Aravot.am-ը ԿԳՄՍ նախարարությունից հետաքրքրվեց՝ մի՞թե օրենք չի խախտվել, որ ընդունելությունը սկսվել է մայիսի 25-ին, սակայն ընդունելության նոր կարգը ուժի մեջ է մտել մայիսի 26-ին: ԿԳՄՍ նախարարությունից լրատվության պատասխանատու Օֆելյա Կամավոսյանն ասաց, որ իրավական տեսակետից ոչ մի խախտում չկա եւ ուղարկեց հետեւյալ գրավոր պարզաբանումը. «Պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության կարգը (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրի) և բարձրագույն ուսումնական հաստատությունների (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրի) 2020-2021 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի նիստում:
ՀՀ վարչապետն այն ստորագրել է 2020 թվականի մայիսի 25-ին, նույն օրն էլ հրապարակվել է /որոշում N 826/։ Պաշտոնական տեղեկագրում նույնպես հրապարակված է այդ ամսաթվով։ Բայց ԳԹԿ-ին այն փոխանցվել է անմիջապես ստորագրումից հետո, հետևաբար, առաջինը հայտը լրացնող մոտ երկու տասնյակ դիմորդները նույնպես հնարավորություն են ունեցել ծանոթանալ կարգին։ Բայց այդ, դրան բոլոր լրատվամիջոցներն անդրադարձել են մայիսի 21-ի նիստը լուսաբանելիս, «Արմատական բարեփոխումներ ընդունելության կարգում» վերտառությամբ լուրը նախարարության համապատասխան վարչությունը տարածել է ԶԼՄ -ներին, և մոնիթորինգի տվյալները ցույց են տալիս, ոչ առնվազն 20 լրատվամիջոց օգտագործել է այդ նյութը։ Հավելենք նաև, որ դրան անդրադարձել է անձամբ նախարարը թեմայի վերաբերյալ ունեցած ուղիղ միացման ժամանակ, որն ունեցել է մոտ 57.000 դիտում, բացի այդ մոտ մեկ ամիս ԳԹԿ և բարձրագույն և հետբուհական կրթության վարչության աշխատակիցները հանդես են եկել պարզաբանումներով և հարցազրույցներով»:
Հավելենք, որ խնդրի մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դոցենտ, իրավագիտության թեկնածու Արսեն Թավադյանը՝ անդրադառնալով բուհերից բարձր միավորներով դուրս մնացած դիմորդների խնդրին:
«Կնշեմ երկու փաստ, որոնք զուտ բնութագրում են նախարարության փնթի գործելաոճը ժողովրդական լեզվով` գռդոնը`
Կարդացեք նաև
1. Ընդունելությունը սկսվել է մայիսի 25-ին, սակայն ընդունելության նոր կարգն ուժի մեջ է մտել մայիսի 26-ին: Եվ այսպես, նախարարությունը նախաձեռնում է ընդունելության կարգի լրջագույն փոփոխություն և այդ փոփոխության վերաբերյալ որոշումը կառավարություն է բերում ամենավերջին հնարավոր ժամկետին` կառավարության վերջին նիստին` մայիսի 21-ին:
Ասեմ, որ նորմատիվ իրավական ակտը սովորաբար ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: Հրապարակման գործընթացը տևում է ստորագրումից հետո մոտ 10 օր: Տվյալ դեպքում, որոշումը ստորագրվել է մայիսի 25-ին, մեկ օրվա ընթացքում արագ հրապարակվել է, բայց միևնույն է` նախարարությունը չի հասցրել այնպես անել, որ կարգն ուժի մեջ մտնի մինչև ընդունելության գործընթացի սկիզբը (հղումը):
Հենց որոշման մեջ նշված է, որ ընդունելության հայտերի ընդունումը սկսվում է մայիսի 25-ից, սակայն որոշումն ուժի մեջ է մտել մայիսի 26-ին: Սրանից հետո խոսել նրա մասին, որ դիմորդը պարտավոր էր հասկանալ ընդունելության կարգը, ուղղակի անընդունելի է:
2. Կարգի փոփոխության հիմնավորումն ընդամենը 1.5 էջ է: Ընդունելության կարգի փոփոխության հիմնավորման ծավալն ընդամենը 1.5 էջ է, որտեղ ընդամենը նշված է, որ այժմ համաճարակ է : Թե ինչ կապ ունի Հուբեյ նահանգի Վուհան քաղաքից եկած վարակը Հայաստանում ընդունելության հայտի առաջնության հետ` ինձ համար մութ մնաց: Այսինքն, կրթության ոլորտում այս լրջագույն փոփոխությունը որևէ հիմնավորում փաստացի չունի` չկա ոչ մի հետազոտություն, ոչ մի հաշվարկ, նույնիսկ` որոշակի բառակույտ, որը կարելի է անվանել հիմնավորում:
Այսպիսի մոտեցմամբ նախարարությունը դեռ ցանկանում է հիմնովին փոփոխել գիտության կառավարման մոդելը, ակադեմիան դարձնել ինչ-որ անհասկանալի կառույց, փոփոխել աստիճանաշնորհման ամբողջ տրամաբանությունը, վերափոխել բուհերի կարգավիճակը»,-գրել է իրավաբանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ