Տիկին Զոհրաբյանը չի մեկնաբանում խոսակցությունները, որ Սերգեյ Բագրատյանի վրա ճնշումներ կան՝ կապված իր մարզպետ աշխատած ժամանակաշրջանում ինչ-ինչ քրեական գործերի հետ
– Տիկին Զոհրաբյան, այսօր ԱԺ նախագահին է դիմել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը եւ տեղեկացրել, որ դուրս է գալիս խմբակցությունից: Այս կապակցությամբ որևէ պարզաբանում կտա՞ք. արդյո՞ք եղել է որևէ խնդրի խմբակցության անդամներից որևէ մեկի և Բագրատյանի միջև, գուցե Գագիկ Ծառուկյանի՞ հետ է խնդիր եղել:
– Ոչ, Սերգեյ Բագրատյանի և խմբակցության պատգամավորների կամ ղեկավարի միջև որևէ խնդիր չի եղել: Սերգեյ Բագրատյանը եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ամենաակտիվ և ամենապատրաստված պատգամավորներից մեկը՝ ինչպես այս, այնպես էլ նախորդ գումարման խորհրդարանում: Պարոն Բագրատյանի հետ կապված որևէ տարաձայնություն չի եղել, ուստի ես կդժվարանամ պատասխանել հարցին, թե ինչո՞ւ է Սերգեյ Բագրատյանը դիմումով իրազեկել խմբակցությունից դուրս գալու մասին: Կարծում եմ, հարցը պետք է ուղղել հենց Սերգեյ Բագրատյանին, քանզի վերջին մեկ ամսում մեզանից՝ խմբակցության անդամներից, որևէ մեկը նրան չի տեսել և նրա հետ որևէ կապ չի ունեցել:
– Քաղաքական կուլիսներում խոսակցություններ կան, մամուլում էլ գրվեց, որ Սերգեյ Բագրատյանը խմբակցությունից դուրս է գալիս, որովհետև իր վրա ճնշումներ կան՝ կապված իր մարզպետ աշխատած ժամանակաշրջանում ինչ-ինչ քրեական գործերի հետ: Դուք այս տեղեկությունը հաստատու՞մ եք, թե՞ հերքում:
Կարդացեք նաև
– Ես նորից եմ նշում, որ չկա որևէ տեղեկատվություն, թե ինչո՞ւ է Սերգեյ Բագրատյանը դուրս գալիս խմբակցությունից: Անձամբ ես, որևէ անգամ նման խնդրի շուրջ պարոն Բագրատյանի հետ զրույց չեմ ունեցել: Ուստի, ձեռնպահ կմնամ մեկնաբանություններից, մինչև պարոն Բագրատյանն ինքը հարցի վերաբերյալ մեկնաբանություն կտա:
– Տիկին Զոհրաբյան, այդուհանդերձ, օրերս մամուլում հրապարակում եղավ, որ որոշակի ճնշումներ կան նաև ԲՀԿ խմբակցության այլ պատգամավորների վրա: Դուք հնարավոր համարու՞մ եք, որ առաջիկայում ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու դիմումներ էլի լինեն:
– Նորից պիտի կրկնեմ այն, ինչ ասացի. իմ գործընկերներից որևէ մեկը այս պահին ոչինչ չի ասել ճնշման մասին, նման զրույց ես չեմ ունեցել նաև Սերգեյ Բագրատյանի հետ: Մնացյալը՝ Սերգեյ Բագրատյանի մեկնաբանելիքն է: Ինչ վերաբերում է նրան, թե ի՞նչն է հնարավոր, ինչը՝ ոչ, ապա ասեմ, որ ես իրավասու եմ մեկնաբանել միայն փաստերը: Այս պահին ունենք փաստ, որ Սերգեյ Բագրատյանը դուրս է եկել խմբակցությունից, քանի որ չունենք տեղեկատվություն, թե ինչո՞ւ, ձեռնպահ կմնամ որևէ մեկնաբանությունից:
Նելլի Գրիգորյան