Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ոչ մշակութային, ոչ կոռեկտ, հայհոյախառը խոսքը կարծես թե լեգիտիմացվել է». Մայր Աթոռի դիվանապետ եպիսկոպոս Խաչատրյան

Հուլիս 23,2020 17:57

«Ոչ ոք չի կարող հասարակական կյանքի ոլորտները մենաշնորհների վերածել: Եկեղեցին առաջին հերթին ինքը կարող է պատասխանատվություն ստանձնել հասարակական կյանքի ցանկացած ոլորտի բարվոքման համար: Իհարկե, օրենսդրությամբ որոշակի ոլորտներ պատվիրակված են պետությանը, այնպես, ինչպես սոցիալական քաղաքականությունը, կրթությունը, բայց եկեղեցու առանձնահատուկ կարգավիճակը, իր պատմական դերակատարությունը ուղղակիորեն անխուսափելի է դարձնում եկեղեցուն ներգրավել այդպիսի գործընթացների մեջ՝ դա կլինի պետության պատվիրակման միջոցով, կամ հնարավոր պատուհաններ բացելու միջոցով»,- այսօր Մայր Աթոռի դիվանապետ տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը «Արարատ» մամուլի ակումբում խոսելով եկեղեցու պատմություն առարկայի մասին՝ այսպիսի կարծիք հայտնեց:

Նա նշեց, որ եկեղեցի-պետություն այդ գործակցությունից պետությունն ու ժողովուրդը միայն կարող են շահել. «Եկեղեցու ծառայությունն ուղղված է ժողովրդին: Եթե եկեղեցու ծառայության շահառուն ժողովուրդը չէ, ինքնաբերաբար աննպատակ է դառնում: Եկեղեցին չի կարող գոյատեւել, «եկեղեցին՝ եկեղեցականների համար» կարգախոսը անհասկանալի, անտրամաբանական եւ գոյություն չունեցող կարգախոս է, այնպես, ինչպես փորձ է արվում դա ներկայացնել»:

Հարցին՝ մենք տեսնում ենք, որ ներքաղաքական կյանքում տեղի են ունենում տարբեր իրադարձություններ, որտեղ միմյանց հանդեպ թշնամանքի չափաբաժինն ահռելի մեծ է, այս ամեն ինչին ինչպե՞ս կարող է եկեղեցին միջամտել ու համախմբման կոչ անել՝ եպիսկոպոսը պատասխանեց. «Սա տեղեկատվական տեխնոլոգիաների բուռն ծաղկման հետ է առնչված: Սոցիալական հաղորդակցության վիրտուալ տիրույթները շատ մեծ անպատասխանատվության չափաբաժին են ստեղծում եւ որոշակի քայլեր կատարել՝ դրանց համար չկրելով որեւէ պատասխանատվություն, ոմանց համար շատ հաճելի եւ գայթակղիչ է թվում: Նման հնարավորությունը ստեղծել է մի վտանգ, երբ ոչ մշակութային, ոչ կոռեկտ, հայհոյախառը խոսքը կարծես թե լեգիտիմացվել է: Իսկ թե ինչ գործիքներով կարելի է պայքարել այսպիսի ենթամշակույթի դեմ, կարծում եմ, մարդկանց անհատական պատասխանատվության բարձրացման միջոցով: Որեւէ այլ գործիք հնարավոր չէ կիրառել՝ նմանօրինակ դեպքերը չեզոքացնելու կամ կանխարգելելու համար: Քրեական պատասխանատվությամբ կարելի է ինչ-որ արդյունքների հասնել, բայց վախի ազդեցության տակ չեղարկված հանցավոր գործողությունները տակավին երաշխիքներ չեն դրանց տարածման կամ կրկնության համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031