Լրահոս
Օրվա լրահոսը

«Գագիկ Ծառուկյանը որեւէ կառավարչական լիազորություն չի իրականացրել». Էմին Խաչատրյան

Հուլիս 23,2020 19:40

«Ես ոչ թե հույս ունեմ, այլ համոզված եմ, որ պարոն Ծառուկյանը որեւէ կառավարչական լիազորություն չի իրականացրել: Չի լինելու այդ ապացույցը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շահերի պաշտպան Էմին Խաչատրյանը:

Հիշեցնենք, երեկ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դեմ՝ հիմքով, որ վերջինս պատգամավորական գործունեությանը զուգահեռ «առերևույթ զբաղվել» է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կառավարմամբ։

«Վարույթ հարուցելու համար առիթ է հանդիսացել 2020 թվականի հունիսի 23-ի «Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերության ընդհանուր ժողովի արձանագրությունը, որը ստորագրել է Գագիկ Կոլյայի Ծառուկյանի կողմից, որով որոշվել է դադարեցնել ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի լիազորությունները և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Արայիկ Կեսոյանին (որպես պատճառ՝ նշված է Սեդրակ Առուստամյանի կողմից իր պարտականությունների կատարման ժամանակավոր անհնարինությունը) »,- գրված է հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ:

2017 թվականից Գագիկ Ծառուկյանի սեփականություն հանդիսացող «Մուլտի Գրուպ» կոնցեռնը, որում 20 ձեռնարկություն է ընդգրկված, կառավարող Սեդրակ Առուստամյանը «Հյուսիս-հարավի» գործով մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու, կեղծ ձեռնարկատիրության և փողերի լվացման մեջ:

Ավելին, օրերս ի հայտ եկած նոր՝ «ընտրակաշառքի գործի» շրջանակներում, նրա անունը ևս շոշափվում է: Ըստ գործի նյութերի, ենթադրյալ ընտրակաշառքի համար նախատեսված գումարը, Գեղարքունիքի մարզի ԲՀԿ-ական թեկնածու Վազգեն Պողոսյանը ստացել է Աբրահամ Մանուկյանից եւ Սեդրակ Առուստամյանից:

«Այս պայմաններում այդ ձեռնարկությունների բնականոն գործունեությունը խաթարվում է: Պարոն Ծառուկյանը որեւէ կառավարչական գործառույթ չի իրականացրել: Ուղղակի, Սեդրակ Առուստամյանի հետ կառավարման կամ տնօրեն նշանակելու պայմանագիրը խզել է, փոխարինել է տնօրենին, որպեսզի այդ կազմակերպությունները ղեկավարի մյուս տնօրենը կամ ժամանակավոր պաշտոնակատարը: Մանավանդ, որ անձը, ում որ նշանակել է, հանդիսանում էր Սեդրակ Առուստամյանի ֆինանսական գծով տեղակալը եւ նշանակվել է, որպեսզի այդ կազմակերպությունների բնականոն աշխատանքը չխաթարվի, քանզի ամենօրյա ռեժիմով գործառույթներ են իրականացվում՝ գործարքներ են կատարվում, պետությանը հարկեր են վճարվում, աշխատողներին աշխատավարձեր են վճարվում եւ այլն: Այս բոլոր գործողությունները, պարոն Ծառուկյանն օրենքի ուժով չի կարող իրականացնել եւ չի իրականացրել: Խնդիր է առաջացել, ուղղակի կալանքի տակ գտնվող տնօրենին փոխարինել եւ պարոն Ծառուկյանը ստորագրել է: Այսինքն, այդ ստորագրությամբ չի կարող համարվել, որ պարոն Ծառուկյանը կառավարման գործընթացին մասնակցել է: Չկա ապացուցող որեւէ բան, որ պարոն Ծառուկյանն ինչ-որ պայմանագիր է կնքել, ինչ-որ մեկ այլ ձեռնարկության հետ, բանակցություն է վարել, հարկ կամ աշխատավարձ է վճարել եւ այլն»,- մանրամասնեց պաշտպանը:

Ըստ մեր զրուցակցի, բազմաթիվ օրինակներ կան, որոնց մասին այս պահին իրենք չեն բարձրաձայնի, երբ այլ պաշտոնյաներ եւս ունեցել են կառավարման հանձնված բիզնեսներ ու իրենց պաշտոնը վարելու ընթացքում մասնակցել են լուծարման գործընթացին՝ ժողովի են մասնակցել եւ ստորագրել են, որ լուծարվի տվյալ ձեռնարկությունը. «Այսինքն, դա է՞լ է նշանակում կառավարել: Իմ կարծիքով, անձը հստակ մի քանի գործառույթ պետք է կատարի, որ երեւա նրա մասնակցությունը կառավարման գործընթացին՝ գործարք կնքի, բանակցությունների մասնակցի, նիստ անի եւ այլն: Տվյալ դեպքում, թե ֆորմալ առումով, թե օրենքի տեսանկյունից՝ չկա որեւէ ապացույց, որ Գագիկ Ծառուկյանը մասնակցել է կառավարմանը: Անձը ինչպես իրավունք ունի կառավարիչ նշանակելու, այնպես էլ իրավունք ունի կառավարչին փոխելու: Որեւէ խնդիր, որպես այդպիսին չեմ տեսնում: Համոզված եմ, որ օբյեկտիվ հետաքննության արդյունքում կլինի օբյեկտիվ որոշում»:

Եթե իրավական տեսանկյունից խնդիր չկա Գագիկ Ծառուկյանի արարքում, Էմին Խաչատրյանին հարցրեցինք՝ սա համարո՞ւմ է ԲՀԿ նախագահի նկատմամբ սկսված քաղաքական հետապնդման շարունակություն, ինչի մասին քանիցս հայտարարություններ եղել են:

Հիշեցնենք, Գագիկ Ծառուկյանն անցնում է երեք քրեական գործերով, դրանցից մեկով մեղադրվում է ընտրակաշառք տալը կազմակերպելու մեջ։ ԱԱԾ-ն նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել, դատարանն այն չբավարարեց։ Դատախազության բողոքից հետո ՀՀ Վերաքննիչ դատարանը բեկանեց առաջին ատյանի դատարանի որոշումը: Առաջին ատյանի դատարանում գործը կքննվի նոր կազմով:

«Ես իմ սկզբունքներից ելնելով որեւէ քաղաքական մեկնաբանություն ուզում եմ չանել, թեեւ այս ընթացքում, այլ քրեական գործերով, 1-2 անգամ ասել եմ, որ նման միտում տեսնում եմ: Բայց, ամեն դեպքում, եթե դիմում կա, ես հակված եմ նրան, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այլ մեխանիզմ չունի. օրենքով սահմանված կարգով պետք է վարույթ հարուցի, նյութեր հավաքի, ապա եզրահանգում անի: Վարույթ հարուցելը մերժելու մեխանիզմ պարզապես գոյություն չունի»,- ասաց Էմին Խաչատրյանը:

Հարցին՝ ինչո՞վ կբացատրի պետական պաշտոնատար անձի դիմումը՝ ուղղված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, մեր զրուցակիցը պատասխանեց. «Թե ինչ նպատակ է հետապնդել պետական պաշտոնատար անձը՝ դիմում գրելիս՝ թողնենք առանձին անձանց խղճին»:

Հիշեցնենք, հանձնաժողովին դիմում է ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Կ. Կարապետյանի կողմից:

Հիշեցնենք, նաեւ, որ այս առիթով ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյաննը հետեւյալ գրառումն էր արել. «Մեր իշխանությունը մի կողմ դնելով պետության առջև ծառացած վտանգները, շարունակում է քաղաքական հաշվեհարդարի խայտառակ գործընթացը։
Ասեմ ավելին, այս լարված օրերին, ոչ մի վայրկյան չեն դադարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների և համակիրների հարցաքննությունները, որոնցից ամեն կերպ փորձում են կորզել ցուցմունքներ Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ ի դեմ։ Կրկնեմ, սա այն պայմաններում, երբ երկիրը կանգնած է լրջագույն վտանգների առջև»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031