախված է, թե ինչ շուկա եք ցանկանում մուտք գործել։ Չկա մեկ ընդհանուր փաթեթավորման տեսակ, որը կիրառելի կլինի բոլոր շուկաների համար։ Օրինակ, Միացյալ Նահանգների համար նախատեսված փաթեթավորումը էապես տարբերվում է Միացյալ Թագավորության շուկայի համար նախատեսված փաթեթավորումից։ Միացյալ Թագավորությունում նախընտրելի է, որ փաթեթավորումը լինի թափանցիկ, քանի որ սպառողն ուզում է տեսնել վաճառվող չրի գույնն ու ամրության աստիճանը։ Մերձավոր Արեւելքի՝ օրինակ, Դուբայի համար նախատեսված փաթեթավորումը, որպես կանոն, առանձնանում է պայծառ գույներով, եւ փաթեթավորման ծավալով։ Նույնիսկ ԵՄ անդամ պետությունների համար նախատեսված փաթեթավորումն է տարբերվում մեկը մյուսից։ Օրինակ, գերմանական շուկան նույնպես առանձնանում է ավելի շատ փաթեթավորմամբ, ինչպես նաեւ մի քանի մրգատեսակների չրային խառնուրդներով։ Հարկ է նշել նաեւ, որ փաթեթավորումը պետք է առաջնահերթ պահպանի չրի խոնավության աստիճանը, ապահովի դրա երկարակեցությունը, եւ պատրաստված լինի վերամշակվող նյութերից։

– Ի՞նչը կօգնի խթանել հայկական չրի արտահանման ներուժը, հատկապես COVID-19 համավարակի պայմաններում։

– COVID-19 համավարակը բավականաչափ հնարավորություններ է ստեղծել չրարտադրողների համար։ Օրինակ, հարավաֆրիկյան շուկայի արտադրանքն արդեն ամբողջությամբ սպառված է։ Հիմնական պատճառն այն է, որ պանդեմիայի պայմաններում մարդիկ նախընտրում են գնել երկար կյանք ունեցող սնունդ՝ օրինակ՝ չիր, պահածո եւ այլն։ Այսպիսով, արտահանման պատրաստ հայկական արտադրողների համար հիմա՝ այս ամսից սկսած մինչեւ դեկտեմբեր, ճիշտ ժամանակն է մուտք գործելու միջազգային շուկաներ՝ հավելյալ ծավալով։

– Կասե՞ք՝ ո՞րն է որակյալ չիր արտադրելու գաղտնիքը։

– Չրի արտադրության համար ամենակարեւորը թարմ միրգն է. չրային արտադրանքի համար նախատեսված այգի ունենալն ու բերքը ճիշտ ժամանակին հավաքելը, որպեսզի այն ոչ խակ լինի, ոչ էլ գերհասած։ Ինչ վերաբերում է մշակմանը, յուրաքանչյոր մանրուք այստեղ կարեւոր է։

– Ինչի՞ վրա պետք է ուշադրություն դարձնի սպառողը չիր ընտրելիս։

– Եթե գտնվում եք սուպերմարկետում՝ չրերի լայն տեսականու առջեւ եւ չգիտեք որն ընտրել, երկու հիմնական բանը, որի վրա պետք է ուշադրություն դարձնել, դա չրի գույնն ու ամրությունն է։ Ընտրեք այն չիրը, որը գեղեցիկ վառ գույն ունի, փափուկ է եւ հեշտ է ծամել։

Զրուցեց՝ Ա. Հ.-ն

«Առավոտ» օրաթերթ
24.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031