Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ-ի ունեցած «Իսկանդե՞րն» է ավելի հզոր, թե՞ Ադրբեջանի ձեռք բերած իսրայելական LORA հրթիռները. Կարեն Վրթանեսյանի պարզաբանումները

Հուլիս 23,2020 18:10

«Եթե Ադրբեջանն ունենար թեկուզ իսրայելական զենքի հաշվին ինչ-որ որոշիչ առավելություն, նա մեկ վայրկյան չէր սպասի ակտիվ գործողությունների դիմելու համար»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:

Նշենք, որ ռուսաստանցի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը, համեմատելով Հայաստանի և Ադրբեջանի ռազմական պատրաստվածությունը, սպառազինության ծավալներն ու որակը, կարծիք էր հայտնել, թեև ՀՀ-ն ունի «Իսկանդեր» համակարգեր, որից Ադրբեջանը չունի, բայց Ադրբեջանն ունի իսրայելական հրթիռներ, որոնք «Իսկանդերներից» վատը չեն. միգուցե ավելի լավն են։ Նա հարցազրույցում հստակեցրել է, որ LORA-ի հրթիռների մասին է խոսում, որոնց հեռահարությունը նույնքան է, որքան «Իսկանդերի» հրթիռներինը, իսկ ճշգրտությունը գուցե ավելի բարձր լինի։ Նրա կարծիքով՝ Ադրբեջանն ունի որակական առավելություն տեխնիկայի մեջ։

Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը մեզ հետ զրույցում շեշտեց՝ ռուսական մամուլում էլ են հոդվածներ եղել այն մասին, որ Պավել Ֆելգենհաուերն ադրբեջանամետ փորձագետ է. նրանից այլ բան սպասել պետք էլ չէր:

«Իսկանդերի» ու LORA-ի համեմատության առիթով նշեց. «Դժվար է ասել իրականում ինչ արագություն ունի LORA-ն, ոնց կարող է շրջանցել կամ դժվարացնել Իսկանդերի գործը: Օրինակ՝ Իսկանդերին շատ դժվար է հակաօդային պաշտպանության համակարգերով բռնել: Եթե կարճ պատասխանենք, ապա մոտավորապես համեմատելի բաներ են Իսկանդերն ու իսրայելական LORA-ն»:

Այնուհետև նշեց. «Մենք պետք է հասկանանք՝ այնպես չէ՝ միանգամից սպառազինություն գնեցիր, ու այն ընդմիշտ լուծեց քո անվտանգության բոլոր խնդիրները: Ցավոք, այս սպառազինվելը մրցավազք է: Եթե դու չես հասցնում սպառազինվել, այդ իրավիճակը, որը քո օգտին էր, կարող է փոխվել ի վնաս քեզ: Այնպես որ, Ադրբեջանը գնումներ անում է, մենք էլ ենք անում, ու դրա վերջը չի երևում»:

Կարեն Վրթանեսյանը հակադարձեց այն պնդմանը, թե Ադրբեջանն ունի որակական առավելություն տեխնիկայի մեջ այն պատճառով, որ Հայաստանը զենք է գնում հիմնականում միայն Ռուսաստանից, իսկ Ադրբեջանը, շնորհիվ իր ֆինանսական ավելի մեծ հնարավորությունների, կարող է զենք ձեռք բերել ոչ միայն Ռուսաստանից, այլև Թուրքիայից, Իսրայելից. «80-ականների զենքի քարոզչական թեզը, որ կա, որ ՀՀ-ում շատ երկար ժամանակ նախկին ընդդիմությունն օգտագործեց Սերժ Սարգսյանի դեմ, ադրբեջանցիները, ադրբեջանամետ ինչ-որ փորձագետներ նույն այդ թեզը հիմա փորձում են հայկական դաշտում ուժեղացնել, ինչ-որ վախեր ստեղծել և այլն: Հիշո՞ւմ եք, թե Սերժ Սարգսյանի ասածը 80-ականների զենքի վերաբերյալ ինչ էր, որ աղմուկ բարձրացրին այդքան: Նրա ասածն այն էր, որ չնայած մենք այդ ամենավերջին, ամենաժամանակակից զենքերով չենք զինվում, այո, մենք իհարկե, դժգոհ եք, որ մեր դաշնակից ՌԴ-ն սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, բայց նաև շեշտենք, որ այսպես ասած 80-ականների զենքով մեր զինվորները կարողանում են հակառակորդին արժանի հակահարված տալ: Դա ասվել է Գերմանիայում, և միտքը դա էր: Այդ թեզն այստեղ ուռճացրին ու սարքեցին թեմա, չնայած աշխարհի ոչ մի երկրում 80-ականների զենքը վատը չի համարվում: Կա հնացած զենք, արդիականացման ենթակա զենք, բայց այնպես չէ, որ եթե 80-ականների կամ ավելի վաղ արտադրվածը նշանակում է, որ վատ զենք է: Նույնիսկ եթե վերցնենք այդ «Օսա ԱԿ»-երի թեման, որոնց ֆոնին Նիկոլ Փաշինյանը նկարվեց հպարտորեն, հետո էլ հայտարարեց, որ 80-ականների զենքի ամոթալի էջը փակվել է, այդ Օսաները 70-ականներին արտադրված զենք են: Մոդեռնիզացվում են այդ զենքերը, նոր ձևեր են իրենց օգտագործման մտածում: Ես այստեղ ոչ մեկին չեմ պաշտպանում, ուղղակի ուզում եմ ցույց տալ, որ դրանք իրականում մանիպուլյատիվ պնդումներ են: Աշխարհում ոչ մի երկիր չունի միայն գերժամանակակից սպառազինություն: ԱՄՆ-ն մինչև հիմա օգտագործում է 50-ականների զենք, ՌԴ-ն օգտագործում է էլ ավելի հին զենք, մենք ունենք նույնիսկ 40-ականների հրետանի, որը շատ լավ աշխատում է»:

Փորձագետի հավաստմամբ՝ պաշտպանությունը, անվտանգությունը համալիր հարց է: Այսինքն՝ հաշվի է առնվում, թե′ տեղանքը, թե′ զինուժի պատրաստությունը, թե′ որ տեղանքում ինչ խնդիրների համար ինչ սպառազինություն է պետք»:

Հարցին՝ չվախենա՞նք, որ Ադրբեջանի ունեցած LORA համակարգերն ավելի հզոր են, քան մեր «Իսկանդերը», Կարեն Վրթանեսյանն այսպես արձագանքեց. «Մտահոգվել միշտ էլ պետք է: Համապատասխան մարդիկ, ում պարտականությունների մեջ է մտնում դա ու ոչ միայն բուն զինուժի մասին է խոսքը, այլև կառավարության, բայց վախենալ պետք չէ ցանկացած դեպքում: Սխալ է պնդումը, թե իրենք որակապես տեխնիկապես ավելի հագեցած են: SU-30-ի պես գործիք իրենք այսօր չունեն, փորձում են լուծել այդ խնդիրը, բայց այս պահի դրությամբ չունեն, ընդ որում, SU ունենալը դեռ չի նշանակում, որ կկարողանան միանգամից կիրառել: Նաև պատրաստության հարց է դա: Մի խոսքով, կրկնում եմ, անվտանգությունը համալիր երևույթ է ու ապահովվում է հարյուրավոր տարբեր գործոններով, որոնք պետք է հաշվի առնել: Եթե մի կողմն ունի 100 մյուսը 200 տանկ, դեռ չի նշանակում, որ երկրորդ կողմն առավելություն ունի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Seyran says:

    Հակառակորդի դեմ ամենահզոր զենքը անակնկալն է՝թե զինատեսակի,թե ստրատեգիայի և թե տակտիկայի տեսակետից:Իսկ մենք մեր խաղաքարտերը ժամանակից շուտ բացում ենք,ապացուցելու համար,որ նախորդից լավն ենք:Մյուս կողմից,ես հակառակորդի բոլոր հարվածները կներկայացնեի դիպուկ,որպեսզի նրան թվա,թե կատարելագործվելու տեղ այլեվս չունի,կամ էլ դրսից մասնագետներ չհրավիրի:Չի բացառվում,որ Իսրաելական ֆիրման մասնագետ ուղարկիԱդրբեջան և աշխարհին ապացուցի իր անօդաչուի անխոցելիությունը….:Դա մեզ պետք է?
    1973 թ.ՍՍՀՄ-ն եգիպտոսին տալիս է միջին բարձրության հակաօդային պաշտպանության ժամանակակից հրթիռներ Իսրայելի զինանոցում օգտագործվող ամերիկյան F16 ինքնաթիռների դեմ կռվելու համար:Եգիպտացիները չկարողանալով պատշաճ օգտագործել այդ համակարգը,բողոքում է,որ ՍՍՀՄ-ն իրենց տվել է թույլ զենք:ՍՍհմ ռազմական ղեկավարները Եգիպտոս են գործուղում մեկ գունդ,որը ապացուցում է իր զենքի տակտիկական բարձր հատկանիշները:Մեզ պետք է դա,որ Իսրայելի ֆիրման գա ու ապացուցի իր զենքի հզորությունը….:Մտածելու թեմա եմ տալիս…..

  2. Seyran says:

    ՀԱ,ասեմ նաև,որ 100 Իսկանդերը կամ100 անօդաչուն 100 օբեկտ կարող են խոցել,ոչ ավելին,եթե միջուկային մարտագլխիկներ չունեն….

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031