Փակ սահմանների հետեւանքով Սեւանա լճի ափին հանգստացողների քանակն էականորեն աճել է: Այսօր լճի ափին կազմակերպված ասուլիսում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Մարզպետի խոսքով, չնայած այս հարցի դրական կողմին՝ կա նաեւ խնդիր. «Դրականն այն է, որ տնտեսվարողները կարողանում են շահույթ ստանալ, բացասականն այն է, որ տարբեր մարզերից դեպի Գեղարքունիքի մարզ տեղաշարժը բերում է կորոնավիրուսի օջախների տարածմանը: Վարդավառից հետո կորոնավիրուսի որոշակի ակտիվացում ունեցանք»:
Լճի ջրի որակի առնչությամբ էլ հարցին՝ արդյոք կարելի՞ է լողալ, Գնել Սանոսյանն ասաց, որ ինքը կոմպետենտ չէ լճի ջրի որակի մասին խոսել եւ դրա մասին պետք է խոսեն համապատասխան գերատեսչությունները, մասնագետները: Ըստ մարզպետի, լճի որոշ հատվածներում ջուրը շատ մաքուր է, բայց որոշ հատվածներում էլ լճի ծաղկման բուռն գործընթացներ են ընթանում:
Մարզպետն ասաց, որ տուրիզմի եւ գյուղատնտեսության ոլորտում մեծ ներուժ կա, որը չեն կարողանում օգտագործել: Տուրիզմի պարագայում ներդրողները հենց Սեւանի ափին են ցանկանում ներդրումներ անել, սակայն, դա հնարավոր չէ, քանի որ այնտեղ այլեւս ազատ տարածքներ չկան եւ բացի այդ, պարոն Սանոսյանի խոսքով, շրջակա միջավայրի նախարարությունը դեռ լուծումներ է փնտրում՝ ինչ անել արդեն կառուցված անօրինական օբյեկտների հետ:
Գյուղատնտեսության ոլորտում ներդրում անել ցանկացողներն էլ, որոնք մտադիր են մեծ անասնաֆերմաներ հիմնել՝ իրենց ենթակառուցվածքներով, վարելահողեր են ուզում, որպեսզի բուսատեսակներ աճեցնեն եւ այդ կերերով իրենց անասուններին կերակրեն. «Բայց մեր համայնքների շատ բնակիչներ, մի կողմից հողը չեն մշակում, մյուս կողմից, երբ լսում են, որ գործարար կա, որն ուզում է 10-20 կամ 100 հեկտար հող ձեռք բերել, սկսում են տրամադրվել այդ գործարարի դեմ ու որոշակի քաշքշուկներ ու անհարմար իրավիճակներ են առաջանում: Երբեմն մենք գործարարին չենք կարողանում տալ այնքան տարածք, որը նրա կարիքների համար պետք է: Նրանք չեն կարողանում իրենց բիզնես ծրագրերն իրականացնել»:
Կարդացեք նաև
Մարզպետը գտնում է, որ պետք է այս ոլորտում փոփոխություն անել եւ այն մարդիկ, որոնք իրենց հողատարածքները չեն մշակել կամ չեն մշակել նպատակային, պետք է որոշակի պայմաններով նրանցից վերցնել եւ վարձակալությամբ տալ ֆերմերներին, որպեսզի կարողանան իրենց տնտեսությունը զարգացնել իսկ բնակիչներն էլ դրանից որոշակի եկամուտ կստանան:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Լուսանկարը՝ Գնել Սանոսյանի ֆեյսբուքյան էջից