Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Մովսիսյան. «Կրթությունն այն ոլորտը չէ, որ ինչ իշխանություն գա` իր նախասիրություններով փոփոխի»

Հուլիս 24,2020 13:51

ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը՝ «Տեսակետ» ակումբում անդրադառնալով կրթական համակարգի կարեւոր բաղադրիչ հանդիսացող Հայոց պատմության առաջարկված նոր հայեցակարգին եւ չափորոշիչներին՝ նշեց, որ այն ԿԳՄՍ նախարարության կայքում է դրված, եւ բուռն քննարկումներ են ընթանում, որոնք վերաբերում են բոլոր առարկաներին՝ այդ թվում նաեւ հայոց լեզվին: Նա ասաց, որ մեծ աղմուկ է բարձրացել հայոց լեզվի հետ կապված, բայց վիճակը մխիթարական չէ նաեւ Հայոց պատմության պարագայում:

«Հունիսի 22-ին մեր ամբիոնը նիստ է հրավիրել, եւ հարյուր տոկոս դժգոհությամբ ամբիոնի բոլոր անդամները նույն կարծիքն են արտահայտել: Որոշեցինք նաեւ փաստաթուղթ կազմել, որը հինգ էջից է բաղկացած, եւ այնտեղ հիմնական կոնցեպտուալ խնդիրներն են արծարծված»,-նշեց պատմաբանը:

ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչն ասաց, որ իրենց կազմած փաստաթղթում չեն անդրադարձել տերմիններին, ուղղագրական խայտառակ վիճակին, որն առկա է նաեւ հայոց լեզվի եւ գրականության պարագայում, եւ նրա խոսքերով ԿԳՄՍ նախարարությանը վայել չէ այդպիսի սխալներով փաստաթուղթ դնելը շրջանառության մեջ. «Բայց դրանք թողնում ենք մի կողմ, քանի որ մեզ համար կարեւորը կոնցեպտուալ մոտեցումն է: Շատերդ գիտեք՝ նոր դասագրքերի համար վերցվել է սինգապուրյան եւ ամերիկյան դպրոցների մոդելը, եւ դա լցրել են հայոց պատմության տվյալներով ու փաստերով:

Ինքնին մոտեցումը շատ արտառոց է եւ անընդունելի: Ամենայն հարգանքով ամերիկյան, սինգապուրյան եւ աշխարհի բոլոր երկրների կրթական համակարգերի նկատմամբ, եթե ՏՏ ոլորտում այլ երկրներից կարելի է վերցնել եւ copy-paste անել ինչ-որ բաներ, ապա հումանիտար գիտությունների՝ առավել եւս ազգային առանձնահատկություններ ունեցող առարկաների դեպքում դա անթույլատրելի է: Բնականաբար Սինգապուրն անցել է իր ուղին, իր պատմություն ունի, ԱՄՆ-ը՝ իր ուղին, նրա պատմությունը՝ իր ճանապարհը: Հետեւաբար ամերիկյան ու սինգապուրյան դասագրքերը չեն կարող ուղղակիորեն վերցվել ու ներդրվել հայկական իրականության մեջ»:

Պարոն Մովսիսյանի ձեւակերպմամբ. «Մեր նախարարությունն անհասկանալիորեն վերցրել մի կողմ է դրել մեր երկրում գործող դասագրքերը: Կրթությունն այն ոլորտը չէ, որ ինչ իշխանություն գա, վերցնի իր նախասիրություններով փոփոխություններ մտցնի: Հիմա իրենք ամերիկա-սինգապուրյանն են վերցրել, պատկերացրեք, որ երեք տարի հետո իշխանափոխություն լինի, նոր իշխանությունները գան ու վերցնեն ֆրանսիական դպրոցների մոդելը, մի հինգ տարի հետո էլ գա ռուսասեր մեկը եւ վերցնի ռուսական դպրոցի մոդելը»:

ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչի խոսքով, կրթությունը որբի գլուխ չէ, որ եկող գնացողը վարսավիրություն սովորի դրա վրա. «Մենք 2009 թ գնացինք նոր դասագրքերին, մենք եւս եղել ենք այդ դասագրքերը ստեղծող խմբի մեջ, բայց դա կապ չունի այս ասուլիսի հետ: Նոր դասագրքերը ստեղծելիս՝ նկատի ենք ունեցել նախորդ ողջ փորձը, ինչն այստեղ բացառված է:

Ես հպարտությամբ կարող եմ նշել, որ 2009 թ շրջանառության մեջ մտած դասագրքերը 2014-ին խմբագրվեցին, լավացվեցին: Ոչ ոք չի ասում, որ դրանք կատարյալ են, այո, խմբագրվելու, լավացնելու տեղ ունեն, բայց փոխարենը թերությունները վերացվեն, վերցվում մի կողմ են դրվում: Իսկ այս դասագրքերով, կներեք անհամեստությանս, 2016թ ապրիլյան հերոսական սերունդն է կրթություն ստացել, եւ դրանք դեն շպրտելու չեն, հայրենասիրական ոգին նաեւ այս դասագրքերի ներդրման շնորհիվ էր: Այսօր գործող դասագրքերն անշուշտ անթերի չեն, բայց այնպիսի վիճակ չէ, որ վերցնեն ու դուրս շպրտեն»:

ԵՊՀ ամբիոնի վարիչն ասում է, որ Հայոց պատմությունն այսօր գործող ծրագրով անցնում են 6-9 դասարաններում՝ հիմնական դպրոցներում, 10-12-րդ՝ ավագ դպրոցներում. «Առաջարկվող ծրագրում 6-րդ դասարանը դուրս է գալիս, 7-րդ դասարանից է սկսվում, 7-9-ում ժամաքանակն է ավելացված, որ դա կոմպենսացվի: Առաջին հայացքից թվում է, թե ոչ մի խնդիր չկա, բայց դասագիրքը սկսում է ներածությամբ, բաց է թողնված հայ ժողովրդի ծագումն ու նախնադարը, և միանգամից Ուրարտու…Հայոց պատմությունը միանգամից սկսել Ուրարտուից ու բաց թողնել հայ ժողովրդի ծագումը, վաղնջական Հայաստանը, պետական կազմավորումներ , երբ որ մեր քաղաքակրթության ակունքներն այնտեղից են գալիս, ոչ մի արդարացում չունի…Հայոց պատմության մեջ առնվազն 2500 տարվա պատմություն է ջնջված, դարաշրջանները բաց թողնել արդարացված չէ»,-տարակուսանք է հայտնում գիտնականը:

Նրա խոսքերով, ունենք 5000 տարվա պատմություն, եւ այդ 5000-ից 2500 տարվա պատմությունը հանել դնել մի կողմ, ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031