Հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածությունն ամենախոշորն է 2016թ. ի վեր: Բայց այն նման չէ լայնամասշտաբ պատերազմի, որից վախենում են տարածաշրջանում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը «Հայաստանը և Ադրբեջանը ցանկանում են խաղաղություն, բայց պատրաստվում են պատերազմի. Ով կարող է հաղթել և ինչ կապ ունի Ռուսաստանը» վերտառությամբ հոդվածում:
Նման հակամարտության սկսվելու հավանականությունը, առավել ևս ելքը, դժվար է կանխատեսել՝ նույնիսկ առանց հաշվի առնելու Երևանի և Բաքվի քաղաքական կամքը: Մի կողմից Հայաստանը և Ադրբեջանը վերջին տարիներին ակտիվ գնում են նոր սպառազինություն և հիմա կողմերից յուրաքանչյուրը պատրաստ է պատերազմի: Բայց մարտական գործողությունների պոտենցիալ թատերաբեմի բնույթը, կողմերից յուրաքանչյուրի պատրաստվածությունը և սպառազինության տեսակը, ռազմական փորձագետների գնահատմամբ, այնքան է բարդացնում ռազմական գործողությունների ընթացքը, որ տարածաշրջանում գոյություն ունեցող ուժերը բավարար չեն լինի, որ կողմերից մեկը կարող է հասնել հաջողության: Հայաստանի և Ադրբեջանի տրամադրության տակ գտնվող սպառազինության վերաբերյալ բաց աղբյուրներ չկան, իրավիճակն ավելի է խորացնում այն, որ հայկական կողմը ռազմական տեխնիկայի մի մասը տեղակայել է Լեռնային Ղարաբաղում, որի մասին շատ ավելի քիչ տեղեկություններ կան, ասվում է հոդվածում:
ԽՍՀՄ-ի փլուզումից, Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի ձեռքերում հնացած սպառազինություն էր, և մեծ հաշվով երկրների մարտունակությունը պայմանավորված է զինատեսակներով, որոնք ձեռք բերվեցին դրանից հետո: Կողմերի մարտունակության մակարդակը հնարավոր էր գնահատել 2016թ. քառօրյա պատերազմից հետո: Հոդվածում նշվում է, որ այդ բախումներից հետո հայերը, տարբեր հաշվարկների համաձայն, կորցրել են վերահսկողությունը 500-ից 80 հա նկատմամբ, բացի այդ՝ պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանը որոշակի առավելություն ունի նաև սպառազինության որակի, քանակի հարցում:
2014թ. Ադրբեջանը ռազմական կարիքների համար տրամադրել է ՀՆԱ-ի 5.1 տոկոսը, Հայաստանը՝ 4.29: BBC-ի հաշվարկներով՝ 2016-ին կարելի էր խոսել այն մասին, որ Ադրբեջանն ուներ 314-ից մինչև 750 տանկ, Հայաստանը՝ 100-ից 166, ծանր հրետանային համակարգեր՝ համապատասխանաբար 240-269, 150-240, գրում է հոդվածագիրը՝ հավելելով, որ սրանք շատ մոտավոր գնահատականներ են և կարող են սխալ լինել՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում տեղակայված սպառազինությունը:
Կարդացեք նաև
Բայց ապրիլյան պատերազմը փոխեց Երևանի վերաբերմունքը սպառազինության ծախսերի նկատմամբ: Նախևառաջ, Հայաստանը մեծացրեց գնման ծավալները: Խաղաղության հարցերով Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալներով՝ 2014-ից 2019թթ. Հայաստանի ռազմական ներմուծումը երեք անգամ ավելին էր 2009-2014թթ. համեմատ: SIPRI-ի բազայում 2020թ. վերաբերյալ տվյալներ չկան, բայց դատելով հայկական մամուլի հաղորդագրություններից, Երևանը շարունակում է ակտիվ զինվել. մարտին 40 միլիոն դոլարի պայմանագիր է կնքվել Հնդկաստանի հետ Swathi Weapon Locating Radar ռադարների գնման համար: Հունիսին Հայաստանում սկսվել է Կալաշնիկով ԱԿ-103 ավտոմատների արտադրությունը: Փոխվել է ոչ միայն գնումների քանակը, այլև որակը: Հայաստանն առաջին անգամ սկսել է գնել նոր զինատեսակներ հենց գործարաններից, ինչը հնարավոր է դարձել Մոսկվայի տրամադրած խոշոր վարկերի շնորհիվ: Ընդ որում` Հայաստանը սեփական փողերով Ռուսաստանից գնել է «Իսկանդեր-Է» օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգերը, իսկ 2019-ին՝ Սու-30ՍՄ կործանիչներ: Իսկ այս զինատեսակները փոխում են ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում, գրում է հոդվածագիրը՝ հիշեցնելով, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, բացի այդ Գյումրիում է տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան:
Հայաստանի ֆոնին Ադրբեջանը զգալիորեն կրճատել է նոր տեսակի սպառազինության գնումը: SIPRI-ի տվյալների համաձայն՝ 2015թ. Բաքուն կտրուկ նվազեցրել է ամենամյա ներմուծման ծավալները: Տարիներ շարունակ Ադրբեջանը եղել է ռուսական զենքի ամենագլխավոր գնորդների մեկը, իսկ Ռուսաստանը՝ ամենախոշոր մատակարարը: Պաշտոնական տվյալներով՝ կատարված պայմանագրերի գումարը կազմում է 5 միլիարդ դոլար: Բայց ռուսական զենքի ներմուծման ծավալները զգալիորեն կրճատվել են վերջին շրջանում:
Ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուեզեիր Ջաֆարովը մեկնաբանել է, որ այս գործընթացը չի մի առնչություն չունի քաղաքականության հետ, Ադրբեջանն արդեն Ռուսաստանից գնել է այն ամենը, ինչ անհրաժեշտ է:
Ներկայիս լարվածությունը լայնամասշտաբ պատերազմ չէ հակառակորդի տարածքի համար, այլ պայքար ռազմավարական բարձունքը վերահսկելու համար: Սահմանի այս հատվածում, ո՛չ Երևանը, ո՛չ Բաքուն տարածքային հավակնություններ չունեն: «Սպառազինությունների արտահանում» ռուսական ամսագրի խմբագիր Անդրեյ Ֆրոլովը BBC-ի հետ զրույցում ասել է, որ եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնածավալ պատերազմ սկսի, այն շատ արյունահեղ է լինելու, կողմերը կարծես չեն գիտակցում դա: «Դատելով ամեն ինչից՝ հարձակվելու է ադրբեջանական կողմը: Ցանկացած պարագայում կորուստներ լինելու են…: Ադրբեջանը չունի այդքան մեծ ներուժ, սա Միացյալ Նահանգները և Իրաքը չէ»,-ասել է նա:
Մեկ այլ ռազմական փորձագետ՝ Վիկտոր Մուրախովսկին էլ կարծում է, որ այս հակամարտությունը պետք է լուծել բացառապես քաղաքական միջոցներով, հակառակ դեպքում կորուստներ կրելու են երկու կողմն էլ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ