Հուլիսի 23-ին ՌԴ ԱԳ Նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկերոջ՝ Մևլյութ Չավուշօղլուի հետ: Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ի կայքը, արտգործնախարարները ի թիվս այլ հարցերի քննարկել են նաև հայ-ադրբեջանական սահմանային վերջին լարվածությունը:
«Կարծիքներ են փոխանակվել Անդրկովկասում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին վերջին սրման առնչությամբ ռուսական կողմն ընդգծել է հավասարակշռված մոտեցումների դրսևորման և հակամարտության մեջ ներգրավված կողմերի վրա զսպող ազդեցություն ունենալու անհրաժեշտությունը՝ իրավիճակի հետագա սրումը թույլ չտալու, հայ-ադրբեջանական սահմանին անվտանգությունն ապահովելու, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերն ակտիվացնելու նպատակով», – նշված է հաղորդագրության մեջ:
ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարները նաև պայմանավորվել են զարգացնել փոխգործակցությունը՝ տարածաշրջանի կայունացման համար:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ