Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սահմանային պատերազմը՝ ԱՄՆ նախկին համանախագահների գնահատմամբ. «Ամերիկայի Ձայն»

Հուլիս 24,2020 23:03

«Ամերիկայի Ձայնը» զրուցել է ԵԱՀԿ Մինսկի Խմբի ամերիկացի նախկին համանախագահներ Ռոբերտ Բրադտկեի, Քերի Քավանոյի և Ջեյմս Ուորլիքի հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահները խորապես մտահոգված են հայ-ադրբեջանական սահմանի զարգացումներով: Ամերիկացի դիվանագետներ Քերի Քավանոն, Ռոբերտ Բրադտկեն և Ջեյմս Ուորլիքը չեն բացառել, որ այս բախումները կարող են դուրս գալ վերահսկողությունից՝ վերածվելով լայնածավալ պատերազմի:

«Կարծում եմ զինված բախումները սկսել են փոքր միջադեպից: Չեմ կարծում, որ որևիցե մեկը շահագրգռված է ռազմական ընդհարում սկսել: Երկրները շատ խնդիրներ ունեն, ներառյալ COVID-19 համավարակը, որը խնդիր է տարածաշրջանում»,- ասում է դեսպան Քերի Քավանոն:

Նախկին համանախագահները չափազանց մտահոգիչ են որակել ընդհարման ծավալն ու կողմերի կիրառած հռետորաբանությունը: Անհանգստացնող է նաև, որ զինված բախումներն արձանագրվել են ղարաբաղյան հակամարտության գոտուց դուրս՝ ՀՀ ու Ադրբեջանի սահմանին:

«Սա ցույց է տալիս, որ հակամարտությունը պարզապես չի սահմանափակվում միայն ղարաբաղյան գոտիով, այլ ընդգրկում է երկու երկրների այլ հատվածներ ևս, որը շատ անհանգստացնող է»,- ասում է դեսպան Ջեյմս Ուորլիկը:

Ըստ նախկին համանախագահների՝ բանակցային գործընթացում առաջընթացի բացակայությունը և հիասթափությունը նպաստել են զինված բախումների վերսկսմանը: Ըստ Ռոբերտ Բրադտկեի, մեկ այլ պատճառներից է կողմերի մտավախությունը, որ միջազգային հանրությունը մոռացության է մատնել ղարաբաղյան խնդիրը, հատկապես համավարակի այս օրերին:

«Հակամարտության նկատմամբ ուշադրությունը վերականգնելու պատրանքը առաջացնում է նման բացասական քայլերի դիմելու ցանկություն»,- նշում է դեսպան Բրադտկեն:

Զինված բախումները վնասում են բանակցային գործընթացին: Քերի Քավանոն վստահեցնում է ՝ դժվար է բանակցել փոխզիջումների շուրջ, երբ կան զոհեր զինվորականների և խաղաղ բնակչության շրջանում:

«Դա զգալիորեն խոչընդոտում է կողմերին խաղաղ բանակցային գործընթաց վերսկսել»,- ասում է Քավանոն:

Նախկին միջնորդները համակարծիք են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը գործուն ձևաչափ է: Արձագանքելով ձեւաչափի ու համանախագահների հասցեին քննադատությանը՝ դեսպան Ուորլիքը շեշտում է, որ խնդիրը ձևաչափը չէ:

«Խնդիրն այն է, որ այս հակամարտությունը դադարեցնելու համար պետք է կողմերի քաղաքական կամք: Մինչ այժմ մենք դա չենք տեսնում: Մտահոգիչ է, որ մերձեցման փոխարեն, երկու երկրներում տրամադրություններն էլ ավելի են կոշտանում»,- ասել է Ուորլիքը:

Այսօր ստեղծված իրավիճակը պահանջում է բանակցային գործընթացի աշխուժացում: Դեսպան Բրադտկեն վստահ է՝ անհրաժեշտ է ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի ավելի բարձր մակարդակի ներգրավվածություն հայտարարությունների տեսքով միջնորդների տարածաշրջան այցելության հետ մեկտեղ: Դա կնպաստի կողմերի՝ խաղաղ կարգավորմանը վերադառնալու պատրաստակամությանը:

Նախկին միջնորդները փաստում են, որ Մինսկի խմբի համանախագահողներ ՌԴ-ը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան մշտապես սերտորեն համագործակցել են այս հարթակում անկախ իրենց միջև եղած տարաձայնություններից: Այսօր էլ, երբ ռուս-ամերիկյան հարաբերությունները ծայրաստիճան լարված են՝ նախկին միջնորդները միևնույն է վստահ են, որ Մինսկի խմբի ձևաչափը գործուն է:

Իր հերթին օրերս «Վաշինգտոն Փոստ» պարբերականում հրապարակված հայտնի լրագրող-վերլուծաբան Դեյվիդ Իգնեշիուսի անդրադարձը Հայաստանի ու Ադրբեջանի հակամարտության կարգավորմանը ևս ընդգծում է Մինսկի Խմբի ձևաչափի կարևորությունն ԱՄՆ-ի և ՌԴ-ի հարաբերություններում: Իգնեշիուսը այն որակել է հազվադեպ մի հնարավորություն միասին աշխատելու խաղաղ համաձայնության շուրջ: Սա այն միակ դիվանագիտական հարթակներից է, որտեղ Մոսկվան և Վաշինգտոնը դեռևս ակտիվ համագործակցում են: Հայաստանն ու Ադրբեջանը ձգտում են ստանալ նման բարձրաստիճան միջնորդություն, եզրակացնում է Իգնեշիուսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031