Այսօր «Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնությունը» Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքների հետ կապված առցանց քննարկում էր կազմակերպել, որի ժամանակ «Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող, հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանն ասաց. «2018-ին ՀՀ քաղաքացիները, հասնելով այն անելանելի վիճակին, որ ընտրություններով եւ ժողովրդավարական այլ մեխանիզմներով իրենք չեն կարողանում իրացնել իրենց իշխանությունը, պետությունն ամբողջությամբ զավթված է իրենց ձեռքից, իշխանությունը վերականգնեցին բավականին սթրեսային ձեւով, որը, բարեբախտաբար, լավ ավարտվեց, կարող էր նաեւ վատ ավարտվել: Ինձ թվում է, սահմանադրական բարեփոխումների պրոցեսը պետք է հիմնականում այն նպատակն ունենա, որ այլեւս երբեք ՀՀ քաղաքացիները կարիք չունենան նման ձեւերով վերցնել իշխանությունը, որ քաղաքացիները կարողանան իրացնել իշխանությունը, որ իշխանությունը այլեւս երբեք չզավթվի քաղաքացիների ձեռքից: Թեեւ Սահմանադրությունում կան շատ այլ հարցեր, որոնք կարեւոր են, մասնավորապես, կապված եկեղեցի-պետություն հարաբերությունները»:
Իոաննիսյանն ընդգծեց կրոնների հավասարության սկզբունքն ու ասաց. «Մենք տեսնում ենք տարբեր ոլորտներում, երբ քաղաքացիներին պարտադրվում է Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ լինելը, օրինակ, դա հաճախ տեսնում ենք ԶՈՒ-ում, որտեղ կան այլ ազգության մարդիկ, օրինակ, եզդիներ, որոնք չեն ուզում լինել Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ ու որեւէ տրամաբանության մեջ դա չի տեղավորվում, բայց նույնիսկ իրենց պարտադրում են, որ Հայ առաքելական եկեղեցու կրոնական ծեսերն անեն»:
Իոաննիսյանը նաեւ նշեց, որ կարեւորում է նախագահի դերը, նախագահը պետք է լինի ժողովրդի կողմից ընտրվող ու նրա դերը պետք է բարձրացվի:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ