Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղարքունիքի մարզում հարկերի հավաքագրումը թերակատարվել է. Գնել Սանոսյան

Հուլիս 24,2020 14:28

Այս ամսվա դրությամբ Գեղարքունիքի մարզում հարկերի հավաքագրումը թերակատարվել է: Այսօր այս մասին հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, որը կիսամյակային ամփոփիչ ասուլիսը կազմակերպել էր Սեւանա լճի ափին:

Մարզպետն ասաց, որ հավաքագրված հարկերը կազմել են 68 տոկոս, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ պակաս է 9 տոկոսով: Խնդիրն, ըստ նրա, պայմանավորված է կորոնավիրուսային իրավիճակով: «Քաղաքացիների մի մասը չի կարողացել արտագնա աշխատանքի մեկնել եւ ֆինանսական խնդիրներ ունեն: Մյուսը՝ համայնքապետարանները, քաղաքապետարանները բնակիչներին ընդունելու, հարկերը հավաքագրելու հետ կապված խնդիրներ ունեն: Բայց, այդուհանդերձ, 2018 թ.-ի համեմատությամբ հարկերի հավաքագրման 1,2 տոկոս աճ ունենք»,-ասաց մարզպետը:

Նրա խոսքով, այս տարի մարզի Մարտունի քաղաքի հիվանդանոցում բացվել է հեմոդիալիզի բաժանմունք, որտեղ կարող են բուժօգնություն ստանալ նաեւ Արցախից: Վերանորոգվել է վերակենդանացման բաժանմունքը: Ամիսներ առաջ էլ այդ հիվանդանոցում կորոնավիրուսային բաժանմունք է բացվել, որտեղ ներկայումս բուժվում են 24 հիվանդներ: Գնել Սանոսյանի տվյալներով, մարզի մի շարք դպրոցներում 96 միլիոն դրամի շինարարական աշխատանքներ են կատարվել: Վեց ամսվա ընթացքում մարզում 20 հազարից ավելի ծառ է տնկվել: Մաքրվել են 50 հեկտար Սեւանի ափամերձ տարածքներ:

Ընդհանուր առմամբ, պարոն Սանոսյանի խոսքով, այս տարվա ընթացքում Գեղարքունիքի մարզում մոտ 20 միլիարդ դրամի աշխատանքներ են իրականացվելու, ինչը համարժեք է 15 տարվա արած աշխատանքներին: Մարզում 7 միլիարդ դրամի 11 ճանապարհ է կառուցվում, որոնցից մի քանիսը, մարզպետի վստահեցմամբ, կենսական նշանակության են: Կառուցվող ճանապարհների ընդհանուր երկարությունը 120 կիլոմետր է:

«Այս տարի մանկապարտեզների կառուցման եւ հիմնանորոգման ծրագիր կա: Հինգ մշակույթի տուն կհիմնանորոգվի եւ մեկ մշակույթի տուն կկառուցվի»,-հայտնեց պարոն Սանոսյանը՝ նշելով, որ մարզի վարելահողերի գրեթե կեսն է օգտագործվում, ինչը լավ ցուցանիշ չէ, սակայն խնդիրը համատարած է:

https://www.facebook.com/sanosyangnel/videos/3215116808567383/

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031