Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը և կողմերին երկխոսության կոչ է արել: «Այսօր Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցին հակամարտության երկու կողմերին երկխոսության կոչ է անում: Հայաստանի և Ադրբեջանի կրոնական համայնքները նման երկխոսություն կառուցելու փորձ ունեն, ինչն այսօր մեծ պահանջարկ ունի: Կոչ եմ անում չտրվել այն ուժերի սադրանքներին, որոնց ձեռնտու է Կովկասում լարվածության ուժեղացումը։ Նոր պատերազմը Կովկասում անխուսափելիորեն իր կողմը կգրավի տարբեր ահաբեկիչների և ծայրահեղականների, որոնք տարածաշրջանը երկար ժամանակով կզրկեն խաղաղությունից և հանդարտությունից»,-ասվում է պատրիարքի ուղերձում:
Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը հիշեցնում է, որ 1995թ. հունիսի 13-ին Մոսկվայի Սվյատո-Դանիլով մենաստանում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդների առաջին հանդիպումը, որի նախաձեռնությունը Ռուս ուղղափառ եկեղեցունն էր։
«Հանդիպման արդյունքում ընդունվեց համատեղ հայտարարություն, որում հայ-ադրբեջանական հակամարտությունը բնորոշվում էր որպես կրոնական հիմք չունեցող։ Այդ մասին հատկապես կարևոր է հիշել այսօր, երբ միջազգային կոնֆլիկտներում արհեստականորեն փորձում են կրոնական գործոն մտցնել հակամարտությունները սրելու համար»,-ասվում է Ռուս ուղղափառ եկեղեցու կայքում հրապարակված փաստաթղթում։
Պատրիարք Կիրիլը դիմել է նաև Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդներին: «Խնդրում եմ ձեզ, սիրելի եղբայրներ, պահպանել այն ձեռքբերումները, որոնք մեզ հաջողվել է ամրապնդել եղբայրական հանդիպումների ընթացքում…Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի եղբայրական ժողովուրդներն իրենց մեջ ուժ և իմաստնություն կգտնեն թշնամանքը դադարեցնելու, անվստահության աստիճանը նվազեցնելու և փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու համար»,-ասվում է հայտարարության մեջ։
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ