Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հախվերդյան. «Ես ուրախ եմ Նիկոլ Փաշինյանի պնդաճակատությունից»

Հուլիս 24,2020 17:20

«Արարատ» ակումբում կայացած ասուլիսում երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը կարծիք հայտնեց, որ  հեղափոխությունից հետո շատ ոլորտներում կաշառքը վերացել է: Նրա խոսքով՝ նախկին երեք կառավարություններում քավոր-սանիկային հարաբերություններ էին տիրում, դրա համար նրանք չկարողացան ոչ կոռուպցիոն համակարգ սարքել, սակայն հիմա՝ իր տպավորությամբ, պատկերն այլ է: «Ես ուրախ եմ Նիկոլ Փաշինյանի պնդաճակատությունից, որ մինչեւ վերջ իր գիծը տանում է, բայց չեմ հասկանում, թե ինչու են ահագին մարդիկ դրսում, երբ ներսում պետք է լինեին»,-ասաց նա: Միեւնույն ժամանակ, ափսոսանք հայտնեց, որ Փաշինյանը խորհուրդ չլսող մարդ է, այլապես մի քանի բան կհուշեր նրան:

Ապա` հավելեց. «Նիկոլ Փաշինյանի վրա հաչացողները հիմնականում նրանք են, որոնք կերակրատաշտից այլեւս չեն օգտվում, կուսակցությունների անունը չտամ, բոլորն էլ գիտեն… Ինքս կուսակցական չեմ, չեմ էլ եղել, այ, եթե հզոր Կանաչների կուսակցություն լինի, գուցե անդամագրվեմ… Մաքսատներում տեսնում եմ տեսանելի փոփոխություններ, մշակույթին ուշադրություն չի դարձվում, սփյուռքահայության կոմիտեն, որ առաջ ԿԳԲ-ի օրգաններից մեկն էր, հիմա ուրիշ է… Ես առաջ «նիվիեզդնոյ» էի, բայց ինձ կաշառք տվեցին եւ թողեցին Ֆրանսիա: Փոփոխություններ հիմա կան, օրինակ` մարդկանց մոտ ժպիտ ես տեսնում… Երբեմն հաչոցներ են գնում, որ բանակը Նիկոլը չի, բայց ինքն է նշանակել այդ մարդկանց, գերագույն գլխավոր հրամանատարը ինքն է, ինքը գիտի, թե ինչ է անում, ես լուռ ծափահարում եմ իրեն»:

Ռուբեն Հախվերդյանն անդրադարձավ նաեւ նախկին նախագահներին. «Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբայրը թալանեց «Հրազդանմաշը», մետաղը եւ մնացածը, եւ երբ Ռոբերտ Քոչարյանին դատում են, պետք է դատեն նաեւ Լեւոն Տեր- Պետրոսյանին, հատկապես, որ քաղաքական սպանությունների մեծ մասը Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք է եղել՝ Ղանդիլյան՝ իր շրջապատով, Մարիուս Յուզբաշյան, Համբարձում Գալստյան… ես համոզված եմ, որ Լեոնիդ Ազգալդյանի սպանությունը նույնպես Լեւոնի ժամանակ է եղել»:

Երգահանն ասաց, որ ռեստորանները փակվել են, եւ այժմ բազմոցին պառկած մեծ մասամբ հեռուստացույց է դիտում, անգամ բազմոցը փոս է գնացել, բայց ունի հովանավորներ, որոնք  աջակցությամբ նոր CD-ների վրա է աշխատում: Տեղեկացրեց, որ ինքն էլ է կորոնավիրուսով վարակվել. «Կորոնավիրուսը ինձ էլ հանդիպեց, քացով տվի՝ հեռացավ, մի երեք օր տաքություն ունեցա, կինս էլ նույնը, հիմա լավ ենք»:

Ինչ վերաբերում է «թավշյա» հեղափոխությանը, Հախվերդյանի խոսքով. «Եթե ժողովուրդն այդքան զզված չլիներ նախկին իշխանություններից, համաժողովրդական զզվանքը նրանց նկատմամբ այդքան մեծ չլիներ, հեղափոխություն չէր լինի… Էլի եմ ասում, որ հեղափոխությունը թավշյա չի լինում, չուգունով է լինում… Պետք է հարգել օրենքը, պետք է օրենքը գործի եւ լինի խիստ»:

Ռուբեն Հախվերդյանը մեջբերեց Նժդեհին, որն ասում էր՝ առանց մշակույթի ժողովուրդը խոզի կնմանվի, ափսոսանք հայտնեց, որ ոլորտը բարձիթողի է եւ դրան նպաստում է նաեւ հեռուստատեսությամբ մատուցված աղբը: Հայոց լեզվին էլ անդրադարձ եղավ. «Մենք պետք է հատուկ պատրաստենք այնպիսի մշակված հայերենի ուսուցիչներ, որոնք լինեն մեր պետության էմիսարները՝ համշենահայերի, ղարաբաղցիների, ռուսահայերի ու Սփյուռքի հայերի համար… Հայերենի ուսուցիչները պետք է իմանան գրաբար, արեւմտահայերեն, արեւելահայերեն, պետք է մի քանի անգամ բարձր աշխատավարձ ստանան, քան, օրինակ` մաթեմատիկայի ուսուցիչները»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    անոնք որոնք այսպէս խօսում են, վստահաբար ծանօթ չեն՝ Նյուտոնի Երրորդ Օրէնքին…

    Փաշինյանին ետեւը պահուըտած, tough-tough խօսում են, զինք հրում են դէպի անխոհեմ քայլեր… ուրիշի հաշւոյն, անմիտ, օդին մէջ խիզախութիւն

    դուք ձեր այդ ուզած վայրենի յեղափոխութիւնը անել փորձէիք, ձեր պո՛յը տեսնէինք, դաւայ…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031