Արցախի հանրապետությունում այս տարի նորություն է հանրակրթական դպրոցներում առցանց տարբերակով առաջին դասարանցիների ընդունելության կարգը: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արցախի կրթության գիտության եւ մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը, օգոստոսի 3-5-ը կգործարկվի ընդունելության ծրագիրը:
«Միայն Ստեփանակերտում առաջին դասարանցիների ընդունելությունը կկազմակերպվի տեղային սկզբունքով, այսինքն, տվյալ դպրոցի հարակից փողոցներում ապրող երեխաներն են միայն հաճախելու այդ դպրոց: Ծնողները պետք է հայտագրվեն: Համակարգիչ կամ սմարթֆոն չունեցողները կարող են դիմել դպրոցի տնօրենին»,-տեղեկացրեց նախարարը:
Նա նշեց, որ հայտագրվելուց մեկ շաբաթվա ընթացքում երեխայի փաստաթղթերի բնօրինակները պետք է ներկայացվեն դպրոց, այլապես հայտը կչեղարկվի. «Մինչեւ օգոստոսի 25-ը հայտերը կընդունվեն»: Ինչ վերաբերում է մանկապարտեզներին, Լուսինե Ղարախանյանն ասաց, որ 6 եւ 9-ժամյա նախակրթարաններում տեղային կենտրոնացում չի լինելու. «Սակայն բոլոր մանկապարտեզների տնօրեններին հորդորում եմ բոլոր երեխաներին հավասար աչքով նայել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ