Չնայած կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված պարետատունը թատրոններին արգելել է ներկայացումներ ցուցադրել, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում այս ընթացքում ոչ մի վայրկյան ազատ չեն եղել, պարապ չեն նստել, այստեղ փորձերը շարունակվում են, պատրաստվում են երկու նոր ներկայացումների։ Դրանցից մեկը երիտասարդ դրամատուրգ Բաբկեն Զաքարյանի «Ճամպրուկ» պիեսն է, որին մասնակցություն ունի նաև ճանաչված դրամատուրգ Անահիտ Աղասարյանը։ Այն երիտասարդական է, համարձակ թեմա է շոշափում։ Ըստ թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանի, մարդկության մասին է․ հանդիսատեսը կգա, կծիծաղի, բայց խորհելու, մտածելու առիթ կունենա։ Մյուսը Անտոնիո Բուերո Վալեյխոյի «Բոցավառ խավար» պիեսն է, որը բեմադրում է երիտասարդ ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանը։ Այն կույրերի մասին է, ևս երիտասարդական ներկայացում է։
Դրանք հիմնականում փոքր անձնակազմով են բեմադրվում, ընդգրկված են թատրոնի երիտասարդ կադրերը։ Խոցելի խումբը, ըստ թատրոնի տնօրենի, տնից դուրս չի գալիս, թատրոնի անձնակազմը դողում է նրանց առողջության վրա։ Այս ընթացքում թատրոնը նաև օնլայն ներկայացումներ է ցուցադրել, որոնք եղել են արխիվային։
Ֆինանսական ի՞նչ վիճակում է թատրոնը, կարողացե՞լ են այս ծանր պայմաններում վարձատրել աշխատակիցներին, կրճատումներ սպասվո՞ւմ են, թե՞ ոչ, ինչպիսի՞ն է լինելու թատրոնի ապագան, կստեղծվի՞ արդյոք հնարավորություն նոր ներկայացումները հանդիսատեսի համար ցուցադրելու, այս թեմաների շուրջ Aravot.am-ը զրուցել է թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանի հետ։
Կարդացեք նաև
«Մինչ կորոնավիրուսը թատրոնի վերջին ներկայացումը եղել է մարտի 12-ին։ Թատրոնը նախապատրաստվեց հունվարին: Փետրվարին նկարահանվեց «Հարսանիք թիկունքում» ֆիլմը։ Մարտից սկսվեցին ներկայացումները, նախատեսում էինք մարտ, ապրիլ ամիսներին խաղալ 30 ներկայացում, տոմսերը, աբոնիմենտները հանդիսատեսի ձեռքում էին։
Ցավոք, վերջին ներկայացումը խաղացինք մարտի 12-ին և կիսատ մնաց, դրանից հետո պաշտոնապես արգելվեց ներկայացումներ խաղալ ու չենք խաղացել, բայց ոչ մի վայրկյան թատրոնի աշխատանքները չեն դադարել մինչ այս պահը։ Ասեմ, որ այս տարվա երեք ամիսների ընթացքում մոտ 10 միլիոնի տոմս ենք վաճառել ու խաղացել»,-ասաց մեր զրուցակիցը։
Այս ընթացքում Գյումրու թատրոնի աջակցման հիմնադրամը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նաև դրամաշնորհային ծրագրի է մասնակցել ու պատրաստվում է թատրոնի խաղացանկային 20 հեքիաթային ներկայացումները նկարահանելու։ Մի քանի օրից նկարահանումները կսկսվեն և կցուցադրվեն մարզային հեռուստաընկերություններով և թատրոնի ու նախարարության ֆեյսբուքյան էջերով։
«Ամեն ինչ անում ենք, որպեսզի հանդիսատեսը չհեռանա թատրոնից, հաճախ մեզ ասում են՝ հանդիսատեսը կգա՞ թատրոն։ Ես համոզված եմ, որ Գյումրիում կգա։ Կա տնօրենների խորհուրդ, մայրաքաղաքում տարվող յուրաքանչյուր թատերական քննարկման ակտիվորեն մասնակցում ենք։ Մի քանի քննարկումներ ունեցել ենք փոխնախարարի հետ։ Փոխնախարարը լսել է մեր կարծիքը, և վերջին հանդիպման ժամանակ տնօրենների խորհուրդը որոշեց առաջարկ ներկայացնել, որ գոնե բացօթյա ներկայացումներ խաղանք։ Իհարկե, մեր թատրոնն այդ պայմանները չունի, բայց եթե թույլտվություն տան, Գյումրիում մի քանի կառույցներ կան, խոսել եմ, տվյալ դեպքում «Հայորդաց տուն»-ը մեծ սիրով պատրաստ է աջակցել թատրոնին մանկական ներկայացումներ հենց բակում խաղալու։ Իսկ եթե ամեն ինչ լավ լինի, մենք կունենաք երկու նոր ներկայացումներ մեծ բեմում, կլինեն սահմանափակումներով։ Ամեն ինչ կախված է նրանից, թե վիրուսի տարածումն ինչ ընթացք կունենա, պարետատունը կտա՞ թույլտվություն խաղալ, թե՞ ոչ։ Ուզում եմ ասել, որ ոչ մի վայրկյան թատրոնը կանգ չի առել, շարունակում է աշխատել»,- ասաց Լյուդվիգ Հարությունյանը։
Նա խոսեց նաև թատրոնի ֆինանսական վիճակի մասին։ Տնօրենն ասաց, որ մինչ այս պահը կարողացել են 100 տոկոսով վարձատրել դերասաններին, այս հարցում աջակցել է նախարարությունը, սակայն մտածում են՝ ինչ անել երկրորդ, երրորդ փուլերում։ Մինչ այս պահը ոչ մի դերասանի չեն կրճատել։ Ըստ մեր զրուցակցի, դա ամենահեշտ տարբերակն է, որին չեն գնա երբեք, քանի որ մինչ կորոնավիրուսը թատրոնը շատ լավ աշխատել է ՝ դերասանից սկսած մինչև հավաքարար, բեմի բանվոր, դերձակ ու գրիմյոր։ Իսկ թատրոնի հաջողությունը պայմանավորված է ոչ միայն տնօրենի ու գեղարվեստական ղեկավարի, այլ բոլորի աշխատանքով, հետևաբար և նեղության մեջ չպիտի մարդկանց ասել՝ գնացեք, ես խնդիր ունեմ։
«Սա էլ է պատերազմ ու պատերազմում քո զինվորներին չպիտի դավաճանես, ես այդպես եմ մտածում։ Չպիտի հրաժարվես քո զինվորից, այլապես երկար ճանապարհ չես ունենա, կպարտվես։ Պիտի բոլորով ելք գտնել։
Պարզ է, որ այս իրավիճակը երկարաձգվի մինչև տարեվերջ, թատրոնը չի կարողանա ֆինանսական հարցերը լուծել, թատրոնին նորից պետք է աջակցություն, դիմել ենք ու քննարկման փուլում է։ Հույս ունենք, որ կամ կաջակցեն կամ թույլ կտան թատրոնը խաղա ներկայացումներ, ու ինքը կարողանա իր հարցերը լուծել։
Ճիշտ է՝ պետությունը մեր թատրոնին տալիս է սուբսիդավորում, բայց ինքդ պիտի կարողանաս արտաբյուջեով աշխատել, որպեսզի հոգաս և աշխատավարձային և մյուս, մյուս հարցերը՝ սկսած ինտերնետից, աղբահանությունից։ Մեր թատրոնի համար դա բարդ խնդիր չէ, միշտ էլ կարողացել ենք լուծել, սա ինքնագովազդ չէ, սա այն թատրոնն է, որը 2019 թվականին կատարել է պլանը և ունեցել է մոտ 70 միլիոնից ավել արտաբյուջե և կարողացել ենք մեծ շինարարական ու վերանորոգման աշխատանքներ անել։ Մենք նաև Մհեր Մկրտչյանի բեմի վերանորոգման աշխատանքներ ենք արել, նաև լույսեր ենք գնել․ մենք կարողացել ենք աշխատել և ունենալ տեխնիկա ու նաև վերանորոգման աշխատանքներ կատարել շենքում։
Բայց եթե թատրոնը չի խաղում, բնականաբար, պիտի ունենա խնդիր։ Առաջին եռամսյակի համար դիմել ենք նախարարությանը և աջակցություն ենք ստացել, որպեսզի կարողանանք մարդկանց աշխատավարձ տալ։ Այս պահին նորից սպասում ենք, քննարկումներ են գնում, տեսնենք ինչ կորոշվի։
Ես այն համոզմանն եմ, որ թատրոնը պիտի կարողանա լավ աշխատել և իր խնդիրները լուծել։ Տվյալ դեպքում՝ չի կարողանում՝ ելնելով երկրում, աշխարհում ստեղծված իրավիճակից։ Իհարկե, երբեք համաձայն չեմ այն տարբերակին, որ մենք խնդրենք մեզ աջակցեն, սա անընդունելի է։ Բայց բնական է, որ թատրոնն այս պահին ունի ֆինանսական խնդիրներ, որոնք այս ամիսների ընթացքում գոյացել են և պարտքեր են առաջ գալիս։ Հույս ունենք, որ կամ կլինի աջակցություն կամ կլինի թույլտվություն, որ մենք խաղանք ու կարողանանք այդ խնդիրները հաղթահարել։
Մի կարևոր բան եմ հասկացել, այն թատրոնը, որն աշխատում է, այն թատրոնը, որը ունենում է լավ ներկայացումներ, կարողանում է նաև ինքնուրույն քայլեր անել։ Մեր թատրոնն այն թատրոններից է, որը կարողացել է ինքնուրույն իր խնդիրները լուծել»,- ասաց Լյուդվիգ Հարությունյանը։
Լյուդվիգ Հարությունյանը հիացած է գյումրեցի հանդիսատեսի պահվածքով, ըստ նրա 2000-ից ավել հանդիսատեսի ձեռքերում կա աբոնիմենտ, բայց նրանցից ոչ մեկը թատրոն չի զանգահարել ու տոմսը վերադարձնելու պահանջ չի ներկայացրել։ Սա խոսում է այն մասին, որ գյումրեցի հանդիսատեսը թատրոնի կողքին է, նաև հույս ունի, որ շուտով թատրոնը կբացի դռները։
«Երբեմն, երբ դերասանների հետ խոսում եմ, ասում են՝ ես կխելագարվեմ, էսքան երկար չեմ կարող չխաղալ, կարոտում եմ բեմին։ Ուզում են աշխատել, երիտասարդները, իհարկե, գալիս են, աշխատում են, բայց մենք չենք ուզում խոցելի խմբում գտնվողները գան, բայց իրենք տանը մնալուց են վատանում։ Խոսակցություն եղավ, որ թատրոնը օնլայն հարթակում ակտիվ չի եղել, ճիշտ է շատ ակտիվ չի եղել, բայց ես դրա համար չեմ տխրում, որովհետև ինձ համար թատրոնը կենդանի արվեստ է և կենդանի պիտի լինի։ Մտածել, որ թատրոնն անընդհատ պիտի օնլայն լինի, սա սխալ է, մենք կողմ ենք կենդանի շփման, կողմ ենք՝ պահպանելով կանոնները, վիրուսն էլ մի քիչ նահանջի, բացենք թատրոնի դռները։ Հավատում ենք լավ է լինելու։
Շատ են հարցնում՝ մշակույթի փոխնախարարը կարծիք է արտահայտել, որ թատրոններ կան, որոնք իրենց լավ դրսևորեցին, իսկ թատրոններ կան, որոնք թոշակառուի պես իրենց դրսևորեցին։ Փառք Աստծո, ես չեմ կարծում, որ մեր թատրոնի հետ կապ ունի, չեմ էլ կարծում որ որևէ մի թատրոն կա, որտեղ անձնակազմը ուզում է տանը մնալ։ Նրանք ուզում են աշխատել, դերասանը պիտի խաղա, դերասանը սովոր չէ, որ հանգիստ նստի ու իրեն վարձատրեն, ինքն իրեն լավ չի զգա, ու առհասարակ ոչ մի ստեղծագործող մարդ լավ չի զգա։
Ավելին ասեմ, քառօրյա պատերազմի ժամանակ՝ ապրիլի 14-ին մենք ներկայացում ենք խաղացել։ Նաև երկրաշարժից հետո ներկայացում են դրել, մտածել են՝ տեսնես ժողովուրդը կգա՞, ու թատրոնը լեփ-լեցուն է եղել։ Ու հասկացել ենք՝ ամենադժվարին պահերին թատրոնը պիտի լինի, մենք էլ ենք բուժում։ Մարդկանց մոտ հոգեբանական բարդույթներ, վախ առաջացան, ինչի՞ չենք մտածում, որ թատրոնը պիտի դրական լիցքեր տա մարդկանց։ Բժիշկների դերն անփոխարինելի է, բայց թատրոնն էլ իր բուժման մեթոդ ունի։
Ինչ եմ ուզում ասել, որ ազգը չի կարող առանց մշակույթի երկար գոյատևել։ Իհարկե, շատ լավ հասկանում եմ ինչ ժամանակաշրջանում ենք ապրում, բայց թատրոնը կարող է օգնել ազգին ավելի ամուր լինելու համար։ Թատրոնը երբեք չի կարող պարապուրդի մատնվել»,-ասաց Լյուդվիգ Հարությունյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ Գյումրու դրամատիկական թատրոնի ու «Շանթ» հեռուստաընկերության