Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կառավարության առջեւ բողոքի ցույցի մասնակից գյուղմթերք արտադրողներ. «Հասկացանք, որ խանգարում ենք վերավաճառողներին ու սուպերմարկետներին»

Հուլիս 24,2020 13:37

Գյուղմթերք արտադրողները, որոնք իրենց աճեցրած բերքը վաճառում էին մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի Մերգելյան ինստիտուտի հարեւանությամբ գործող գյուղմթերքի տոնավաճառում, բողոքի ցույց են անում կառավարության շենքի առջեւ:

Ցույցի արմավիրցի մասնակիցներից մեկի խոսքով, նախկին իշխանության ժամանակ, երբ կար գյուղատնտեսության նախարարություն, այդ տարածքում իրենց առեւտուր կազմակերպելու հնարավորություն էր ընձեռվել: Սակայն այս տարի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարությունը առանց որեւէ լուրջ հիմնավորման արգելել է առեւտուրը:

Գյուղացիները սկզբում մտածել են, թե դա կապված է կորոնավիրուսի համավարակի հետ, սակայն ավելի ուշ եկել են այն ենթադրության, որ իրենք, ըստ էության, խանգարում են վերավաճառողներին: Նրանց պատմելով՝ վնասներից խուսափելու համար ստիպված են եղել սեփական ձեռքերով աճեցրած մթերքը շատ էժան գներով տալ վերավաճառողներին: «Դրա հետեւանքով ապրանքը մի քանի ձեռք անցնելով է հասել խանութներին, եւ ժողովուրդը գյուղմթերքը գնում է շատ թանկ գներով: Հիմա մեր խնդիրն այն է, որ միայն շաբաթ եւ կիրակի գործող այդ տոնավաճառը նորից աշխատի: Ժամանակին, երբ գյուղնախարարությունը բացել է այդ տոնավաճառը, իմաստ է տեսել: Ցանկացել է բերքը գնելու նպատակով ապահովել գյուղացի-քաղաքացի անմիջական կապը: Որպեսզի քաղաքի բնակիչը գյուղմթերքը գնի անմիջապես այն աճեցնող գյուղացուց: Իսկ հիմա բոլոր տեղերում վերավաճառողներն են, մեկը՝ խղճով, մյուսը՝ առանց խղճի»,-ասաց արմավիրցին:

Ակցիայի մասնակիցներն ասում են, որ կառավարության առջեւ հավաքվել են բոլոր մարզերից ներկայացուցիչներ: «Բայց այնպես չի, որ այսքանն ենք մենք: Այսօր այստեղ հավաքվել է ընդամենը 10-15 %-ը: «Մինչեւ կառավարության առջեւ գալը հանդիպել ենք Արաբկիր թաղապետարանի առեւտրի բաժնի պետ Հակոբ անունով մեկի հետ, որի խոսքերից հասկացանք, որ խոսելն անիմաստ է, որ ոչ մի բանի չենք հասնի: Նա կտրականապես հրաժարվեց այդ տարածքը կրկին մեզ տրամադրել: Մենք այսպես ենք հասկանում. այդ տարածքում ինչ-որ սուպերմարկետ, բանջարեղենի մի քանի կրպակ կա:

Տոնավաճառ գալիս էին հիմնականում մեծ հողատերերը: Մենք մեծ վարկեր ենք վերցրել, որոնք պետք է մարել եւ միայն դրանից հետո ապրել»:

Գյուղմթերք արտադրողները նաեւ տեղեկացրին, որ այդ տոնավաճառում առեւտուր անողներով ամեն կիրակի մի ամբողջ «Գազել» միրգ ու բանջարեղեն էին ուղարկում որեւէ մի մանկատուն:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031