Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանավորի տեսակցությունները եւ հեռախոսազանգերը կնոջ եւ երեխաների հետ վարույթն իրականացնող մարմինն անհնար է համարում

Հուլիս 24,2020 12:30

Արմեն Մելքոնյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը հուլիսի 1-ի` միջնորդությունը քննության առնելու մասին
որոշման դեմ բողոք է բերել:

Բողոքն ուղղված է ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Գ. Ամիրյանին:

Պաշտպանը տեղեկացնում է, որ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ Ս. Մարգարյանի վարույթում է գտնվում թիվ 58206120 քրեական գործն ըստ մեղադրանքի Արմեն Մելքոնյանի՝ 3 դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223.3-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով /Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը/ եւ մյուսների:

Այդ քրեական գործով պաշտպանը հունիսի 18-ին միջնորդություն էր ներկայացրել քննիչ Գ. Մարգարյանին՝ քրեական գործով մեղադրյալ Արմեն Մելքոնյանի տեսակցությունները եւ հեռախոսազանգերը կնոջ եւ երեխաների հետ թույլատրելու մասին:

Հուլիսի 10-ին քննիչ Ս. Մարգարյանից ստացվել է միջնորդությունը քննության առնելու մասին որոշումը, որով մերժվել է պաշտպանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Քննիչի պատճառաբանությունը հետեւյալն է. «Քրեական գործի նախաքննության ընթացքում վարույթ իրականացնող մարմինը քրեական գործով կատարվելիք քննչական եւ դատավարական գործողությունների ապահովման անհրաժեշտությունից ելնելով, ինչպես նաեւ հաշվի առնելով մի շարք կարեւոր հանգամանքներ, որոշում է կայացրել արգելք սահմանել մեղադրյալ Արմեն Մելքոնյանի տեսակցությունների եւ հեռախոսային խոսակցությունների նկատմամբ:

Քննարկվող դեպքում Արմեն Մելքոնյանի տեսակցությունները եւ հեռախոսազանգերը կնոջ եւ երեխաների հետ վարույթն իրականացնող մարմինն անհնար է համարում»:

Լիպարիտ Սիմոնյանն «Առավոտի» հետ հեռախոսազրույցի ժամանակ ասաց, որ քննիչ Ս. Մարգարյանի հուլիսի 1-ի որոշումն անհիմն է եւ ենթակա է վերացման հետեւյալ հիմնավորումներով. «Արմեն Մելքոնյանի տեսակցությունները եւ հեռախոսային խոսակցությունները՝ կնոջ եւ մանկահասակ երեխաների հետ, որեւէ կերպ չեն կարող խոչընդոտել գործով օբյեկտիվ ճշմարտության բացահայտմանը, առավել եւս, որ նրա կինը եւ մանկահասակ երեխաները, ելնելով ՀՀ քրեադատավարական կարգավորումից, ազատված են ցուցմունք տալու պարտավորությունից: Պաշտպանյալիս մանկահասակ երեխաների եւ կնոջ հետ շփումը որեւէ կերպ   կարող  է ազդել գործի քննության լրիվության,  օբյեկտիվության եւ բազմակողմանիության վրա»:

Ըստ փաստաբանի, ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ` ծնողներն իրավունք ունեն եւ պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին:

Արմեն Մելքոնյանի երեխաները մանկահասակ են՝ մեկը 5 տարեկան է, մյուսը`1 տարեկան 5 ամսական եւ ըստ Լ.Սիմոնյանի, այդ տարիքում հորը երկար ժամանակահատվածով չտեսակցելը եւ չշփվելը կարող է բացասական ազդել երեխաների՝ առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման համար: Հարկ է փաստել, որ երեխաները ունեն կարոտի մեծ զգացմունք, որը ազդում է նրանց հոգեբանության վրա:

Իր բողոքում էլ փաստաբանը հղում էր կատարել նաեւ ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածի 3-րդ մասին,  համաձայն որի` յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ եւ անմիջական շփումներ պահպանելու իրավունք, բացառությամբ այն դեպքերի, երբ դա, դատարանի որոշման  համաձայն,  հակասում է երեխայի շահերին: Մանրամասները սահմանվում են օրենքով:

Ըստ փաստաբանի. «առկա չէ որեւէ դատարանի որոշում, որով կարող էր Արմեն Մելքոնյանի շփումը երեխաների սահմանափակվել»:

«Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի Կոնվենցիայի 9-րդ հոդվածի համաձայն էլ՝ համապատասխան պետական մարմինները պետք է ապահովեն երեխաների՝ իրենց ծնողների հետ կապ պահպանելու իրավունքի իրականացումը:

Լիպարիտ Սիմոնյանն ասում է. «Տվյալ դեպքում ունենք հակառակ իրավիճակը, երբ քննիչը առանց որեւէ օրինական հիմքերի երեխաներին զրկում է իրենց ծնողի հետ կապ պահպանելու իրավունքից: Ինչպես երեւում է քննիչի որոշումից, ուղղակիորեն արգելվել է տեսակցությունները ու հեռախոսազանգերը կնոջ եւ մանկահասակ երեխաների հետ, այսինքն` առկա է մեղադրյալ Արմեն Մելքոնյանի անձնական ու ընտանեկան կյանքի միջամտության փաստը»:

ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն`

1.Յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր եւ ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք:

2.Մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:

Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն`

1.Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի եւ նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք։

2.Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով եւ անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաեւ անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով։

Լիպարիտ Սիոնյանը հարցնում է` ինչում է հանդիսանում այդ անհնարինությունը, քննիչը չի պատճառաբանել:

Նա պահանջում է այն վերացնել, քանի որ ըստ նրա, քննիչի կողմից նման արգելքը հանդիսանում է ոչ իրավաչափ միջամտություն Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված անձնական կյանքը հարգելու իրավունքին, ինչպես նաեւ այդ միջամտությունը` արգելքը, չի կարող իրավաչափ եւ անհրաժեշտ համարվել ժողովրդական հասարակությունում հանցագործությունները կանխելու համար:

ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի եւ Եվրոպական Միության կողմից քրեական դատավարության մասնակիցների՝ կասկածյալների եւ մեղադրյալների, իրավունքների ապահովման եւ պաշտպանության առանցքային երաշխիքների վերաբերյալ ընդունած իրավական ակտերի համաձայն էլ՝ իրավունքների սահմանափակումները չեն կարող բացառապես հիմնվել հանցագործության տեսակի կամ դրա վտանգավորության աստիճանի վրա, ցանկացած սահմանափակման վերաբերյալ որոշում պետք է ընդունվի իրավասու մարմնի կողմից՝ գործի փաստական հանգամանքների անհատական գնահատմամբ։

Պաշտպանը խնդրում է դատախազից` ցուցում տալ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ Ս. Մարգարյանին թույլատրել մեղադրյալ Արմեն Մելքոնյանի տեսակցությունները եւ հեռախոսազանգերը կնոջ եւ երեխաների  հետ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031