ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու, փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով իրականացված բազմակողմանի քննությամբ տվյալներ են ձեռք բերվել` պաշտոնատար անձ հանդիսացած ՀՀ ֆինանսների նախկին նախարարին 2015թ. խոշոր չափերի արժեք ունեցող սարքավորումներ նվիրելու և ծառայություն մատուցելու ձևով կաշառք տալու, ինչպես նաև՝ պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ծառայողներին 2018թ. առանձնապես խոշոր չափերի կանխիկ գումար կաշառք տալու վերաբերյալ:
Առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող վերոնշյալ դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 3-րդ մասի 3-րդ կետով, 312-րդ հոդվածի (կաշառք տալը) 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին