Հուլիսի 29-ին լրանում է հայ մեծանուն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 203-ամյակը։ Երևանում «ԴՈՄ ՄՈՍԿՎԻ» կենտրոնը հուլիսի 24-29-ը նախաձեռնել է օնլայն միջոցառումների շարք՝ «Այվազովսկու օրեր» խորագրով։ Ծրագրի շրջանակում Թեոդոսիայի Հ․ Այվազովսկու պատկերասրահի և Հայաստանի ազգային պատկերասրահի գործակցությամբ նախատեսվում է վիրտուալ էքսկուրսիաներ, դասախոսություններ, վիկտորինաներ և ծանոթություն Այվազովսկու ժառանգների հետ։
«Հովհաննես Այվազովսկին ծնվել է Թեոդոսիայում՝ հայկական ընտանիքում։ Ծովանկարիչը հայ-ռուսական բարեկամության խորհրդանիշն է, նրա արվեստը միավորում է բոլոր ազգերին։ 200 տարի անց էլ Այվազովսկու անունով անվանակոչվում են օդանավակայաններ, տեղադրվում հուշարձաններ։ Գեղանկարիչը թողել է համաշխարհային մեծ ժառանգություն»,- նշում է Երևանում «ԴՈՄ ՄՈՍԿՎԻ» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
Հուլիսին Թեոդոսիայում գեղանկարչի պատկերասրահը մարդաշատ է լինում տեղացիներով և զբոսաշրջիկներով։ Հ․ Այվազովսկին Թեոդոսիայի խորհրդանիշն ու այցեքարտն է, քաղաքի բոլոր ցուցանակները տանում են դեպի ծովանկարչի տուն, որն այժմ պատկերասրահ-թանգարանի է վերածվել։ Այս տարի, համավարակով պայմանավորված, «ԴՈՄ ՄՈՍԿՎԻ» կենտրոնը, ստեղծեց հնարավորություն օնլայն ծանոթանալ ծովանկարչի կյանքին, կենսագրությանն ու թողած ժառանգության պատմությունը: Վիրտուալ էքսկուրսիան կվարի պատկերասրահի տնօրենը՝ Տատյանա Գայդուկը։
«Իհարկե, ոչինչ չի փոխարինի գեղանկարչության հետ անմիջական, կենդանի շփմանը, առավել ևս Այվազովսկու աշխատանքների դեպքում, սակայն սա ևս հիանալի առիթ է վայելել գեղանկարչի փառահեղ աշխատանքները»,- նշում է պատկերասրահի տնօրեն Տատյանա Գայդուկը։
Կարդացեք նաև
«Այվազովսկու օրեր» միջոցառումների շրջանակում, Այվազովսկու ժառանգները Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից տեսաուղերձներով շնորհավորել են իրենց նախապապի 203-ամյակը և պատմել հետաքրքիր պատմություններ։
«Այվազովսկին հետևում էր ռազմական նավերի շարժին և տախտակամածի վրայից նոթատետրում նշումներ անում, 20-րդ դարում նույն վայրերն էին այցելում նրա թոռները, հիմա նույն վայրեր ենք այցելում մենք՝ մեծ ծովանկարչի ժառանգները»,- պատմում է Իրինա Կասացկայան, Այվազովսկու երկրորդ դստեր ժառանգը։ Իրինա Կասացկայան ծովանկարիչ Ալեքսեյ Հանզենի ծոռն է։ Հանզենը Հովհաննես Այվազովսկու թոռն է, ով շարունակել է պապու գործը։
Այվազովսկու սիրելի թոռը Օլգա Արցեուլովայի հայրն էր, օդաչու-նորարար Կոնստանտինը։ Օ․Արցեուլովան պատմում է, որ միայն նրան էր թույլատրված գտնվել պապիկի աշխատասենյակում, երբ Այվազովսկին նկարում էր։
«Ծնվել և արդեն 80 տարի ապրում եմ Մոսկվայում, ցավոք Հայաստանում երբեք չեմ եղել, բայց տարիքի հետ ավելի շատ եմ զգում խորը գենետիկ կապը հզոր և տաղանդավոր հայ ազգի հետ, որի զավակն էր իմ համաշխարհային համբավ ունեցող նախապապը»,- պատմում է Օլգա Արցեուլովան, Այվազովսկու փոքր դստեր ժառանգը։
Այվազովսկու տարեդարձը նշում են նավաստիները, արվեստասերները, արվեստագետները, նավատորմի վետերանները։ Այվազովսկու երրորդ դստեր՝ Ալեքսանդրայի հետնորդները՝ Լյուսի և Ֆեդերիկա Ռոդջերսը, վերջին տարիներին այցելել են Թեոդոսիա և Հայաստան:
«Թեոդոսիան ու Հայաստանը ցնցող էին։ Առնչվեցինք հսկայական պատմության հետ, հանդիպեցինք հաճելի մարդկանց: Հիացած էինք հզոր պատմությամբ, գեղեցիկ վանքերով: Շնորհակալություն, որ հիշում եք մեզ: Մենք էլ հիշում ենք ձեզ և հուսով ենք, որ շուտով կվերադառնանք»,- պատմում է Լյուսի Ռոդջերսը։
Միջոցառումների ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ։
«ԴՈՄ ՄՈՍԿՎԻ»