Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուղերձը հստակ կլինի՝ մենք այլևս մտադիր չենք պատերազմել ձեզ հետ». սկսել համագործակցությունը Ջողասի ջրամբարի շուրջ՝ Հայաստանին ու Ադրբեջանին հորդորում է Միջազգային ճգնաժամային խումբը. «Սիվիլնեթ»

Հուլիս 24,2020 16:29

Միջազգային ճգնաժամային խումբը զեկույց է հրապարակել հայ-ադրբեջանական սահմանի վերջին սրացումների մասին, որը վերնագրված է «Արյունալի հնձի կանխումը հայ-ադրբեջանական պետական սահմանին» (Preventing a Bloody Harvest on the Armenia-Azerbaijan State Border):

Զեկույցը ներկայացնում է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ իրավիճակը, մանրամասն անդրադառնում երկու կողմերի սահմանային գյուղերի խնդիրներին, նաև՝ այս և հարակից շրջաններով անցնող ռազմավարական կոմունիկացիաներին։

Ճգնաժամային խումբը նշում է, որ հայ-ադրբեջանական սահմանային սրացումների օրերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքից ազատեց 16 տարի պաշտոնավարած իր արտգործնախարար Էլմար Մամեդյարովին՝ Հայաստանի հետ խաղաղ բանակցություններում երկրի գլխավոր բանագնացին, և նրան մեղադրեց «անօգուտ բանակցություններ» վարելու մեջ, որը «Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը թույլ է տվել մուտք գործել Լեռնային Ղարաբաղ, որպեսզի օգնի նրա բնակիչներին հաղթահարելու համավարակը»:

Զեկույցն ընդգծում է Տավուշի և Թովուզի շրջանների ռազմավարական կարևորությունը երկու երկրների համար։

«Երկու կողմերը նաև մտահոգված են, որ սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումները կարող են վնաս հասցնել ռազմավարական ճանապարհներին, երկաթուղիներին և էներգետիկ ենթակառուցվածքներին: Սահմանի ադրբեջանական կողմի երկանքով է անցնում ավտոմոբիլային մայրուղի և երկաթգիծ, որը կապում է Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան։ 692-կիլոմետրանոց Հարավկովկասյան խողովակաշարը, որը ադրբեջանական Շահդենիզի հանքավայրից բնական գազը տեղափոխում է վրաց-թուրքական սահմանի մոտ, գտնվում է Ադրբեջանի սահմանամերձ Աղստաֆա և Թովուզ շրջաններից մոտ 15 կմ հեռավորության վրա: Բաքու-Թբիլիսի-Ջեյհան 1 768 կմ երկարությամբ նավթամուղը նույնպես անցնում է Աղստաֆայով և Թովուզով՝ Ադրբեջանից նավթը հասցնելով Վրաստան և Թուրքիա: Հայկական կողմից Տավուշի հյուսիսային մասով անցնում է գլխավոր ավտոմայրուղին և երկաթուղին, որը Հայաստանը կապում է Վրաստանի, Ռուսաստանի և Եվրոպայի այլ մասերի հետ։ Այստեղով է անցնում նաև ռուսական գազատարը, որով գազը մտնում է Հայաստան»:

Հուլիսի 16-ին, աճող լարվածության ֆոնին, Ադրբեջանցի ՊՆ-ի խոսնակի պարծենկոտ հայտարարությունը, թե իրենց նոր հրթիռային համակարգը բավարար հեռահարություն ունի Հայկական ատոմակայանին հասնելու համար, ընդգծում էր ինչպես կրիտիկական ենթակառուցվածքի ռազմավարական կարևորությունը, այնպես էլ հետագա էսկալացիայի սահմանափակումը: «Այն բանից հետո, երբ այդ սպառնալիքը հայտնվեց միջազգային թերթերի գլխագրերում և զայրույթ հարուցեց Երևանում, ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան նահանջեց իր նախնական հայտարարությունից՝ ասելով, թե Ադրբեջանը որևէ քաղաքականություն չունի թիրախավորելու ռազմավարական օբյեկտները»։

Ճգնաժամային խումբը խորհուրդ է տալիս սկսել համագործակցությունը Ջողասի ջրամբարի շուրջ

Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցը մանրամասն անդրադառնում է նաև սահմանային գյուղերում ջրի սակավության խնդրին և կողմերին հորդորում գոնե ջրի հարցով հաստատել որոշակի համագործակցություն։

Տարածաշրջանում ջրամատակարարման խնդրի նկատմամբ ավելի ռազմավարական մոտեցումը ի վերջո օգտակար կլինի։ Կողմերից ոչ մեկը չի կարող լուծել ջրամատակարարման խնդիրները առանց մյուսի: Թեև տասնամյակների լարվածությունը խոչընդոտել է անդրսահմանային համագործակցությունը, նախնական որոշ քայլեր կարող են ծառայել երկու երկրների շահերին։ Դրանցից մեկը կարող է լինել Ջողասի ջրամբարի օգտագործման վերսկսումը։ 1970-ականների սկզբին կառուցված ջրամբարը ժամանակին ջուր էր մատակարարում հայկական և ադրբեջանական մոտ 30 գյուղերի։

Այժմ այն ծառայում է միայն մի քանի մոտակա տնային տնտեսությունների: Ափի երկայնքով խրամատներ են, և ամբարտակի մոտ զինվորները դեմդիմաց են ընդամենը մետրերի հեռավորության վրա։ Հարևան հայկական և ադրբեջանական գյուղերի ջրամատակարարման վերականգնման համար անհրաժեշտ է վերանորոգել Ջողասի երեք լքված պոմպակայանները։ Սակայն ինժեներական աշխատանքներն անհնար են առանց երկու կողմերի հստակ, մանրամասն համաձայնության և հանձնառության։

Բուն Լեռնային Ղարաբաղի շուրջ քննարկումներից դուրս նման սահմանափակ տեխնիկական բանակցությունները հնարավոր կարող են լինել երկու երկրների ղեկավարության հավանությամբ միայն։ Անկախ միջազգային դերակատարը, ինչպես, օրինակ, Կարմիր խաչը, կարող է օգնել թեթևացնել տեղական ներկայացուցիչների և անվտանգության աշխատակիցների միջև սահմանափակ քննարկումները`փոխադարձ օգուտ ներկայացնող կոնկրետ ջրային ենթակառուցվածքի վերանորոգման շուրջ: Նման համագործակցությունը կարող է հետագայում տարածվել սահմանի այլ շրջաններում ևս, որտեղ ջրի բաշխման համակարգերը վթարային վիճակում են և շարունակում են անհասանելի մնալ կանոնավոր տեխնիկական սպասարկման համար՝ ականապատ տարածքների կամ խրամատների պատճառով:

Սա կլինի նաև վստահության ամրապնդման կարևոր միջոց, որը կարող է ամրապնդել խաղաղ գործընթացը և հանգստացնել սահմանամերձ շրջանների բնակիչներին: «Եթե ինչ-որ մեկը սկսի ջուր բերել մյուս կողմից, ապա ուղերձը հստակ կլինի՝ մենք այլևս մտադիր չենք պատերազմել ձեզ հետ»,- ասել է Թովուզի շրջանի Աղդամ գյուղի բնակիչ 80-ամյա Ահմեդը:

Գեղեցիկ ՈՍԿԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝  սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031