Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վերաբնակեցման այս ծրագիրը լինելու է շարունակական. ևս 64 ընտանիք համայնքից անհատույց բնակարան ստացավ

Հուլիս 24,2020 17:47

Երևանի 4-րդ կարգի վթարային շենքերում բնակվող ևս 64 ընտանիք կապրի նորակառույց, հարմարավետ ու լուսավոր բնակարաններում: Սիսակյան 3 հասցեում կառուցված շենքում բնակարանամուտ էր: Հայրապետյանների ընտանիքին նոր բնակարանի բանալին ու սեփականության վկայականը հանձնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«2019թ. Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի 8 և 10 հասցեների չորրորդ կարգի վթարային շենքերի բնակիչների մի մասին տեղափոխել էինք արդեն և այս շենքի կառուցմամբ ու հանձնմամբ մենք այս խնդիրը վերջնականապես լուծեցինք»,– նշում է քաղաքապետը:

Հաշվի առնելով համավարակով պայմանավորված արտակարգ դրությունը՝ ընտանիքները բանալիներն ստանում են առանձին-առանձին: Մինչ նոր շենքի կառուցման ավարտն, ի դեպ, այս ընտանիքները տեղափոխվել էին վթարային շենքերից, իսկ վարձակալած բնակարանների ամենամսյա ծախսը հոգում էր համայնքը:

«Սա մեր կարևորագույն ծրագրերից մեկն է. վթարային շենքերից մարդկանց տեղափոխել նորմալ շենքեր: Սա ոչ միայն մարդկանց կյանքի բարելավման ծրագիր է, ինձ համար սա առաջին հերթին մարդկանց անվտանգության ապահովման ծրագիր է: Իհարկե, ոչ պակաս կարևոր է, որ նաև մարդկանց կյանքի որակն է բարձրանում համեմատած այն պայմանների, որում ապրում էին, բայց, այնուամենայնիվ, անվտանգությունը համար մեկ խնդիրն է քաղաքային իշխանության համար»,- ընդգծում է Հայկ Մարությանը:

Քաղաքապետ Մարությանը շրջել է բնակարաններում, ծանոթացել պայմաններին: Բնակարաններն ընտանիքներին հանձնվում են հիմնական բոլոր հարմարություններով հագեցած. ներքին հարդարմամբ, ջեռուցման, ջրի ու բնական գազի մատակարարման համակարգերով: Տասնամյակներ շարունակ այս ընտանիքներն ապրել են բնակության համար անհրաժեշտ տարրական պայմաններից զուրկ՝ ամեն օր զգալով փլուզման վտանգը:

«Շնորհավորում եմ բոլորին, շնորհավորում եմ նաև մեզ՝ երևանցիներիս, որովհետև այս խնդրի լուծումը ուրախացնում է բոլորիս: Նաև շնորհակալություն եմ հայտնում բոլոր երևանցիներին, որովհետև այս շենքը կառուցվել է Երևանի բյուջեով, իսկ համայնքի բյուջեի համալրմանը մասնակցում են բոլոր երևանցիները: Ուստի, շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր երևանցիներին, ովքեր մասնակից են եղել այս շենքը կառուցելուն: Ես շնորհակալ եմ, որ քաղաքային իշխանությունն այդ հնարավորությունը ունեցել է և օգտվել է այդ բյուջեից ու մարդկանց, իրոք, շատ վատ, կարելի է ասել՝ անմարդկային պայմաններից տեղափոխել լավ որակի, այսօրվա չափորոշիչներին համապատասխան բնակարաններ»,- ասել է քաղաքապետը:

Քաղաքապետարանի վերաբնակեցման սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս ծրագիրը լինելու է շարունակական: Մարգարյան հասցեում համայնքային բյուջեի միջոցներով առաջիկայում կկառուցվի ևս մեկ շենք, որը հնարավորություն կտա լուծել չորրորդ կարգի վթարային մյուս շենքերում ապրող բնակիչների վերաբնակեցման խնդիրը:

 Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031