Հայ-ադրբեջանական սահմանագոտու Տավուշի հատվածում դիրքային բարելավումների արդյունքում հայկական կողմը որոշակի վերահսկողության տակ է պահում հակառակորդի միջդիրքային ճանապարհները: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը:
«Մասնավորապես, դիրքերից մեկը տանող ճանապարհի վրա վերահսկողության արդյունքում հակառակորդը չի օգտագործում այն: Հակառակորդը «կղզիացել» է եւ գտնվում է շրջափակման մեջ, փորձում է դեպի դիրք այլ ճանապարհներ գտնել, որոնք, միանշանակ, զինտեխնիկայի համար չեն: Ոտքի ճանապարհ գուցե լինի, բայց զինտեխնիկա սպասարկելու համար պիտանի ճանապարհ չի կարող լինել: Այս ամենն ասում եմ՝ հիմնվելով ադրբեջանական բաց աղբյուրների եւ արբանյակային լուսանկարների վրա: Հավաստում եմ, որ այդպես է»,-մեզ հետ զրույցում ասաց Կարեն Հովհաննիսյանը:
Նրա բնորոշմամբ՝ մյուս կողմից, հակառակորդը փորձում է հնարավորության չափով զինտեխնիկայի համար ճանապարհ կառուցել եւ մոտեցնել այն դիրքին, բայց դա բացառված է. «Առնվազն մոտ մեկ կմ պետք է ժայռ մագլցել: Կարող ենք ասել, որ հակառակորդի այդ դիրքը պարզապես «կղզյակ» է դարձել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ