Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահ Սարգսյանի՝ աշնանն Իտալիա նախատեսվող պետական այցը նոր թափ կհաղորդի հայ-իտալական բազմաբնույթ հարաբերություն­ներին

Հուլիս 23,2020 18:55

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի հետ:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նախագահ Մատարելլային՝ ծննդյան օրվա առթիվ և փոխանցել իր լավագույն մաղթանքները:

Ջերմ զրույցի ընթացքում նախագահներն անդրադարձել են երկկողմ հարաբերություններին՝ արձանագրելով դրանց բարձր մակարդակն ու զարգացման մեծ ներուժը: Նախագահները համակարծիք են եղել, որ նախագահ Սարգսյանի՝ աշնանն Իտալիա նախատեսվող պետական այցը նոր թափ կհաղորդի հայ-իտալական բազմաբնույթ հարաբերություն­ներին, որոնց հաստատումը երկու ժողովուրդների և երկրների սերտ ու վաղեմի առնչություններն են և երկու նախագահների անձնական ջերմ բարեկամությունը:

Նշելով, որ մշակույթը լավագույնս է միացնում Հայաստանն ու Իտալիան՝ երկու երկրների նախագահները կարևորել են առաջիկա սեպտեմբերին Երևանում և Հռոմում՝ Հայաստանի և Իտալիայի նախագահների նստավայրերում նախատեսվող՝ հայ գեղանկարչությանն և Վենետիկին նվիրված ցուցադրությունները:

Նախագահները մտքեր են փոխանակել նաև երկու երկրներում կորոնավիրուսային համավարակի հետ կապված իրավիճակի և դրա հաղթահարման վերաբերյալ: Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել իտալացի իր գործընկերոջը՝ համավարակի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերած օգնության համար՝ նշելով, որ վերջերս հանդիպել է իտալացի բուժաշխատողների թիմին, ովքեր եկել էին աջակցելու իրենց հայ գործընկերներին և փոխանցելու համավարակի դեմ պայքարի իրենց փորձը:

Նախագահ Սարգսյանը ընդգծել է, որ այդ աջակցության գործում մեծ է նաև նախագահ Մատարելլայի անձնական ավանդը, և վստահություն է հայտնել, որ միայն համատեղ ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել համավարակը և վերադառնալ բնականոն կյանքի:

Նախագահ Մատարելլան իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի նախագահի զորակցությունն Իտալիայի համար ծանր օրերին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031