Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել վերջին օրերի իրադարձությունների առնչությամբ:
«Վերջին օրերին շարունակում ենք արձանագրել, որ ադրբեջանական կողմը փորձում է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարված իրավիճակը տեղափոխել Ռուսաստանի Դաշնության տարածք և կոնֆլիկտ ստեղծել երկու ժողովուրդների համայնքների միջև:
Մասնավորապես, այս դրսևորումները տեղի են ունենում Մոսկվայի և Ռուսաստանի այլ քաղաքների առևտրատնտեսական հարթակներում, որոնք այս կամ այն կերպ փոխկապակցված են Ադրբեջանի իշխանությունների հետ:
Վերջին գիշերվա իրադարձությունները, որոնք ուղեկցվել են բազմաթիվ սադրանքներով, ինչպես նաև հայերի վրա հարձակումներով, ցավոք, հերթական անգամ մատնանշում են ադրբեջանական կողմի գործողությունների միտումնավոր բնույթը: Այդ սադրանքների նպատակն է խաթարել Ռուսաստանում ազգամիջյան ներդաշնակության հիմքերը, նպաստել բազմազգ հասարակության մեջ լարվածության աճին և երկրում կոնֆլիկտային իրավիճակների նախադեպեր ստեղծել:
Կարդացեք նաև
Դեսպանությունը, Ռուսաստանի հայերի միությունը և այլ կառույցներ տեղեկացրել են Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմիններին այս գիշեր տեղի ունեցած իրադարձությունների, ինչպես նաև սադրանքների այլ փորձերի մասին:
Մենք հավատում ենք, որ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել իրավիճակը կարգավորելու՝ հետագա զարգացումներից խուսափելու համար: Ռուսաստանի տարածքում տեղակայված տնտեսվարող սուբյեկտները՝ անկախ ազգությունից և քաղաքացիությունից, պետք է հետևեն Ռուսաստանի Դաշնության օրենքներին:
Միևնույն ժամանակ, ելնելով ստեղծված իրավիճակից և հայկական համայնքը զանազան սադրիչ գործողություններում ներգրավելու փորձերից՝ մենք մեր հայրենակիցներին խնդրում ենք լինել զգոն, զսպված և չտրվել սադրանքների, չմասնակցել տարբեր կողմերի գործողություններին կամ նախաձեռնություններին, որոնք կազմակերպվել են ի պատասխան ադրբեջանական կողմի սադրանքների:
Մենք շարունակում ենք աշխատել ծագած խնդիրները լուծելու ուղղությամբ՝ հավատարիմ մնալով ազգամիջյան հանգստությունը պահպանելու սկզբունքին:
Ցանկացած սադրիչ դրսևորումների առկայության դեպքում խնդրում ենք անմիջապես հայտնել դեսպանատան, Ռուսաստանի հայերի միության և այլ կառույցների թեժ գծերին, ինչպես նաև կապ հաստատել իրավապահ մարմինների հետ:
Թեժ գծի համարներ.
Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանություն – հեռ. + 7 (966) 118-89-84
Ռուսաստանի հայերի միություն – հեռ. +7 (916) 417-88-82», –ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև Ռուսաստանում հայերի միությունը:
Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ Իլհամ Ալիևը և ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Բյուլբյուլօղլին անում են ամեն ինչ՝ Ռուսաստանը Սումգայիթի վերածելու համար: Տեղեկատվության համաձայն՝ Մոսկվայում ՕՄՕՆ-ը գիշերվա ընթացքում ձերբակալել է 50-ից ավելի ադրբեջանցի հանցագործների, որոնք մասնակցել են հայերի ծեծին: Նրանց մեղադրանք է առաջադրվել խուլիգանության և ազգամիջյան թշնամանք բորբոքելու համար: Ռուսաստանի հայերի միությունը ևս կոչ է անում հայ համայնքի ներկայացուցիչներին այս օրերին լինել զգոն և չտրվել սադրանքների:
https://www.facebook.com/souzarmyanrossii/videos/576538139919642/
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ