Արցախի հանրապետությունում սեպտեմբերից սկսվող ուսումնական գործընթացը կորոնավիրուսի տարածման պատճառով պայմանավորված է լինելու պարետատան հրահանգներով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արցախի կրթության, գիտության եւ մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը:
Նրա խոսքով՝ այս պահին հայտնի է միայն, որ ուսուցիչը պետք է կրի դիմակ, որովհետեւ ռիսկային խմբում է: «Բայց չենք կարող ասել, որ տարրական դպրոցների աշակերտները դիմակ են կրելու, որովհետեւ մասնագետների փաստմամբ՝ դա վնաս է, այն չի կարող նպաստել ուսումնական գործընթացին երեխաների լիարժեք մասնակցությանը»,-նշեց նախարարը:
Նրա հայտնեց, որ միջին եւ ավագ դպրոցներում դիմակ կրելու հետ կապված որոշում դեռեւս չկա, բայց նախարարությունն առաջարկներ է հղել պարետատանը եւ առաջնորդվելու է վերջինիս հրահանգներով: Ինչ վերաբերում է մանկապարտեզներում դիմակ կրելու հարցին, տիկին Ղարախանյանը նշեց, որ նախակրթարանների դեպքում եւս հակահամաճարակային կանոնների պահպանման համար որոշ առաջարկներ են ներկայացվելու պարետին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ