Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հոկտեմբերի 27-ի գործը արդար քննության կարիք ունի, վարչապետը, իր ու իր ընտանիքի անվտանգությունից ելնելով, դա պիտի անի. ինձ պիտի տուժող ճանաչեն». Հրաչյա Սարգսյան

Հուլիս 24,2020 19:01

«Մեծարգո վարչապետ, արդարության վերականգնումը պարտադրում է, որ Դուք գործադրեք ձեր բոլոր լիազորությունները և ապահովեք հոկտեմբերի 27-ի անջատված մասով վերաբացված քրեական գործի արդար քննությունը, ինչի համար խիստ կարևոր է նաև իմ հարցաքննությունը», -«Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարությամբ այսպիսի կոչ հնչեցրեց ՀՀ ԳԱԱ ավագ գիտաշխատող, ԲՈԿ-ի մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար, հոկտեմբերի 27-ի գործով վկա Սամվել Ստեփանյանի սպանության գործով որպես վկա հարցաքննված Հրաչյա Սարգսյանը:

Նա վստահեցրեց՝ պնդելու է, որ իրեն հրավիրեն ԱԱԾ հարցաքննության վերաբացված քրեական գործի շրջանակներում, քննություն իրականացնեն և իրեն որպես տուժող ճանաչեն:

Հրաչյա Սարգսյանն ասաց, որ այս հարցը տևական ժամանակ մամուլում ու հասարակության շրջանում ներկայացվել է: Նա պատմեց, թե ինչպես են իրեն հարցաքննել, և հետո իրադարձություններն ինչ ընթացք են ստացել. «2019-ին վերաբացվեց 2004-ին կարճված քրեական գործը, որը վերաբերում էր 1999-ի հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասով այսպես կոչված կազմակերպիչների և պատվիրատուների մասով քրեական գործին: Երբ վերաբացումը տեղի ունեցավ, ես նպատակահարմար գտա հիշեցնելու, որ դեռ 2002-ին հարցաքննվել եմ կարևագույն վկա համարվող Սամվել Ստեփանյանի սպանության հետ կապված գործով: Ինձ 2002-ին հրավիրեցին որպես վկա հարցաքննության քրեական հետախուզության գլխավոր վարչություն: Բագրատ Պետրոսյանը՝ ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանի եղբայրը, իմ քննությունը վարող քննիչն էր: Դեռ հարցաքննությունը չսկսված կոպիտ պնդեց, որ ես կապ ունեմ սպանության կազմակերպման հետ: Վիճաբանությունից, հարցերի շարքից ութ ժամ հետո ինձ հրավիրեցին Հրաչյա Հարությունյանի «կրակեմ Հրաչ» սենյակ: Թե դրանից հետո ինչ հետևանքներ են եղել իմ ու իմ ընտանիքի անդամների, հարազատների վրա, միայն ես դա գիտեմ: Եթե այդ ամենը ներկայացնեմ, կասեք՝ այս մարդը հոգեբանական, հոգեկան խնդիրներ ունի: Միայն այն փաստը, որ իմ բոլոր հարազատներն այսօր հարկադրված ՀՀ-ում չեն, խոսում է նրա մասին, որ լավ կյանքից չէ դա: Սա արդարության բացն է, ամեն ինչ անելու եմ, որ իմ՝ տուժողի կարգավիճակն ամրագրվի իրավաբանորեն: Սա ի՞նչ է. պարզվում է՝ որպես կասկածյալ եմ, հետո մոռացվում է, ժամանակ է անցնում, ու 2004-ին ինձ ծանոթացնում են Տարոն Սահակյանի հետ, և այդ ժամանակ էլ կարճվել էր հոկտեմբերի 27-ի անջատված մասով քրեական գործը, հետո նրա դեմ քրեական գործ է հարուցվում: Հետագա տարիները ցույց տվեցին, որ հիմք չկար այդ հարցաքննությունն իրականացնելու, դրանից հետո որևէ կերպ ես չեմ առնչվել հոկտեմբերի 27-ի քրեական գործին: Ո՞ւմ էր հետաքրքրում, ի՞նչն էր նպատակը ինձ հրավիրելու այդ հարցաքննությանը:»:

Հրաչյա Սարգսյանը նաև վրդովված է, որ խոչընդոտել են իր գիտական գործունեությունը. «Չի կարելի գիտնականին անհիմն ձևով հարվածների տակ դնել և աշխատանքը նսեմացնել: Իմ գիտական գործունեությունը խաթարվել էր մեր նախորդ իշխանությունների կամայականությունների պատճառով, ու ես հարկադրված վերադառնում եմ իմ գիտական դպրոցի ակունքներին, շարունակում եմ աշխատել, պատենտ եմ ձևակերպում, հետո պարզվում է, որ այդ աշխատանքը կապված է Լիտվինենկոյի թունավորման հետ: Այդ հարցերի պատասխանները պետք է իրավաբանական ձևակերպում ստանան և ես որպես տուժող հանդես գամ: Հարցաքննությունից տարիներ հետո ինձ լուր հասավ, որ իմ գիտական գործունեությունը փորձ են անում կապել 2006-ին Լոնդոնում ռադիոակտիվ նյութերի թունավորումից կարճ ժամանակում մահացած Լիտվինենկոյի թունավորման հետ, որը 2005-ին ադրբեջանական լրատվամիջոցներով խոսեց հոկտեմբերի 27-ի և ռուսական հատուկ ծառայությունների կապի մասին: Կուզեմ, որ այդ մասով լուսաբանումներ լինեն: Վստահ եմ, որ քննչական խումբը որոշակի տեղեկությունների տիրապետում է նաև այդ մասով»:

Հրաչյա Սարգսյանը հայտարարեց՝ գործի վերաբացումը կարևոր է ու ճիշտ, եթե լինի ճիշտ քննություն տանելու տրամադրություն, քաղաքական և մասնագիտական կամք, ինչը մինչև այս պահը ըստ նրա՝ չի երևում. «Փաստը մնում է այն, որ իրական տուժողները դեռ վտանգի մեջ են: Մենք ինչպես գիտենք՝ հոկտեմբերի 27-ից հետո ավելի շատ մարդ է սպանվել, քան այդ օրը սպանդի ժամանակ ութ հոգին էր: Իսկ դեռ ինչքաններ են տուժվել ու սպանվել են, որոնց մասին տեղեկություն չունենք, սա փաստ է: Այս իմաստով հոկտեմբերի 27-ի գործը արդար քննության կարիք ունի, վարչապետը, իր ու իր ընտանիքի անվտանգությունից ելնելով, դա պիտի անի: Արդեն մամուլում գրվել է, որ հոկտեմբերի 27-ի նոր վտանգ կա»:

Հրաչյա Սարգսյանն ուզում է ստանալ այն հարցերի պատասխանները, թե ինչ հիմքով է ինքը 2002-ի գարնանը հրավիրվել ոստիկանություն և հարցաքննվել՝ որպես վկա, բայց հրավերի քննության հենց սկզբից հայտարարել են, որ հարցաքննվելու է որպես կազմակերպիչ-կասկածյալ այդ սպանության: Նա տեղեկացրեց, որ այդ ժամանակ գլխավոր վարչությունը գլխավորում էր հայտնի «կրակեմ Հրաչը»՝ Հրաչյա Հարությունյանը: Հրաչյա Սարգսյանը նաև ուզում է տեղեկանալ՝ արդյոք իր՝ ութ ժամ տևած հարցաքննությունը որևէ կերպ արտացոլվե՞լ է 2004-ին կարճված անջատված մասով քրեական գործի նյութերում, կա՞ն տեղեկություններ, որ հարցաքննվել է նաև Հրաչյա Սարգսյանը:

Նա հիշեցրեց՝ 2020-ի մարտի 31-ին մանրամասնել է, թե ինչ է տեղի ունեցել 2002-ին՝ հույս ունենալով, որ իր հրապարակումն ուշադրության կարժանանա վերաբացված քրեական գործով քննչական խմբի կողմից: Միևնույն ժամանակ նշեց. «Անցել է չորս ամիս, բայց մինչև օրս որևէ լուր չունեմ, թե ինչ են ծրագրում իմ հետ կապված: Ես համոզված եմ, որ իմ հարցաքննությունն էապես շահեկան կդարձնի ճշմարտությունը վեր հանելու հարցում, որը բխում է մեր պետության շահերից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031