Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարության «ռինգում» ֆինանսիստները միշտ նոկաուտի են ենթարկում տնտեսական բլոկին». Վահան Քերոբյանն՝ իր հայտնի գրառման, առաջարկների եւ վարչապետի հետ հանդիպման մասին

Հուլիս 24,2020 17:30

Menu.am-ի հիմնադիր, գործարար Վահան Քերոբյանի՝ վարչապետի եւ գործարարների հետ հուլիսի 24-ի հանդիպման մասին  գրառումը  սոցիալական ցանցում տարակուսանք է առաջացրել, այն քննարկման առիթ է դարձել:

Պարոն Քերոբյանն այդ հանդիպման մասին գրել էր. «Այսօրվա՝ գործարարների եւ վարչապետի հանդիպումը շատ վատ անցավ։ Վարչապետը մեզ մեղադրեց, պատմեց, բացատրեց, ներկայացրեց, բայց չլսեց։ Հուսով եմ, որ լսողության կորուստը ժամանակավոր է»:

Մինչդեռ, մեկ այլ գործարար՝ Ավագ Հարությունյանը, ինչպես շատերն էին նկատել, հակառակ կարծիք էր հայտնել, եւ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը շատ դրական որակել:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Քերոբյանը մանրամասներ է ներկայացնում

Ֆեյսբուքյան գրառման առիթը

Իրականում, փաստի վերաբերյալ մեր կարծիքները տարբեր չեն, ես եւ Ավագ Հարությունյանն ասում ենք, որ մենք կոնկրետ թեմաների շուրջ էինք ուզում խոսել, բայց լսեցինք հայեցակարգային պատասխաններ, որը մեր հանդիպման թեման չէր: Բարձրախոսը շատ քիչ եղավ մեր ձեռքում: Եվ չնայած, որ վարչապետի խոսքերը քննարկման թեմային չէին առնչվում, միեւնույն է, շատ հետաքրքիր էին: Ես ընդամենը անդրադարձել եմ հանդիպման  արդյունքին, որն այդպես էլ չենք ստացել: Ուղղակի այդ հանդիպումը բուն նպատակին չծառայեց, հավաքվել էինք քննարկելու տնտեսական ակտիվության, վերականգնման, աշխատատեղերի պահպանմանն ուղղված հարցերը, սակայն այդպես չստացվեց, հիմնականում վարչապետն էր խոսում, շատ գործարարներ հնարավորություն չունեցան իրենց մտահոգություններն ու առաջարկներն ասելու: Վարչապետը եթերաժամի մեծ մասը զբաղեցրեց, տարբեր բաների մասին էր խոսում, որոնք շատ հետաքրքիր էին, բայց արդյունքում՝ մենք չստացանք այն, ինչի համար հավաքվել էինք, ու դա էր իմ գրառման առիթը, եւ այն ավելի շատ ուղղված էր հենց կառավարությանն ու վարչապետին: Վստահ եմ՝ իրենք կվերականգնեն իրենց լսելու ունակությունն այնպես, ինչպես որ նախկին հանդիպումների ժամանակ է եղել:

Փաշինյանի «խրատը»

Վարչապետն այդ հանդիպմանը խոսեց երկրի ռազմական, տնտեսական ուժն ավելացնելու մասին, այս ենթատեքստում նա ընդգծեց, որ գործարարները հարկերին պետք է նայեն որպես այդ ուժն ապահովելու առաջին ձեւի: Բայց մեզ համար դա նորություն չէր, բնավ, հարկավոր չէր մեզ դա բացատրել: Մենք անցյալ տարի բյուջե այնքան հարկ ենք վճարել, որ կառավարությունը չի կարողացել ամբողջը ծախսել: Վարչապետի ելույթի այդ մասը ուսուցողական էր: Այդտեղ ներկա գործարարներն այնքան հասուն են, թե՛ որպես գործարար, թե՛ որպես քաղաքացի, որ դա բացատրելու կարիք չկար, հատկապես, այդ ոճով մեզ հետ խոսելու կարիք չկար։ Գիտեք, որ նոր ենք դուրս եկել ռազմական բախումից եւ գործարարները ոգեւորված են, որովհետեւ տեսնում են, որ իրենց հարկերն աշխատում են երկրի անվտանգության համար, եւ այդ ներդրված գումարներն իրական արդյունք են տալիս:

Բիզնեսն արագ է, կառավարությունը դանդաղում է

Հիմա  գործարարները սթրեսային կյանքով են ապրում, հատուկենտ գործարար կլինի, որը մեծ խնդիր չունի, բոլոր գործարարներն  անընդհատ մտածում են աշխատատեղերը պահպանելու, տնտեսական ակտիվությունը վերականգնելու, եւ, իհարկե, Հայաստանի տնտեսական հզորության մասին: Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ այս առումով, բոլորս էլ ունենք մեծ պատասխանատվություն: Պարզապես, մենք բոլորս ուզում ենք, որ ամեն ինչ ավելի արագ լինի. բիզնեսմեներնն ավելի ագրեսիվ են ու արագ, ժամանակը թանկ է իրենց համար, իրենք տեսնում են, որ որոշ բաներ, որոնք արվում են, շատ դանդաղ են արվում: Դա անզեն աչքով երեւում է, եւ այստեղ կա հակասություն ռեֆորմների նախընտրելի արագության վերաբերյալ։

Կառավարության հակաճգնաժամային միջոցառումները կոսմետիկ են,  տնտեսության խնդիրն ավելի ծանր

Կառավարության ֆինանսական թեւը դոմինանտ է  որոշումներ կայացնելու մեջ, կառավարության տնտեսական թեւը ավելի թույլ է, արդյունքում՝ ֆինանսական բլոկը կարողանում է իր դիրքորոշումներն ու կոնսերվատիվ մոտեցումները պաշտպանել եւ դարձնել կառավարության դիրքորոշում, այն դեպքում, երբ տնտեսական բլոկը չի կարողանում կամ չի ուզում հակադրվել այդքան կոնսերվատիվ մոտեցմանը: Ես մարտից իմ բազմաթիվ ելույթներով հուշել եմ կառավարությանը, որ վատ է վերաբերվում կորոնավիրուսին: Իրենք փորձում են «ծանր հիվանդությունը բուժել թեթեւ դեղերով»՝ հույս ունենալով, որ Հայաստանի տնտեսական օրգանիզմը կկարողանա սեփական իմունային համակարգով լրացնել դեղերի անհամաչափության բացը, բայց դա վտանգավոր ճանապարհ է: Հակաճգնաժամային այն միջոցառումները, որոնք արվել են, իրականում կոսմետիկ են, տնտեսության խնդիրներն ավելի ծանր են, մենք մինչեւ հիմա 100 միլիարդ ենք լցրել տնտեսություն, որը մեր ՀՆԱ-ի 1,5% է, այն դեպքում, երբ ԱՄՆ-ն մոտ 20% ներարկել տնտեսության մեջ, ու շարունակելու է, ԵՄ-ն՝ 13-14% չափով: Իմ չհնչած առաջարկի մեջ կար օգնության 4 հիմնական խումբ՝ փոքր բիզնես, մեծ բիզնես, ֆինանսական համակարգ ու սովորական մարդիկ: Մեծ բիզնեսին որեւէ նշանակալի աջակցություն չկա, իսկ այն նույնպես շատ վատ վիճակում է։ Ինչքան էլ մենք խոսենք փոքր ու միջին բիզնեսի մասին, պետական բյուջեի  80%-ից ավելին լցնում են խոշոր բիզնեսները։

Թեև մենք ուշացրել ենք մասշտաբային աջակցությունն, ըստ իս, բայց այլ, այս փուլին հարմար տնտեսական խթանման տարբերակներ կան, որոնք կարող են նպաստել՝ այսօրվա վիճակից ավելի լավ ճանապարհով գնալ առաջ, եւ դա կլինի ոչ թե օգնություն, այլ կառավարության ներդրումը, ուղիղ ներդրում, որից հետո օգուտով դուրս կգա թե՛ պետությունը, թե՛ գործարարները, եւ թե՛ աշխատող մարդիկ: Բայց մեր կառավարության ռինգում ֆինանսիստները միշտ նոկաուտի են ենթարկում տնտեսական բլոկին և ցանկացած համարձակ նախաձեռնություն։

Ռեսուրս կա. պետք է գումար ներարկել տնտեսության մեջ

Շատ եմ լսել, որ ասում են՝ գումար չկա, հաշիվներին փող չկա: Իրականում՝ կա ռեսուրս, եւ այն մեծ է՝ ռեզերվներ կամ պարտքով միջոցներ ներգրավելու հնարավորությունների տեսքով, չօգտագործված վարկային միջոցների տեսքով և այլն։ Մենք արտաքին ցածր պարտքային բեռով երկիր ենք, անցած տարի ցույց ենք տվել շատ առողջ հաշվեկշիռ եւ մեր պետական պարտատոմսերի ռիսկայնությունը կտրուկ ընկել է: Մեր բյուջեի ծախսային մասը այսպես, թե այնպես պետք է կատարվի, կառավարությունն ընտրել է տնտեսական իրավիճակի վատթարացման հետեւանքով բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման տրիվիալ ճանապարհը՝ պարտքը  վերցնել ու դեֆիցիտը ֆինանսավորել: Բայց կարելի է նաեւ այդ գումարը ներարկել տնտեսության մեջ, որպեսզի տնտեսությունն աշխատի, աշխատատեղերը չկորեն եւ գեներացնեն հարկերն ու լուծվի բյուջեի եկամտային մասը, ոչ թե սառնասրտորեն հանդուրժել, որ, ասենք, հարյուրավոր ընկերություններ փակվեն, համապատասխան հարկերը չհավաքվեն: Դա տնտեսական պոտենցիալի կորուստ է եւ այն հաջորդ տարիներին շատ ավելի դժվար կվերականգնվի։

Կիրառել զարգացած երկրների փորձը՝ օգուտով դուրս գալ

Ես կարծում եմ, որ կարելի էր զարգացած երկրների օրինակով գնալ՝ այնպես խրախուսել բիզնեսին, որ աշխատավարձերը չկրճատեն, աշխատատեղերը պահպանվեն, ուղղակի ֆինանսավորեն բիզնեսին, օգնեն, ասենք՝ պարտատոմսեր թողարկեն, արտոնյալ երկարաժամկետ ներդրումներ անեն: Օրինակ՝ Գերմանիայի կառավարությունը «Լյուֆթանզա» ավիաընկերության 21%-ը գնեց՝ այնտեղ գումար ներդնելով այնպես, որ այն չսնանկանա, իսկ հաջորդ տարիներին, երբ ավիաընկերությունը եկամուտներ ունենա, Գերմանիայի կառավարությունը կվաճառի իր բաժնեմասն ու օգուտով դուրս կգա: Կամ, օրինակ՝ Մեծ Բրիտանիան օգոստոսին մի ծրագիր է գործարկելու՝ նշանաբանը՝ սնվեք դրսում, դրսին օգնելու համար (eat out, to help out): Իմաստն այն է, որ օգոստոսին յուրաքանչյուր շաբաթվա առաջին երեք օրերը կառավարությունը կֆինանսավորի ցանկացած մարդու կտրոնից՝ տաս ֆունտը: Սա աջակցություն է ռեստորաններին՝ խթանելով սպառումը եւ շահագրգռելով մարդկանց «վերադառնալ» ռեստորաններ: Մեր երկրում ռեստորանների ոլորտի հետ աշխատում են շատ գյուղացիներ, արտադրողներ, այլ մատակարարներ: Այսինքն՝ սա աջակցություն չէ զուտ ռեստորանին, այլ շղթայական օգնություն է ամբողջ տնտեսական ուղղահայացին։

Մի օրինակ բերեմ՝ գյուղացի ընկեր ունեմ, նա մինչեւ տարեվերջ պետք է վաճառի հիսուն գլուխ խոշոր անասուն, բայց ռեստորանները  չեն գնում, սպառումը նվազել է: Կարող են գումարը տալ գյուղացուն, բայց կարող են խրախուսել ռեստորանների հաճախորդներին, ովքեր կօգտվեն ռեստորաններից, այսպիսով՝ օգուտ կքաղեն բոլոր կողմերը, հաճախորդները, ռեստորանները, սպանդանոցները, գյուղացին, բյուջեն։ Կարճ ասած՝ պետք է խթանել սպառումը: Բիզնեսը կապված է հաճախորդների գնողունակությունից, եւ եթե կառավարությունը չպաշտպանի հասարակ քաղաքացուն, բոլորի վրա է ազդելու:

Մեր  խնդիրը Ադրբեջանը չէ, Թուրքիան է

Երբ առաջարկում եմ շատ արագ ու թիրախային աջակցել բիզնեսին, այստեղ մենք, մեր բիզնեսը խնդիր չունի, մենք երեւի հատուկենտ ընկերություններից ենք, որին համավարակն «օգնել է»: Խնդիրը պետական է՝ ատամներով պաշտպանել աշխատատեղերն ու բիզնեսները: Նիկոլ Փաշինյանն էլ ասաց՝ մեր նշաձողը Թուրքիային հավասարվելն է, մեր խնդիրը Ադրբեջանը չէ, մեզ պետք է հավասարվել Թուրքիային: Նկատի ունի՝ անվտանգության, տնտեսական, միջազգային ազդեցության եւ այլ տեսակետներից: Ես համաձայն եմ, բայց եթե մենք ուզում ենք, ասենք՝ Իսրայելի կամ Շվեյցարիայի նման բանակ ունենալ, պետք է տնտեսության մեջ առաջիկա տասը տարում 100 միլիարդ դոլարի ներդրում «հայթայթենք», իսկ դա առանց ուժգին պետական միջամտության չի կարող տեղի ունենալ։ Կառավարությունն, ի դեպ, անցած շաբաթ հաստատեց կապիտալի շուկաների զարգացման հայեցակարգը, որն իդեալական չէ, բայց եթե ըստ ժամանակացույցի իրագործվի, կկարողանա բավականին լավ «հրել առաջ» ներդրումների տեմպը։

Իմ վերաբերմունքը իշխանության հանդեպ չի փոխվել

Իմ այդ գրառումը չպետք է որոշ մարդկանց թույլ տա ենթադրելու, իբրեւ թե ես իմ վերաբերմունքը փոխել եմ կառավարության կամ նրա աշխատանքի նկատմամբ: Իմ վերաբերմունքը իշխանության հանդեպ բացարձակ չի փոխվել, իմ վերաբերմունքն ինչպես առաջ էր, այնպես էլ հիմա է, մեր կառավարության նկատմամբ ամենալոյալ մարդկանցից մեկն եմ, որովհետեւ ինձ համար իշխանության չկոռումպացվածությունն ու արդար ընտրություններին նվիրվածությունը լուծում են իմ վերաբերմունքի 80-90% -ի հարցը:

Պետության չարորակ ուռուցքն ու կառավարությունից ակնկալիքը

Ամենակարեւոր գործոնը, որը ես անձամբ ակնկալում եմ կառավարությունից, դա իշխանափոխության ազնիվ ճանապարհի երաշխավորումն է եւ համակարգային կոռուպցիայի բացակայությունը: Սրանք ենք ամենակարեւոր բաները, որպեսզի արդար ընտրություններով կարողանանք փոխել իշխանությունը, եւ վստահ լինենք, որ համակարգային կոռուպցիա չկա, դրանք ցանկացած պետության համար չարորակ ուռուցք են: Իսկ այս իշխանության և իր աշխատանքի ու արդյունքների նկատմամբ իր վերաբերմունքը հանրությունը ցույց կտա հաջորդ ընտրություններին, եթե դժգոհ է այս իշխանությունից, կփոխի ընտրության միջոցով:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031