Լրահոս
Օրվա լրահոսը

«Մաստեր-կլաս»՝ ինչպես խայտառակել իսրայելական արտադրանքը

Հուլիս 24,2020 13:00

Հարվածը, որը Ադրբեջանը հասցրեց Իսրայել պետության իմիջին՝ հետագա բիզնեսի առումով, ցնցող է

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի նախաձեռնած ագրեսիան ի ցույց դրեց Հայկական Զինված ուժերի արհեստավարժությունը եւ այսօր կարող ենք հպարտությամբ միանշանակ արձանագրել, որ իսկապես ունենք տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, փաստ, որի հետ Ադրբեջանն ու Թուրքիան պետք է այսուհետ հաշվի նստեն:

Հուլիսյան ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ ադրբեջանական «հզոր» ու «անպարտելի» բանակի մասին Ալիեւի պնդումներն ընդամենը առասպել էին՝ դրանից բխող հետեւանքներով: Խոսքը՝ ադրբեջանա-իսրայելական խորը ռազմաքաղաքական համագործակցության մասին է: Այն հարվածը, որը Ադրբեջանը հասցրեց Իսրայել պետության իմիջին՝ հետագա բիզնեսի առումով, պարզապես ցնցող է, այդ մասին դեռ շատ կխոսվի: Նման վնաս, թերեւս, որեւէ պետություն չէր հասցրել Իսրայելին:

Տավուշում ռազմական գործողությունների ընթացքում անօդաչու թռչող սարքերի կորստի հետեւանքով ադրբեջանական կողմը շուրջ 200 միլիոն դոլարի վնաս է կրել։ Սա հայկական կողմի նախնական հաշվարկն է։ Հայաստանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները 13 ադրբեջանական անօդաչու թռչող սարք են խոցել Տավուշի սահմանամերձ հատվածում, եւս մեկն էլ խոցվել էր Արցախի հյուսիսարեւելյան հատվածում, օրերս հայտարարեց ԶՈւ Հակաօդային պաշտպանության զորքերի վարչության շտաբի պետ Գարիկ Մովսիսյանը։ «Հիմնականում ԱԹՍ-ները բոլորը խոցվել են երրորդ բանակային կորպուսի պաշտպանության գոտում, բացառությամբ մեկ միավորի, որը բերված է, ցուցահանդեսում ներկայացված է, այն խոցվել է Պաշտպանության բանակի հաշվարկների կողմից հուլիսի 17-ի առավոտյան»,-նշել էր նա:

Վերջին օրերին բազմիցս նշվել է, որ Ադրբեջանի համար հատկապես մեծ կորուստ էր իսրայելական արտադրության Elbit Hermes 900 ԱԹՍ-ի խոցումը, որի արժեքը հասնում է մինչեւ 30 միլիոն դոլարի:

ՀՀ պաշտպանության նախարարությունն ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի մնացորդները Ռազմաավիացիոն համալսարանում ցուցադրեց։ Նոր խոցված սարքերի կողքին նաեւ հներն էին։ Ըստ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչների` 2016-ից սկսած հայկական կողմը մոտ 40 ադրբեջանական անօդաչու թռչող սարք է խոցել. «Բացի ORBITER-3-ի պլանիրային մասից` կորպուսներից, ամբողջ էլեկտրոնիկան իսրայելական է, ինչ վերաբերում է հարվածային եւ հրթիռային, ամբողջն ուրեմն իսրայելական Elbit, Aerospace ընկերությունների արտադրանքն է»:

Նկատենք, որ ըստ ԶՈւ Հակաօդային պաշտպանության զորքերի վարչության շտաբի պետի՝ «հուլիսյան գործողությունների ընթացքում` մենք կորուստ չենք կրել անօդաչու թռչող սարքերի»:

Հրեական արտադրության անօդաչուների խոցման թեմային այս օրերին անդրադառնում էին նաեւ ռուսաստանյան կայքերը: Մասնավորապես, մասնագիտացված Avia.pro կայքը նշել էր, որ Տավուշի հայ-ադրբեջանական սահմանի լարվածության օրերին Հայաստանի օդային տարածքը ամբողջությամբ ծածկել է՝ «Կոնտեյներ» անունով ռադիոլոկացիոն կայանը, ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները։ Հրապարակման մեջ ասվում էր. «Ինչպես նշում են փորձագետները՝ Հայաստանի հակաօդային պաշտպանության համեմատաբար թույլ համակարգը, երաշխավորված լինելով օդային թիրախների հայտնաբերման ռուսաստանյան հնարավորություններից, կարող էր հեռավոր տարածություններից արձակված ադրբեջանական անօդաչուներին, այդ թվում՝ մի քանի օր առաջ հայ զինվորականների կողմից խփված Hermes 900-ը խոցել»։ Այնուհետեւ հավելել էին. «Ամբողջ այն թվային էլեկտրոնիկան, որով բառացիորեն՝ լեփ-լեցուն է իսրայելական Hermes 900 անօդաչուն, միանգամայն բավարար կլիներ, որպեսզի անօդաչուն անարգել ու աննկատ մնար այն տարածքում, որտեղ այն խոցվեց, բայց, դատելով ամեն ինչից, դրոնի թռիչքը վերահսկվում էր, ըստ որում, ամենայն հավանականությամբ՝ դրա օդ բարձրանալու առաջին իսկ վայրկյանից»:

Ամփոփելով Elbit Hermes 900 ԱԹՍ-ի խոցման թեման՝ ներկայացնենք հայտնի բլոգեր ու լրագրող Ալեքսանդր Լապշինի ֆեյսբուքյան գրառումը. «Փաստորեն, սա առաջին դեպքն է, որ խոցվել է այս մակարդակի ապարատը: Մինչ այժմ ոչ ոք չի կարողացել «հասնել դրան», չնայած այն բանին, որ նման սարքերն անընդհատ օգտագործվում են Սիրիայում, Իրաքում, Լիբանանում, Սուդանում, Աֆղանստանում ռազմական գործողություններում: Այս մեքենաները նաեւ վերահսկում են ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանը՝ մշտադիտարկելով թմրանյութերի կարտելների գործողությունները։ Դրանք վաղուց աշխատում են Կոլումբիայում եւ Բրազիլիայում՝ ապստամբների եւ թմրանյութերի վաճառողների դեմ պայքարելու համար: Այսպիսով, բրավո՝ հայ զինվորականներին: Տղաներ, կեցցեք: Այս միջադեպի վերաբերյալ հարց ուղղեցի ընկերոջս, որը երկար տարիներ աշխատել է որպես իսրայելական Elbit Systems- ի հրահանգիչ ինժեներ, որը նախագծում եւ արտադրում է այս եւ այլ անօդաչու սարքերը: Նրա կարծիքով՝ միայն կատարյալ հիմարներն ու ոչ պրոֆեսիոնալները կարող էին թույլ տալ խոցել բանակի այս «թռչող ուղեղը»: Տրամաբանական է: Դա նրանց համար Բուդապեշտում քնած զինվորի կացնահարել եւ չորս հոգով Բաքվում բլոգեր խեղդել չէ»:

Հայտնի է, որ հայ-ադրբեջանական ռազմական գործողություններից հետո Ադրբեջան են հրավիրվում Իսրայելի մասնագետները, ըստ ամենայնի՝ քննարկելու իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերի հայկական հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվելու փաստերի հանգամանքները:

«Ազատություն» ռադիոկայանն օրերս զրուցել էր Ալեքսանդր Լապշինի հետ, որն այդ թեմայի առնչությամբ ասել էր. «Տեղեկություններ են շրջանառվում, որ արդեն Բաքու են ժամանել հրեա մասնագետներ, որոնց ադրբեջանական կողմը հրավիրել է բացատրելու, թե ինչպե՞ս են հայկական հակաօդային պաշտպանության ուժերը խոցում հրեական այդքան թանկարժեք ԱԹՍ-ները: Որքան ես գիտեմ, նրանք արդեն այնտեղ են, բայց ես սա չէի դիտարկի որպես Հայաստանի դեմ սպառնալիք, որովհետեւ երբ շատ մեծ գումարների զենք է ձեռք բերվում, ապա այն, իհարկե, ուղեկցվում է խորհրդատվությամբ ու տեխնիկական սպասարկմամբ»:

Մինչ Ադրբեջանը հրեական արտադրության հարվածային եւ հետախուզական թռչող սարքերի ոչնչացման շոկից փորձում է դուրս գալ, դրան զուգահեռ ակնհայտ դարձավ հայկական մարտական ԱԹՍ-ների արդյունավետ կիրառումը:

«Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օր: Առաջին անգամ հայկական մարտական ԱԹՍ-ները կիրառվեցին պատերազմի ժամանակ՝ մարտական պայմաններում եւ փայլուն արդյունքներ գրանցեցին: Կարծես նրանց հարվածի զոհ են դարձել բարձրաստիճան զինվորականներ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանը:

Հայաստանի զինված ուժերը հայ-ադրբեջանական սահմանին ընթացող մարտերի ժամանակ կիրառել է մարտական ԱԹՍ, որի արդյունքները բավականին բարձր են, Իջեւանում մամուլի ասուլիսում նկատել էր Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, թե՝ «չէր ուզի հակառակորդին տխրեցնել, սակայն անզեն աչքով էլ երեւում է` աշխարհում բավականին մեծ գլխացավանք հանդիսացող ԱԹՍ-ներից հայկական ԶՈՒ-ն բավականին լավ է գլուխ հանում»։

Իսկ հուլիսի 18-ին ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ներկայացնելով, թե ինչ միջոցներով են խոցվել հակառակորդի տանկերը՝ հայտնել էր. «Այո, հաստատում եմ, որ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում խոցվել է հակառակորդի երեք տանկ՝ հայկական ռազմարդյունաբերության արտադրության հատուկ նշանակության հարվածային անօդաչու թռչող սարքերով»: Ի դեպ, հավելենք, որ Banak.info մասնագիտացված կայքը հրապարակել էր լուսանկարներ, որտեղ երեւում էին, թե ինչպես է ադրբեջանական կողմը մարտերից հետո տեղափոխում խոցված զրահատեխնիկան, մասնավորապես 3 միավոր տանկ:

Դժվար է հասկանալ, թե Ալիեւի համար մարդկային կորուստնե՞րն են ավելի ցավալի, թե՞ ԱԹՍ-ներինը, կամ այլ տիպի սպառազինություններինը: Առհասարակ, այս հարցերը, թերեւս, ադրբեջանական հասարակության խնդիրն են:

Բայց այսօր մի բան ակնհայտ է՝ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով հուլիսյան ռազմական գործողություններում ադրբեջանական բանակի հասցրած վնասը իսրայելական արտադրանքի իմիջին՝ Հայկական Զինված ուժերի կողմից հարվածային եւ հետախուզական թռչող սարքերի ոչնչացմամբ, անվիճելի փաստ է:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին զենք վաճառող երկրներին, ապա նրանք պետք է հստակ գիտակցեն, որ ոչ միայն նպաստում են Ադրբեջանի ագրեսիվ ու ռազմատենչ ծրագրերին՝ ընդդեմ Հայաստանի ու Արցախի եւ դրանով իսկ հարված են հասցնում տարածաշրջանային կայունությանը, այլեւ որ՝ Ադրբեջանը պարզապես սպառազինությունը օգտագործելու խնդիր էլ ունի:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 24.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031