«Հայ եկեղեցու պատմությունը» առարկայացանկից հանելուց հետո, հիմա էլ «Հայ գրականություն» առարկայից «հայ»-ն են խլում։ Որտեղի՞ց այս մարդկանց մեջ այդքան անհանդուրժողականություն սեփական ազգի հանդեպ։ Այսքան տարի, որ դպրոցում գրականությունը հայ «տարբերանշանով» են անցել, ի՞նչ է եղել, ինչո՞ւ է հիմա ԿԳՄՍ նախարարության պատասխանատուներին այդ բառն այդքան անհանգստացնում ու նյարդայնացնում։
Բայց սա դեռ վերջը չէ, նրանք մխրճվել են «Հայ գրականության» մեջ ու որոշել դասագրքից հանել մեր գրականության ոսկեդարը։ Հասկանու՞մ եք՝ հայ մտքի փայլուն դարաշրջանը, երբ աշխարհի ցանկացած երկիր կերազեր գրական այդպիսի աստղաբույլ ունենալ։ Իսկ մենք մեր ձեռքով վերցնում ու մի կողմ ենք նետում այդ հարստությունը։ Հարյուրավոր տարիներ մեր թշնամին մեզնից գիրն ու գրականությունը, մշակույթը յուրացրել, սեփականաշնորհել ու իրենն է համարել, իսկ հիմա մե՞նք ենք մեր ձեռքով նրան նվեր մատուցում։ Հանուն ինչի՞։
Ըստ հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների, 5-րդ դարի գրականություն հայ ժողովուրդը չունի, չի ունեցել Խորենացի, Նարեկացի, Շնորհալի, Քուչակ, Ֆրիկ, Սայաթ-Նովա… Սթափ ուղեղում չի կարող այսպիսի միտք տեղավորվել։ Մեզ՝ հայերիս, ծննդյան վկայական տվող Խորենացի, տիեզերական վարդապետ Նարեկացի, շարականագիր Շնորհալի, հայրենների Քուչակ, սոցիալական անարդարությունների դեմ բողոքը երկ դարձրած Ֆրիկ, աշուղ, գրող Սայաթ-Նովա, որի ժառանգությունը երեք ազգ վիճարկում է… Ինչպիսի՜ հարստություն, իսկ մենք ինքնակամ հրաժարվում ենք նրանցից։ Սա ի՞նչ է, եթե ոչ սեփական պատմության ուրացում, ազգն արմատից պոկելու սարսափելի քայլ։ Խորենացին ի՜նչ իմանար, որ իր «Ողբն» այսօր առավել քան արդիական է, երիցս «Ողբամ զքեզ, հայոց աշխարհ»։
Ոչ մի հիմնավորմամբ սա արդարացում չունի։ Առավել անհեթեթ է հնչում, թե այդ հեղինակները դժվարամարս են աշակերտի համար։ Հարց է՝ ի՞նչ քաղաքացի է պատրաստում մեր կրթական համակարգը՝ դյուրամարս նյութ յուրացնո՞ղ, չմտածո՞ղ, չվերլուծո՞ղ, դիմագիծ չունեցո՞ղ, որպեսզի հեշտ կառավարելի՞ լինի ու արագ զոմբիացվի՞։ Ինչպե՞ս է պատահել, որ նախկինում աշակերտները հասկանում էին այդ հեղինակներին, իսկ հիմա հանկարծ դրանք անհասկանալի դարձան, ի՞նչ փոխվեց երկու տարում։ Ասում են, թե դպրոցում բանասերներ չեն կրթում, այդ տրամաբանությամբ կարող են քիմիան, ֆիզիկան ընդհանրապես չդասավանդել, դպրոցը քիմիկոսներ ու ֆիզիկոսներ պատրաստելու տեղ չէ։
Կարդացեք նաև
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում