Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այսօր շրջայցի ժամանակ լրագրողներին ծանոթացրեց մարզի ճանապարհաշինարարական աշխատանքներին: Լրագրողները եղան Շորժայից դեպի Արտանիշ ճանապարհահատվածում, որը գտնվում է Սեւանի արեւելյան ափին:
Այստեղ, ըստ պարոն Սանոսյանի, կապիտալ շինարարություն իրականացվել է 1974 թվականին: Ներկայումս կատարվում է 20 կիլոմետր ճանապարհի ասֆալտապատում: Ճանապարհի մի հատվածը՝ 20 կիլոմետրը կվերանորոգվի եկող տարի: Մարզպետն ասաց, որ այս ճանապարհի հիմնանորոգումը ռազմավարական նշանակության է եւ կարեւոր՝ տնտեսության եւ տուրիզմի տեսանկյունից. «2021 թվականին Ծովագյուղից մինչեւ Վարդենիս կունենանք բարձրակարգ ճանապարհ»:
Աշխատանքներն իրականացվում են 1,8 միլիարդ դրամով:
Գնել Սանոսյանի խոսքով, արտագնա աշխատանքի չմեկնած քաղաքացիներին առաջարկել են ընդգրկվել մարզում այս պահին ընթացող շինարարական աշխատանքներում եւ արդեն 4 հազար հայտ են ստացել: Բայց, ըստ մարզպետի, շինարարական ընկերությունները դժգոհում են, որ արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիները գործը կիսատ կթողնեն՝ հենց ճանապարհները բացվեն եւ ծրագիրը կտուժի:
Կարդացեք նաև
Մարզի մոտ 300 բնակիչ էլ աշխատանք կունենա Արցախում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ