Սահմանում հարաբերական անդորր է, ու մարտերը շարունակվում են դիվանագիտական հարթությունում։ Այս օրերին աշխարհի տարբեր անկյուններում հայերն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, ադրբեջանցիներն էլ ուժեղացրել են լոբբիստական աշխատանքն ու փորձում են հակահայկական բանաձևեր անցկացնել։ Քաղաքագետ ՍՏԵՓԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ իրավիճակը միայն հայ-ադրբեջանական հարթությունում չի դիտարկում, այլ աշխարհաքաղաքական մեծ գործընթացների, որոնց կարող են կուլ գնալ փոքր երկրները։
-Այս երկու տարվա ընթացքում Հայաստանն իր հարաբերությունները բավական վատթարացրել է գործընկեր և դաշնակից պետությունների հետ։ Այս իրավիճակում սա մեզ համար ի՞նչ խնդիրներ կստեղծի։ Այս համատեքստում բավականին խնդրահարույց է հայ-ռուսական հարաբերությունների սրված վիճակը, որի ապացույցն են նաև Մարգարիտա Սիմոնյանի վերջին հայտարարությունն ու դրա արձագանքները։ Ի՞նչ անցանկալի զարգացումներ կարող են լինել այս հարթությունում։
-Նախ` եկեք հստակեցնենք՝ ոչ թե հայ-ռուսական հարաբերություններում, այլ Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների միջև է լարվածությունը։ Մենք ունենք անհասկանալի հարաբերություններ նաև Վրաստանի հետ, բարդ, առաջին հայացքից անտեսանելի, բայց անվստահելի հարաբերություններ` Իրանի հետ, ունենք «փչացրած» հարաբերություններ ԱՄՆ-ի հետ, իսկ ԵՄ երկրների հետ ընդհանրապես պարզ չէ, թե ինչ հարաբերություններ ունենք։ Այս ամենի բացատրությունն այն է, որ գործող իշխանությունն ուղղակի արտաքին քաղաքականություն չունի, պահի տակ որոշումներ է կայացնում, շատ դեպքերում` իրարամերժ, այսրոպեական, իրավիճակային, անհասկանալի, որոնք հանգեցնում են համապատասխան հետևանքների։
Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, կա մեկ հիմնական խնդիր՝ Հայաստանի իշխանությունների հանդեպ անվստահություն, ինչպես նաև աշխարհաքաղաքական այլ հարցեր։ Բայց և՛ ՌԴ-ում, և՛ Հայաստանում հասկանում են, որ իշխանություններն այսօր կան, վաղը չկան, իսկ երկկողմանի շահերն ավելի լուրջ են։ Դա լավ երևաց, երբ Թուրքիան փորձեց միջամտել հայ-ադրբեջանական խնդրին, և Ռուսաստանը հակազդեցություն ցուցաբերեց՝ չկարևորելով, թե ով է Հայաստանում իշխանության ղեկին ու ինչ անհասկանալի քաղաքականություն է վարում։ Կա աշխարհաքաղաքական քարտեզ, որն իր իրողություններն ունի, դրանք ավելի կարևոր են, քան որոշ մարդկանց անհեռատես քաղաքականությունը։
Կարդացեք նաև
-Տավուշյան ռազմական գործողություններին հետևեցին ներքաղաքական քննարկումներ, երբ կշեռքի նժարին էին դրվում նախկին ռազմական գործողությունները, անգամ իշխանական շրջանակից կարծիք հնչեց, թե նախկինները ռազմական «հեղափոխություն» են փորձում անել։ Այս կարգի քննարկումներն ինչպե՞ս եք գնահատում, երբ փորձ է արվում բանակը ներքաշելու ներքաղաքական բանավեճերի տիրույթ։
-Նախ` պիտի հասկանալ. մենք նպատակ ունենք մեր խնդիրները լու՞րջ, թե՞ անլուրջ քննարկելու։ Եթե խնդիրները փորձենք անլուրջ ձևով քննարկել, ուրեմն պիտի դիտարկենք իշխանության պոպուլիստական հայտարարությունները։ Պոպուլիզմը թողնենք մի կողմ և խնդիրները լուրջ գնահատենք, իսկ այս պարագայում պիտի հասկանանք, որ բանակը ինչ-որ առումով քաղաքական գործընթացներից դեռևս դուրս է, որովհետև պոպուլիստ իշխանությունները դեռ մուտք չեն գործել բանակ։ ՈՒ փառք Աստծո, որ դեռ չեն կարողացել մուտք գործել։ Այս օրերին և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը փորձում են ռազմական գործողությունները շահարկել, ինչը շատ վատ է։ Բանակի խնդիրները պիտի քաղաքականությունից վեր լինեն։
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում