Այսօր ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն այցելել է սահմանամերձ Վահան համայնք, որտեղ զրուցել է բնակիչների հետ: Մարդիկ տարբեր խնդիրների մասին էին խոսում՝ մշակույթի տնից մինչեւ առողջապահական խնդիրներ ու թալանչիներ:
Պատգամավորը մոտեցավ նարդի խաղացող մի խումբ տղամարդկանց, խոսքի բռնվեցին, նրանցից ամենատարեցը սկսեց. «Էն նախկինները սաղ թալանեցին…»: Ապա մյուս տղամարդն ընդհատեց. «Ա, մեր ակումբի շենքի հալն էն ի՞նչ ա, տեսե՞լ եք, «ռեշոտկեքը»՝ քանդած, ոնց որ բանտի շենք ըլնի, մեջը ոչ նստարան կա, ոչ՝ բան»: «Իմ ժամանակ բեմն էլ սարքեցինք, որ քաղաքից գային, թատերական ներկայացումներ տային»,-միջամտեց մի տղամարդ, նա կարծես թե նախկին համայնքապետն էր:
Այս տարեց տղամարդիկ պատգամավորին խնդրեցին՝ գոնե մշակույթի տունը կարգի բերեն. «Որ մի կուլտուրական միջոցառում լինի, թե չէ մենակ «տելեվիզոր» ենք նայում»:
Արման Բաբաջանյանը հետաքրքրվեց՝ համայնքում խմբակներ կա՞ն: Չկան: Վահանի երեխաները Ճամբարակ են գնում՝ բոքսի խմբակի: Բնակիչներից մեկը հպարտությամբ ասաց.«Մեր աղջիկներից մեկը գնում է Ճամբարակի բոքսի ակումբում, ու բոքսից առաջին տեղը զբաղեցրեց»: Սա զարմացրեց պատգամավորին.«Իրո՞ք, աղջի՞կ»:
Կարդացեք նաև
Վահանցիները խնդրեցին իրենց դպրոցի մարզասրահը կահավորել, մարզասարքեր լինեն, որպեսզի երեխաները չգնան Ճամբարակ հասնեն, այլ մարզիչը գա իրենց մոտ. «Մեր էրեխեքը ձիգ են, մածուն-սմետան կերած, ռեժան կերած պինդ էրեխեք են»:
«Թալանչիներից պատմեք, շա՞տ են թալանել»,-հետաքրքրվեց Արման Բաբաջանյանը:
Ամենատարեցն իր խոսքն ասաց. «Կարեւորը խաղաղություն լինի: Նիկոլին օգնող ա պետք, «պաձերժկա» անող ա պետք. Տեսնում ես, որ ժողովրդի համար ամեն ինչ անում ա, էն թալանչիներին, էն երակներում մահմեդական արյունով թալանչիները, սաղ Հայաստանը թալանեցին: Նիկոլը երկրորդ Տիգրան Մեծն ա: Բա էն պատգամավորը, մի աման լափի համար թողել փախել եք ձեր երկրից: Բա սա պատգամավորի խոսք է»:
Մի կին՝ Մելանյա Թումանյանը միացավ պատգամավորի հետ հանդիպմանը, դժգոհեց առողջապահության եւ կրթության ոլորտներից. անձնական փորձից պատմեց՝ որդին ուսանող է, ուսման վարձի զեղչի համար են դիմել, մերժել են. «Ուսանողներին արտոնություն էլ չեն տալիս, բնակության վայրի հեռավորությունը գոնե հաշվի առնեն: Արայիկ Հարությունյանին գրել եմ, ոչ մի պատասխան չեմ ստացել, ուսման վարձի վճարումներն ուշացրել էի, զինհաշմանդամի դեղ էի գնում, չկարողացա վարձը ժամանակին վճարել, տաս օր ուշացրեցի, վերջ, էրեխուն դուրս են թողնում, ոչ մի բան հաշվի չեն առնում: Էս հիմնադրամից՝ էն հիմնադրամն են ուղարկում՝ վարձի համար: Բոլորը մերժում են, ասում են՝ գնա վարկ վերցրու»:
Այս կինը նաեւ առողջապահական ծառայությունների վճարներից դժգոհեց, ասաց, որ մարդիկ ամիսներով ցավեր են ունենում, բայց չեն համարձակվում գնալ բժշկի, բուժծառայությունն այս բնակիչների համար թանկ հաճույք է. «Օրինակ` ես էրեխուն տանում եմ հետազոտության, բոլոր կաբինետները փող են ուզում, ոչ մի զեղչ չի հասնում, դուռը բացում ես՝ տաս հազար դրամ: Էդ կոնսուլտացիաներ համար գումարը թող վերացնեն: Հետազոտություններն էնքան թանկ են, ոչ մեկ չի համարձակվում գնա ասենք՝ ԿՏ անի: Քառասուն հազար թոշակ ստացող մարդը ո՞նց գնա հիվանդանոց»:
Վերջում համայնքի երիտասարդության զբաղվածության խնդրից խոսեցին, բնակիչներն ասացին. «Ջահելությունը զբաղվելու բան չունի, հեսա ձմեռը կգա, պարապ են, խմում են: Որ մի զբաղմունք լինի՝ թենիս, բան-ման, կզբաղվեն, խմելը չեն էլ հիշի»:
https://www.facebook.com/babajanyana/videos/219837692553396/
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարները՝ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան էջից