Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵրազԱրտ». փոքր ծրագիր՝ մեծ գործունեությամբ

Հուլիս 24,2020 12:00

Օրերս «Առավոտը» առցանց հետեւում էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի «ԵրազԱրտ» ամառային երաժշտական դպրոցի վարպետության դասերին, որի ավարտը ազդարարվեց մասնակիցների գալա համերգով։ Ի դեպ, այս ծրագիրը, ավելի ճիշտ՝ դպրոցը, գործում է արդեն 5 տարի, սեզոնային՝ ամռանը եւ ձմռանը։

Մեզ հետ զրույցում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանը նշեց, որ ծրագրի գերնպատակն է կրթել գալիք սերնդին՝ լավագույն մասնագետ- երաժիշտների փորձն ու հմտությունները փոխանցելով նրանց։

«Ուրախությամբ պետք է փաստեմ, որ այս տարի պատանիների համար դասեր վարեցին նաեւ «ԵրազԱրտի» նախկին տարիների սաները, ովքեր արդեն մեծ հաջողություններ էին գրանցել համաշխարհային բեմերում։ Ի վերջո, մեր նպատակն է կրթել այնպիսի երաժիշտների, ովքեր իրենց տաղանդի ու կարողությունների շնորհիվ կհամալրեն հայաստանյան նվագախմբերը, կդառնան ճանաչված մենակատարներ»,- հայտնեց մեր զրուցակիցը։

Արմեն Պադարյանը (ձախից) ֆիլհարմոնիկի երաժիշտներ հոբոյահար Հարություն Շախկյանի, ֆագոտահար Անդրանիկ Քոչարի, ֆլեյտահար Նարեկ Ավագյանի հետ՝ համերգին հաջորդած քննարկման ժամանակ։

Դիտարկմանն ի պատասխան, թե ժամանակին «ԵրազԱրտ» ծրագրի մասնակից է եղել այսօր արդեն ճանաչված ջութակահար, Մենուհինի անվան միջազգային մրցույթի հաղթող (2018թ.) Դիանա Ադամյանը, Արման Պադարյանը թվարկեց բազմաթիվ անուններ, այդ թվում՝ շեփորահար Դանիել Մելքոնյան, դաշնակահար Եվա Գեւորգյան, հոբոյահար Հայկ Հեքեքյան, գալարափողահար Արթուր Թադեւոսով եւ այլն, որոնց բարձրարվեստ կատարումները ծանոթ են ոչ միայն հայաստանցի, այլեւ արտասահմանցի հանդիսատեսին։

Հետաքրքրությանը՝ ինչո՞ւ ծրագրում ընդգրկված չեն ՀՀ մարզերից սաներ, մեր զրուցակցի պատասխանը հակիրճ էր. «Այս փոքր ծրագիրը չի կարող մի ամբողջ նախարարության դեր կատարել: Կրկնում եմ՝ մեր նպատակն է հայտնաբերել պատանի, երիտասարդ տաղանդավոր երաժիշտներ, նրանց համար կազմակերպել ոչ միայն վարպետության դասեր, եթե անհրաժեշտություն կա՝ տրամադրել նաեւ երաժշտական գործիքներ, ապահովել կրթաթոշակով եւ զբաղվել երաժիշտների մասնագիտական աճով»։

Ի պատասխան մեր հետաքրքրությանը, ղեկավարը հավաստիացրեց, որ իրենց գործունեության ընթացքում տրամադրել են շուրջ 150 երաժշտական գործիքներ, այդ թվում՝ դաշնամուր, լարային, փողային, հարվածային գործիքներ։ Նաեւ հավելեց, թե ծրագրի ուշադրության կենտրոնում են Աշտարակի, Վանաձորի, Գյումրիի, Թալինի, Ստեփանակերտի երաժշտական դպրոցները եւս (նկատի ունի նշյալ դպրոցներին երաժշտական գործիքներ նվիրաբերելը – Ս.Դ.)։ Մեր զրուցակիցը հետո հիշատակեց գյումրեցի տաղանդավոր մի հոբոյահարի մասին, որն այս տարի ընդունվել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, հավաստիացնելով, որ նման երաժիշտներն իրենց տեսադաշտից դուրս չեն մնում։ Իսկ «ԵրազԱրտի» դասընթացներին մասնակցում են հիմնականում Սայաթ-Նովայի անվան, Չայկովսկու, Մոկացյանի, Սպենդիարյանի, Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցների սաները եւ մեր կոնսերվատորիայի, ինչպես նաեւ Բրյուսելի թագավորական կոնսերվատորիայի ուսանողները։

Վերադառնալով ամառային երաժշտական դպրոցի անցկացրած վարպետության դասերին, նշենք, որ այս տարի դրանք վարել են մեր ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներ՝ իտալացի գալարափողահար Պաոլո Ռիցուտոն, ֆլեյտահար Նարեկ Ավագյանը, հոբոյահար Հարություն Շախկյանը, ֆագոտահար Անդրանիկ Քոչարը, իսպանացի տրոմբոնահար Խուան Պարդո Խիլը, ռուս շեփորահար Կիրիլ Սոլդատովը, «ԵրազԱրտի» նախկին սաներ՝ դաշնակահար  Նառա Ավետիսյանը, բելգիաբնակ ջութակահար Հրայր Կարապետյանը, ամերիկաբնակ թավջութակահար Վարդան Գասպարյանը։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.07.2020

Գլխավոր լուսանկարում՝ «ԵրազԱրտի» ամառային երաժշտական դպրոցի այս տարվա սաները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031