«Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնությունն» այսօր Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքների հետ կապված առցանց քննարկում էր կազմակերպել: Հանձնաժողովի նախագահ, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրեց, թե ինչ մոտեցումներ են որդեգրել, որ հարցերի շուրջ ունեն կոնսենսուս եւ որոնց շուրջ տարաձայնություն:
Նա նշեց, որ հիմնական սկզբունքը պետք է լինի պետություն-քաղաքացի օրգանական կապի վերականգնումը, Սահմանադրությունը պետք է իրական քաղաքացիական պայմանագիր ընկալել ու արդյունքում այդ փաստաթուղթը, որը կարտացոլի իրական արժեքներն ու գաղափարները, կլինի լեգիտիմ:
Սահմանադրական բարեփոխումների գործընթացում խոստանում են ապահովել թափանցիկություն, ներառականություն, քաղհասարակության հետ կապի մեջ լինել: Աշնան կեսերին արդեն նախնական տարբերակը պատրաստ կլինի ու կքննարկեն կոնցեպտներն ու հիմնական գաղափարները:
Թե ինչ գործիքներ են կիրառելու գործընթացում, Եղիշե Կիրակոսյանն ասաց, որ սոցիոլոգիական հարցումներից սկսած, բազային վիճակագրական տվյալների վերլուծություն, փորձագիտական աշխատանք պետք է անեն տարբեր բնագավառներում ինստիտուտների, թիրախային թեմաների վերաբերյալ, միջազգային եւ սեփական փորձի ուսումնասիրություն, տարբեր ձեւաչափերով քննարկումներ են կազմակերպվելու եւ այլն:
Կարդացեք նաև
Ուշագրավ է, որ հանձնաժողովը երկու կարեւոր առանցքային փոփոխություն է նախատեսում.
1-ին խումբ փոփոխություններով նախատեսվում է սահմանադրական կարգի նոր սկզբունքների ամրագրում եւ գործող սկզբունքների վերանայում: Մասնավորապես, պետական գործառույթներով օժտված անձանց կաշկանդվածությունը պետք է վերանայվի օրինականության սահմանադրական սկզբունքով, իրավական նորմերը որոշակիանան եւ այլն:
2-րդ խումբ փոփոխություններով քննարկվել է պետություն եւ եկեղեցի սահմանադրական կարգավորման վերանայման հարցը: Սրա նպատակն է ազգային ժառանգություն համարվող արժեքների պահպանության ապահովումը:
Հանձնաժողովում քննարկվել է նաեւ վերպետական կազմակերպությունների, օրինակ, ԵԱՏՄ-ի իրավական փաստաթղթերի, դրանց ուժի հարցը մեր ներպետական համակարգում, այստեղ սահմանադրական բաց ունենք:
Մարդու իրավունքների պաշտպանը, որը հանձնաժողովի անդամ է, իր մոտեցումներն է ներկայացրել, որոնք պետք է հաշվի առնվեն հացեցակարգային դրույթները մշակելիս: Մասնավորապես, առաջարկվում է վերանայել անձի իրավական վիճակը վատթարացնող իրավական ակտերի հետադարձ ուժի հարցը, դատապարտյալներին ընտրական իրավունք վերապահելը, առաջարկվել է ՄԻՊ-ին իրավունք վերապահել սոցիալական իրավունքներով բողոք բերելու, մարդու իրավունքների սահմանափակման դրույթներն էլ միջազգային փաստաթղթերին համապատասխանեցնելու հարցերը:
Առաջին հարցերից մեկը, որ հանձնաժողովի նիստերում քննարկվել է, կառավարման ձեւի ընտրության հարցն է: Սա այն եզակի հարցերից մեկն է, որի շուրջ եղել է բացարձակ կոնսենսուս՝ մնալու խորհրդարանական կառավարման տրամաբանության մեջ: Քննարկվել է ընտրակարգի, իշխանությունների տարանջատման սկզբունքի հարցերը: Մասնավորապես, կայուն մեծամասնության ինստիտուտի վերանայման հարցը, ԱԺ-ի վերահսկողական գործառույթների ընդլայնման, խմբակցությունների եւ ԱԺ հանձնաժողովների վերահսկողական լիազորությունների վերանայման հարցերը:
Եղիշե Կիրակոսյանն ասաց. «Պառլամենտական հանրապետության տրամաբանության մեջ նախատեսվում է ՀՀ նախագահի կարգավիճակի եւ լիազորությունների վերանայում՝ հիմնվելով պառլամենտական հանրապետությունների, հիմնականում եվրոպական փորձի վրա: Հանդիպում տեղի ունեցավ նաեւ նախագահի հետ, որտեղ նախագահը ներկայացրեց իր տեսլականը եւ իր մտահոգությունները եւ կիսվեց վերջին 2 տարիների ընթացքում իր փորձով, որոնք հանձնաժողովն անպայման հաշվի կառնի: Որոշակի քննարկում է եղել նախագահի ընտրության վերաբերյալ, բայց միասնական դիրքորոշում չունենք: Առանձին անդրադարձ է կատարվել պետական պաշտոնատար անձանց անձեռնմխելիության միասնական կարգավորման մոդելի հարցում: Այս հարցով դեռ հանձնաժողովի անդամերը աշխատում են հայեցակարգի նախնական տարբերակի վրա, որը կլինի օգոստոսի սկզբին եւ ավելի առարկայական կքննարկենք»:
Այնուամենայնիվ, ըստ ներկայացրած «պրեզենտացիայի» այս առումով նախատեսվում է վարչապետի անձեռնմխելիության ինստիտուտի ներդրում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ