Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լիլիթ Մակունց. «Այդ բանաձեւում նշված չի Հայաստանի անունը, բայց բնականաբար այն պարունակում է հակահայկական տարրեր». «Հայկական ժամանակ»

Հուլիս 24,2020 10:22

Օրերս, ինչպես տեղեկացրել ենք, ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավական հանձնաժողովը բանաձեւ է ընդունել, որում թեեւ Հայաստանի անունը չկա, սակայն այն ակնհայտ հակահայկական տարրեր է պարունակում:

Մասնավորապես, ըստ բանաձեւի՝ ԱՄՆ պետքարտուղարը, պաշտպանության քարտուղարի հետ համատեղ, պետք է զեկույց ներկայացնի Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ադրբեջանում ներքին տեղահանվածների կարգավիճակի վերաբերյալ, որում պետք է տեղեկություններ լինեն 1991 թվականից ի վեր օտարերկրյա ուժերի կողմից այդ երկրների ապօրինի գրավյալ տարածքներից տեղահանված, սպանված քաղաքացիների թվի վերաբերյալ:

ՀՀ արտգործնախարարությունը դեռ չի արձագանքում այս բանաձեւին: Բազմաթիվ փորձագետներ սա գնահատել են շատ վտանգավոր քայլ՝ առաջին հերթին այն պատճառով, որ այս բանաձեւում հավասարության նշան է դրվում Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ադրբեջանի ներգրավմամբ կոնֆլիկտների միջեւ: Մինչդեռ, ըստ մասնագետների, մյուս կոնֆլիկտները շատ տարբեր են ԼՂ խնդրից:

Թե ինչպես է այս բանաձեւը հայտնվել Կոնգրեսում՝ սրա հետ կապված եւս տեղեկությունները բազմազան են: Կան պնդումներ, որ ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունները Ադրբեջանի անունը այդ բանաձեւում ներառելու համար 120 հազար դոլար են վճարել:

Թե ինչ է անելու հայկական կողմը բանաձեւի ընդունումը Սենատում թույլ չտալու համար՝ այդ մասին զրուցել ենք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Լիլիթ Մակունցի հետ:

– Տիկին Մակունց, վստահաբար տեղյակ եք, որ ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատում ընդունված 2021 թվականի Ազգային պաշտպանության մասին օրենքում ներառվել է բանաձեւ, որն իր մեջ հակահայկական տարրեր է պարունակում: Խնդրում եմ ասել, թե ինչ եք պատրաստվում անել՝ այս բանաձեւի ընդունումը Սենատում կանխելու համար:

– Մենք, իհարկե, տեղյակ ենք եւ օպերատիվ կապի մեջ ենք առանձին կոնգրեսականների աշխատակազմերի հետ, ինչպես նաեւ Կոնգրեսում Ամերիկայի հայկական համագումարի եւ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ: Այս բանաձեւի կետ կապված նախ ուզում եմ ասել, որ այն փոփոխությունների փաթեթը, որը ներկայացվել է, ըստ առանձին մեկնաբանությունների՝ ընկալվում է մեծամասամբ որպես հակառուսական փաթեթ: Պիտի նշեմ, որ նախնական տարբերակում փաթեթում ներառված են եղել մի շարք պետություններ, որոնցից են Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, եւ վերջին պահին նախագիծը Ներկայացուցիչների պալատ ներկայացնելուց առաջ ադրբեջանական լոբբինգի շնորհիվ այնտեղ հայտնվել է Ադրբեջան պետության անունը: Այդ բանաձեւում նշված չի Հայաստանի անունը, բայց բնականաբար այն պարունակում է հակահայկական տարրեր:

Ինչպես գիտենք, Հայաստանի Հանրապետությունը կամ որեւէ այլ պետություն անմիջականորեն չի կարող միջամտություն ունենալ կոնգրեսում ընդունվող բանաձեւերի, որոշումների փոփոխության վրա: Այնուամենայնիվ մենք մեր բարեկամական խմբի շրջանակները եւ լիազորությունները օգտագործելով կապի մեջ ենք, հնարավորինս փորձում ենք հասկանալ, թե մեր ուժերի ներածին չափով ինչ կարող ենք անել եւ աշխատում ենք ըստ այդմ: Ինչպես գիտեք, փոփոխությունը, նախագիծը արդեն ներկայացվելու է Սենատին, Սենատը պետք է որոշում կայացնի՝ ընդունել կամ չընդունելու մասին եւ եթե ընդունի, այն արդեն դառնալու է օրենք: Ուզում եմ նորից ասել, որ այն, ինչ կախված է մեզանից եւ օրենքով հնարավոր է, որ մենք անենք, արվում է, խորհրդակցությունները եւ բանակցությունները վարում ենք: Պետք է ասեմ, որ այս ընթացքում կանխվել է մի շարք այլ բանաձեւերի ընդունում, ինչպես նաեւ որեւէ կերպ դրանց որեւէ առաջխաղացում:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031