Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյան․ Ռուսաստանի դեսպանատունը ինքնամեկուսացել է, մարդկանց չի ցանկանում օգնել

Հուլիս 24,2020 13:56

Ինչպես արդեն հայտնել էինք, մի խումբ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, որոնք ազգությամբ հայ են, և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ու ցանկանում են ՌԴ մեկնել, հուլիսի 24-ին Հայաստանում ՌԴ դեսպանատան դիմացն էին հավաքվել։

Նրանք խնդրում են քննարկել իրենց՝ ՌԴ վերադառնալու հարցը։ Խնդրանքը մերժելու դեպքում քաղաքացիները պատրաստվում են հուլիսի 30-ին գնալ Բագրատաշեն։

Իրավապաշտպան Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ զբաղվում է այդ քաղաքացիների հարցով և օգնում է ՌԴ քաղաքացիներին վերադառնալ Ռուսաստան։

«Ցավոք սրտի, դեսպանատունը ինքնամեկուսացել է, և այս պահին չի ցանկանում մարդկանց որևէ կերպ օգնել։ Ընդունելություն չի կատարում, էլեկտրոնային նամակներին շատ հազվադեպ են պատասխանում»,- ասաց նա։

Դավիթ Հարությունյանի խոսքով՝ առկա թռիչքների դեպքում, երբ քաղաքացիները փորձում են գրանցվել, տոմսեր գրեթե չկան․ «Այսինքն՝ ինչ-որ մասնավոր գրասենյակների տեղեկատվությունը շատ ավելի շուտ է տրամադրվում, քան սովորական մարդկանց։ Այդ պատճառով՝ մարդիկ մնում են առանց տոմսերի, սովորական մարդիկ, որոնք ցանկանում են տուն գնալ կամ գնալ իրենց հարազատների մոտ գնալ, անկախ նրանից՝ Հայաստանի, թե Ռուսաստանի քաղաքացիներ են»։

Նրա կարծիքով՝ պետք է տարանցում կազմակերպվի Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան, բայց ոչ ավտոբուսներով՝ բացառելու համար կորոնավիրուսի տարածումը։ Նա առաջարկում է, որ այդ թեթև մարդատարներին ուղեկցի վրացական ոստիկանությունը, ՄԱԿ-ը կամ Կարմիր խաչը․ «Թո՛ղ մարդկանց թեստավորեն, թո՛ղ մեքենաները ախտահանեն, մենք համաձայն ենք վճարել նաև ոստիկանության մեքենաների վառելիքի համար և՛ Հայաստանի, և՛ Վրաստանի տարածքում։ Մենք բոլոր ծախսերը պատրաստ ենք փոխհատուցել։ Կան մարդիկ, որ իրենց հաշվին պատրաստ են այդ ամենը կազմակերպել՝ որպես բարեգործություն։ Բայց մեզ պետք է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը անպայման կարողանա մասնակցել այս հարցին, քանի որ այս պահին Վրաստանը Ռուսաստանի հետ ուղիղ դիվանագիտական հարաբերություններ չունի։ Այդ պատճառով՝ մեզ պետք է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպաստի այս հարցի լուծմանը, որպեսզի այդ տարանցումը կազմակերպվի»։

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031