«Ալիք մեդիա» հարթակի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հաստատել է Արցախում ականազերծում իրականացնելու նպատակով 1.4 մլն դոլարի հասնող փաթեթը: Ինչպես գիտեք, 1998-ից Արցախում տարբեր ծրագրեր իրականացնող ամերիկյան ֆինանսական աջակցությունը կասկածի տակ էր առնվել նախորդ տարի, ինչը` Հայաստանի ընդդիմադիրների եւ Ադրբեջանի կողմից շահարկումների առիթ էր դարձել, թե իբր` ԱՄՆ-ն պատժում է Հայաստանի նոր իշխանությանը:
Այսպիսով, ամերիկյան օրենսդիրը վերահաստատում է Արցախին օգնելու իր հանձնառությունը` «Հալո թրասթ» կազմակերպության կողմից ականազերծումը շարունակելու միջոցով: Փաթեթը դեռեւս պետք է հաստատվի ԱՄՆ-ի Սենատի ֆինանսական հատկացումների հանձնաժողովի կողմից, ինչից հետո կներառվի 2021-ի ամերիկյան բյուջեում:
Արցախին ամերիկյան աջակցություն տրամադրելը հնարավոր է դարձել ԱՄՆ-ի Հայ Դատի գրասենյակի, Ամերիկայի Հայկական Համագումարի, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության եւ Հույն-ամերիկյան առաջնորդության խորհրդի (Hellenic American Leadership Council), ինչպես նաեւ ամերիկաբնակ հայերի հետեւողական ջանքերի շնորհիվ:
Կարդացեք նաև
Բացի ամեն ինչից, սա կարեւորագույն ուղերձ է Ադրբեջանին, հաշվի առնելով սահմանային լարվածությունն ու հնարավոր մարտական գործողությունների վերսկսումը: Այսպիսով անուղղակիորեն փաստվում է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա, ինչի մասին է փաստում նաեւ նախօրեին ԱՄՆ-ի պետքարտուղար Պոմպեոյի հայտարարությունը, որը հետեւում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրների պաշտոնական դիրքորոշումներին»:
Լուսանկարը` Սիվիլնեթի